ԱՄՆ նախկին նախարարները կոչ են արել Բրիտանիային չլքել ԵՄ-ն
Բրիտանիան կկորցնի իր միջազգային ազդեցությունը, եթե լքի Եվրամիությունը, Times-ին ուղղված նամակում գրել են ԱՄՆ 13 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:
ԱՄՆ պետքարտուղարները, պաշտպանության նախարարներն ու ազգային անվտանգության խորհրդականներն ընդգծում են, որ Բրիտանիան չպետք է հույս ունենա, որ Միացյալ Նահանգների հետ առանձնահատուկ հարաբերությունները կփոխհատուցվեն Եվրամիության կորուստով, հայտնում է BBC-ն:
Նամակի հեղինակների թվում են ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը և Ջորջ Շուլցը, ինչպես նաև ԿՀՎ նախկին ղեկավար և պաշտպանության նախկին նախարար Լեոն Պենետտան:
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ին հարկավոր է ուժեղ Եվրոպա, իսկ Մեծ Բրիտանիայի դուրս գալը միությունից կթուլացնի ինչպես Բրիտանիան, այնպես էլ ԵՄ-ն:
Ապրիլին Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես կոչ էր արել Բրիտանիային մնալ ԵՄ կազմում: