«Չի բացառվում, որ բանակցություններն ընթանան Հայաստանի վրա ճնշումների գործադրմամբ». Կիրո Մանոյան

«Կարծում եմ՝ վերջին հանդիպման ընթացքում համանախագահները մի կողմից՝ Հայաստանին փորձեցին տալ այն, ինչ որպես նախապայման դրված էր՝ մասնակցելու համար առաջիկա բանակցություններին, մյուս կողմից, ինչի մասին երեկ շատ չխոսվեց, այդ հանդիպման ընթացքում հնչեցվեցին Ադրբեջանին համար ձեռնտու այնպիսի տեսակետներ, որոնք վերջինիս դուր կգային, և նա կհամաձայներ այն նախապայմաններին, որ դրել էր Հայաստանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները, ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Այլ խոսքով՝ եթե այդ հանդիպման ընթացքում համանախագահող կողմերը մի կողմից՝ փորձեցին հասկացնել, որ իրենք կավելացնեն դիտորդական առաքելությունն ու մոնիտորինգի մեխանիզմներ ստեղծելու հարցը, մյուս կողմից՝ հատկապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի՝ փուլային կերպով հարցը լուծելու մասին խոսքից մենք հասկացանք, որ սա Ադրբեջանին դուր գալու փորձ էր: Եթե հանկարծ պատահի այնպես, որ մինչև առաջիկա ամիս երկու նախագահները նորից հանդիպեն՝ ենթադրաբար մոնիտորինգի մեխանիզմ ստեղծվելուց հետո՝ արդեն քննարկելու դրա արդյունքները, չի բացառվում, որ բանակցություններն ընթանան Հայաստանի վրա ճնշումների գործադրմամբ, որպեսզի մենք համաձայնենք սկսել պատրաստել համապարփակ պայմանագիրն առանց սկզբունքների շուրջ կամ բոլոր սկզբունքների շուրջ Ադրբեջանի հետ պայմանավորվածության գալու: Սա, անշուշտ, մտահոգիչ է, եթե բանակցությունները հենց այդ հունով ընթանան, և Հայաստանի վրա ճնշումներ լինեն»,- ասաց բանախոսը:

Կիրո Մանոյանը տեղին համարեց Նախագահ Սարգսյանի հնչեցրած այն տեսակետը, թե հարկավոր կլինի սպասել՝ տեսնելու համար՝ արդյոք Ադրբեջանը կհարգի՞ և կգործադրի՞ այն պայմանավորվածությունները, որ ձեռք բերվեցին վերջին բանակցությունների ընթացքում, այնուամենայնիվ, ըստ բանախոսի՝ ցանկացած պարագայում բանակցությունների հետագա ընթացքը հայաստանյան կողմի համար ծանր է լինելու ու բավական դժվար:

Արդարացվա՞ծ է արդյոք թշնամու հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու որոշումը, առավել ևս՝ ապրիլյան ագրեսիվ դրսևորումներից հետո, թե՞ առավել ճիշտ կլիներ Արցախի անկախության ճանաչումն ու նախապատրաստումը պաշտպանության. այս հարցին Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ընդհանրապես բանակցություններ վարվում են հենց թշնամու հետ, բարեկամները չեն բանակցում: Կարծում եմ՝ իսկապես անհասկանալի կլիներ Հայաստանի կեցվածքը՝ նախ՝ ճանաչել Արցախի անկախությունը, հետո բանակցության գնալ, մանավանդ որ, Ադրբեջանի հետ բանակցելու շատ բան էլ չկա իրականում: Եվ սա՝ այն պարագայում, երբ Հայաստանն ինքը չճանաչեց այն հենց այս բանակցություններից առաջ, և ոչ միայն՝ չճանաչեց, այլ նաև՝ օրակարգ չմտցրեց: Սա ինքնին խնդիր է: Արդյունքում՝ տարբեր երկրներ կարող են ասել՝ եթե Հայաստանում Արցախի ճանաչման հարցը նույնիսկ օրակարգ չմտավ, այլևս ինչի՞ մասին ենք խոսում: Կարծում եմ, հանդիպման գնալն այնուամենայնիվ ճիշտ որոշում էր, մանավանդ հաշվի առնելով համանախագահող երկրների այն ակտիվությունը, որ ցուցաբերվեց: Միշտ չէ, որ բոլոր համանախագահող երկրների երեք արտգործանախարարներն անձամբ մասնակցում են բանակցությանը: Բացի դա, այդ հանդիպման ընթացքում հայկական կողմի բարձրացրած հարցերը, ինչպես հասկացանք նախագահի հարցազրույցից, եղել են ճիշտ շեշտադրումներով, թեև, նորից եմ կրկնում, մտահոգիչ է մնում բանակցությունների շարունակական ընթացքը: Արդյոք Ադրբեջանը կհարգի՞ այն, սա, թերևս, ոչ ոք չի կարող կանխատեսել, բայց եթե նույնսիկ մի պահ ենթադրենք, որ հարգեց, ու մենք անցանք բանակցությունների հանգրվանին, այստեղ ևս կան մտահոգիչ հավանականություններ»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրապարակային հարց ու պատասխանին, որը տեղի ունեցավ լրագրողների հետ բանակցություններից անմիջապես հետո, Կիրո Մանոյանը համարում է ճիշտ որոշում. «Կարծում եմ, նախագահ Սարգսյանը ճիշտ արեց, որ, թեև ոչ ականջահաճո, բայց շուտափույթ կերպով առնվազն իր տեսանկյունից լուսաբանեց բանակցությունների մանրամասնությունները, որովհետև այդ կերպ գոնե առնվազն մեր հասարակության և մեզ համար որոշ խնդիրներ պարզ դարձան: Հատկապես, երբ համանախագահողների հայտարարությունն էլ համահունչ էր նախագահի հնչեցրած տեսակետներին, սա ցույց տվեց, թե բանակցություններն իրականում ինչ կերպով են ընթացել: Իսկ ահա ադրբեջանական կողմի լռությունը խոսում է այն մասին, որ իրենք այնքան էլ խանդավառված չեն վերջին բանակցության արդյունքով»:

Տեսանյութեր

Լրահոս