Բաժիններ՝

Բուսասանիտարիայի տեսչության պետը բացառում է հիվանդ կարտոֆիլի ներմուծումը Հայաստան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօրվա ասուլիսին հայտարարել էր, որ Ռուսաստանից ներկրված 500 տոննա պարենային կարտոֆիլը վաճառվել է սերմացուի տակ, բացի այդ՝ հայտնաբերվել է չորս հիվանդություն՝ միջուկային փտում, սևաոտիկ, թաց փտում և ֆիտոֆտորա: 168.am-ը կապ հաստատեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի հետ՝ Ագրարագյուղացիական միավորման նախագահի հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով:

Ա. Նիկոյանը բացառեց հիվանդ կարտոֆիլի ներմուծումը Հայաստան՝ նշելով, որ նախ՝ ներմուծման ժամանակ սահմանային հսկիչ կետերում բուսասանիտարական զննում է իրականացվում՝ հիվանդություններ, վնասատուներ հայտնաբերելու նպատակով, բացի այդ, ներմուծվող մթերքի հետ տրվում է համապատասխան հավաստագիր: «Նախ՝ ասեմ, որ, եթե խոսքն ամբողջ տարվա մասին է, ապա ամբողջ տարվա ընթացքում ներմուծվել է ոչ թե 500 տոննա, այլ 2172 տոննա կարտոֆիլ ՌԴ-ից: Բոլոր դեպքերում Հայաստան ներմուծվող կարտոֆիլն ուղեկցվել է բուսասանիտարական հավաստագրով, որը տրամադրված է եղել Ռուսաստանի լիազոր մարմնի՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից: Բացի փաստաթղթի առկայությունից, նաև յուրաքանչյուր խմբաքանակ զննվել է, և այնտեղ հիվանդություններ, վնասատուներ չեն հայտնաբերվել: Ճիշտն ասած՝ ես չգիտեմ՝ Բերբերյանը նման ինֆորմացիա որտեղից է ստացել, ամեն դեպքում, մեզ մոտով անցել է այդքան կարտոֆիլ ու որևէ հիվանդություն չի եղել. բոլորն էլ օրինական ճանապարհով եկել են Ռուսաստանից, բոլորի հետ եղել է ֆիտոսանիտարական սերտիֆիկատը ՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից տրված, իսկ նա տալիս է այն դեպքում, եթե դա մաքուր է, հիվանդություններ, վնասատուներ չկան,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չի կարծում՝ և՛ ռուսական կողմը չտեսներ այդ հիվանդությունները, և՛ հայկական կողմը,- Դա բացառվում է»:

Անդրադառնալով թուրքական կարտոֆիլի ներմուծման խնդրին, Ա. Նիկոյանը նշեց, որ այն ավելի քիչ է ներմուծվել Հայաստան, նորից ուղեկցվել է բուսասանիտարական հավաստագրով, բացի այդ, նրա վստահեցմամբ՝ բացի զննությունից՝ թուրքական կարտոֆիլից նաև նմուշառում ու պարտադիր լաբորատոր քննություն է իրականացվել բոլոր խմբաքանակների նկատմամբ. «Ճիշտ է, Թուրքիան փաստաթղթով տալիս է, որ զննում իրականացվել է, հիվանդություններ ու վնասատուներ չկան, բայց մենք նորից զննում ու լաբորատոր փորձաքննություն ենք անցկացնում»:

Հարցին՝ մեր կարտոֆիլը չի՞ բավականացնում, որ ստիպված ենք նաև Թուրքիայից այն ներկրել, նա պատասխանեց. «Խոսքը վաղահաս կարտոֆիլի մասին է, որը գրեթե յուրաքանչյուր տարի մեզ չի բավականացնում: Վաղահաս կարտոֆիլի հիմնական բերքն Արարատյան դաշտում է լինում, իսկ դա էլ ամբողջ ազգաբնակչությանը չի հերիքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս