«Մոսկվան Երևանի որոշումը տհաճությամբ է ընդունել, բայց հասկացել է». Դուբնով
Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներն ակնհայտորեն կոշտացրել են իրենց դիրքորոշումը՝ ի պատասխան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների և միջազգային հանրության անհասցե հայտարարությունների: Այս նոր իրավիճակում գործընթացի հեռանկարների մասին 168.am-ը զրուցեց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ:
– Պարոն Դուբնով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել ամերիկյան «Bloomberg» մեդիաընկերությանը՝ հայտարարելով, որ Ղարաբաղում պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել, և Հայաստանի համար խելամիտ չէ բանակցությունների վերսկսումը՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակը բոլորովին այլ է»: «Washington Post»-ին հարցազրույց էր տվել ԼՂՀ ՊՆ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ ասելով՝ եթե լինի պատերազմ, ապա հայկական կողմը ոչ միայն՝ ետ կմղի հակառակորդին, այլև՝ առաջ կշարժվի: Հայկական կողմն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը: Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի ռազմավարության նոր շեշտադրումները:
– Այո, հայկական կողմը փոքր-ինչ փոխում է իր մարտավարությունը: Հայկական կողմերի դիրքորոշումը նախկինում բացառապես պաշտպանական էր, քանի որ Հայաստանի համար գլխավոր նպատակը ստատուս-քվոյի պահպանումն էր, բայց դա մինչ ապրիլմեկյան իրավիճակն էր: Ես կարծում եմ, որ այդ նպատակը մնում է, բայց փոխվում է այդ նպատակին հասնելու որոշումների մարտավարությունը. եթե նախկինում այդ մարտավարությունը միայն պաշտպանական էր, ավելին` շատ ավելի ակտիվ դիրքորոշմամբ Ադրբեջանն էր հանդես գալիս, որի նպատակը ստատուս-քվոն փոխելն էր, ապա ներկայումս Հայաստանը փոխում է մոտեցումը, քանի որ այդ պաշտպանական մարտավարությունը դատապարտում էր նրան արտաքին ճնշման, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից, որը ստեղծում էր անհանգստացնող ֆոն Ղարաբաղում և ստիպում բոլոր կողմերին՝ ճնշումներ բանեցնել Երևանի նկատմամբ: Իսկ ինձ թվում է, որ առաջին հերթին՝ Հայաստանը փորձում է դուրս գալ այդ ճնշումների տակից: Երկրորդ` Հայաստանում կտրուկ կերպով փոխվել է ներքաղաքական ֆոնը, և ներքաղաքական ճնշումները ևս նախագահին ստիպում են ավելի ակտիվ դիրքորոշում գրավել:
Ես ռազմական փորձագետ չեմ, չեմ հասկանում, թե որ կողմը որ կողմին ուր ետ կշպրտի, դա երկու կողմերն էլ խոստանում են: Կասկածում եմ, որ կողմերից որևէ մեկը կարող է արագ ինչ-որ լուծման հասնել, դա անհնար է: Ուստի սրանք քարոզչական հայտարարություններ են երկու կողմերից էլ:
Ինձ թվում է, որ հակամարտության գոտում շատ լարված ու մտահոգիչ իրավիճակ է լինելու: Այսինքն` բախումների շեմին են լինելու կողմերը: Ես, ցավոք սրտի, վստահ չեմ, որ այդ սահմանը չի հատվելու, քանի որ լարվածությունները շատ հնարավոր են թվում: Չեմ կարծում, որ գործը հասնի լայնամասշտաբ պատերազմի, քանի որ այն չի մտնում որևէ կողմի պլանների մեջ, պատերազմը կլինի ողբերգական՝ կողմերի, ինչպես նաև՝ բոլոր շահագրգիռ կողմերի ու միջնորդների համար: Ցավոք սրտի, վերահսկողությունից դուրս է գալիս իրավիճակը, չի ենթարկվում ֆորմալ քաղաքական տրամաբանության, և դա հասկանում են և՛ երկու կողմերը, և՛ բոլոր միջնորդները, ուստի կանխատեսել տրամաբանությունից ելնելով՝ հնարավոր է, բայց կա նաև իրականություն, և դա հետևյալն է` կողմերը չեն բացառում լոկալ լայնամասշտաբ գործողություններ, այդ մտայնությունից ելնելով էլ դրան պատրաստվում են: Հույս ունենանք, որ այս ամենը չի վերաճի պատերազմի, հույս ունեմ, որ որևէ մեկը Մոսկվայից կամ Վաշինգտոնից, Փարիզից կհասցնի նրանց համաձայնության բերել:
