Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
Մեծարգո պարոն վարչապետ,
Իմ ներկայացրած մի շարք նամակներով ես բազմիցս խնդրել եմ Ձեր անձնական վերահսկողությունը՝ իմ իրավունքների խախտումը վերացնելու և դատարանի վճռով հաստատված ինձ հասանելիք մայր գումարը (հաստատվել է թիվ ԵՇԴ/4259/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով) վճարելու հարցում։
Այնուամենայնիվ, իմ նամակները վերահասցեագրվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, և ես հերթական անգամ անորոշ ժամկետով սպասելու առաջարկություն եմ ստացել։
Եվ սա՝ այն դեպքում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի 28.12.2015թ. թիվ 01/12։12/6279-15 որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) արդյունքում խախտվել են իմ իրավունքները։ ՄԻՊ-ը որոշել է առաջարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու Կ.Հակոբյանի հետ պահանջի իրավունքի զիջման պայմանագրի կնքումը դատական ակտով սահմանված գումարի չափով։
Որպես օրինապահ քաղաքացի՝ ես պետությանը վճարել եմ հարկեր, իմ տղան ծառայել է ՀՀ զինված ուժերում, իմ ընտանիքն ամբողջությամբ տալիս է իր պարտքերը պետությանը։ Ցանկալի կլիներ, որ դա փոխադարձ լինի։
Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ տիրապետելով՝
- 01.08.2015թ. դրությամբ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին աշխատավարձի գծով բոլոր պարտքերի մարման վերաբերյալ Ձեր՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ուղղված հանձնարարականին,
- 2015թ. փետրվարին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե.Զախարյանի արած հայտարարությանն առ այն, որ նաիրիրտցիների նկատմամբ աշխատավարձի գծով պարտավորություններ չկան,
- թիվ ԵՇԴ/4259/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած իմ հիմնական աշխատավարձի չափն արտացոլող դատարանի վճռին,
- իմ քաղաքացիական իրավունքների խախտման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի 28.12.2015թ. թիվ 01/12։12/6279-15 որոշմանը,
ինձ հասանելիք գումարների վճարումը ձգձգելու հետևանքով իմ ընտանիքը հայտնվում է անելանելի վիճակում։ Ուսման վարձը չվճարելու պատճառով իմ 3 երեխաները զրկված են համալսարանում ուսման իրենց սահմանադրական իրավունքից, իսկ ես, որպես երկրորդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով հիվանդ, դատապարտված եմ իմ առողջական վիճակի կտրուկ վատթարացման։
Ելնելով վերոգրյալից, կրկին անգամ դիմում եմ Ձեզ և խնդրում Ձեր աջակցությունը իմ խախտված իրավունքների վերականգնման և տարիների աշխատանքով ձեռք բերված և ՀՀ իրավասու դատարանի վճռով հաստատված իմ աշխատավարձի պարտքը ստանալու հարցում։
Հարգանքով ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