Ինչո՞ւ է թուրքական գյուղմթերք ներկրվում Հայաստան. պարզաբանում է Հրաչ Բերբերյանը

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հրավիրված ասուլիսին պատասխանելով հարցադրմանը, թե Թուրքիայից ի՞նչ գյուղմթերք է ներկրվում Հայաստան և ինչո՞ւ, նշեց, որ պատճառները հիմնականում երկուսն են.

«Նախ՝ ձմեռային բանջարեղենի հետ կապված ունենք խնդիր. Թուրքիայում պոլիէթիլենային ծածկի տակ կարողանում են աճեցնել լոլիկ, որը մեզ մոտ հնարավոր չէ, ու այնտեղ, բնականաբար, ինքնարժեքը ցածր է և մրցունակ մեր շուկայում։ Մեզ մոտ ջերմոցային տարածքները գնալով շատանում են, ու փորձում ենք լուծել այդ խնդիրը։ Երկրորդ խնդիրն անսպասելի էր շատերի համար, բայց ոչ մեզ համար։ Մենք զգուշացրել ենք, որ կարտոֆիլի 20% կորուստ ունենք, ու գարնանը դա կերևա: Արդյունքում՝ այսօր շուկայում կա թուրքական և պարսկական վաղահաս կարտոֆիլ»։

Ըստ նրա՝ խնդիր է նաև այն, որ Ռուսաստանից ներկրված 500 տոննա պարենային կարտոֆիլը վաճառվել է սերմացուի տակ. «Զարմանում եմ, որ տեղական վերահսկիչ կառույցները, որոնք այդ ծառայությունը պետք է մատուցեին, որևէ հարց չբարձրացրին: Մենք այդ կարտոֆիլի վրա հայտնաբերել ենք չորս հիվանդություն՝ միջուկային փտում, սևաոտիկ, թաց փտում և ֆիտոֆտորա: Որպես պարենային կարտոֆիլ՝ կարող էր դա ՀՀ մտնել, բայց փաստացի ներկրվել է և վաճառվել՝ որպես սերմացու: Զարմանում եմ Գյուղնախարարության աշխատակիցների վրա, թե ինչու այդ հարցերով չեն զբաղվում»:

Նա նշեց, որ թուրքական գյուղմթերքի ներկրումը հնարավոր է կասեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները խզելով, ինչն ըստ նրա՝ ճիշտ չէ. «Հայկական շուկան Թուրքիայի համար այն շուկան չէ, որը կհարվածի նրա տնտեսությանը»։

Իսկ սպասվող բերքի մասին խոսելիս՝ նա նշեց, որ այս տարի բերքատվությունը ցածր է լինելու. «Ծիրանը շատ քիչ է, ու անիմաստ թվեր են նկարում: Խաղողի հետ խնդիր ունենք, որ անցած տարի չունեինք. խոնավության հետևանքով սնկային հիվանդություններ կան այսօր, որ անցած տարի չկային»:

Տեսանյութեր

Լրահոս