– «Կոմերսանտը» գրել էր, որ հայկական կողմի պատճառով ԼՂ հակամարտության կարգավորման Մոսկվայի նախաձեռնած բանակցությունները հետաձգվում են, որոնց մասին հայտարարել էին Մոսկվան և Բաքուն, թեև սա արդեն պարզ էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ընթացքում, երբ նա հանդիպում ունեցավ ՀՀ նախագահի հետ: Ըստ Ձեզ` Կրեմլն ինչպե՞ս է ընդունում հայկական կողմի այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն, որ հայկական կողմը, ըստ էության, մերժեց ռուսական օրակարգը՝ թելադրելով սեփականը: Եղան որոշ փորձագետներ, որոնք վերջին օրերին լարվածության նոր բռնկումը պայմանավորեցին այս հանգամանքով: Եվ այս իրավիճակում ի՞նչ կարելի է սպասել ռուսական կողմից:
– Դժվար է ասել, թե ինչպես է ընկալում Կրեմլն այս ամենը: Եթե ի սկզբանե Մոսկվան լրջորեն Երևանին և Բաքվին պատրաստվում էր առաջարկել կարգավորման Կազանյան տարբերակը, ապա այդ պատրանքները, իմ տպավորությամբ, շատ շուտ չեզոքացվեցին: Արդեն կարևոր չէ, թե որ կողմի հետ քննարկումների արդյունքում դրանք չեզոքացան` ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական: Կարծում եմ, որ այս իմաստով երկու կողմերն էլ համերաշխ ու միակամ են, քանի որ Կազանի փաստաթուղթը հնարավոր չէ քննարկել ո՛չ Երևանում, ո՛չ Բաքվում: Իմ կարծիքով` Մոսկվան դա հասկացել է:
Մյուս կարևոր հանգամանքը, որի մասին կցանկանայի խոսել, այն է, որ հայկական կողմը գտել է որոշ բառեր, որոնցով համոզել է Մոսկվային, որ ամենաքիչը պետք է սպասել լուրջ քննարկումներ ծավալելու համար, և ներկայումս խոսք կարող է գնալ միայն բախումների դադարեցման կամ դրանց ծավալների նվազեցման մասին: Այսինքն` այս պայմաններում բանակցությունների մասին այս երկու երկրներում խոսք անգամ գնալ չի կարող:
Կարծում եմ, որ Մոսկվան դա տհաճութամբ է ընկալել, բայց հասկացել է:
– Այս օրերին ամենաշատ քննարկվող հարցերից մեկը հետևյալն է` կա՞ արդյոք համագործակցություն Փարիզի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Ապրիլի 25-ին ՀՀ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նույն օրը նա ընդունել էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին, իսկ հաջորդ օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, բոլոր երեքն էլ կարծես նույնն բանն են հորդորել կողմերին: Սա համընկնո՞ւմ է, թե՞ համագործակցություն:
– Կարծում եմ` համագործակցություն կա, ավելին, ըստ իս՝ ղարաբաղյան հակամարտությունը կարող է դառնալ այն վերջին թեման, որտեղ Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը կարող են երկխոսել կառուցողական և համակարգված:
Ի սկզբանե ես չէի հավատում այն սցենարներին, թե այս ամենը «սարքել է Ռուսաստանը, որպես տեղակայի իր խաղաղապահներին Ղարաբաղում», քանի որ կան ֆորմալ սահմանափակումներ դա անելու համար, քանի որ, եթե չեմ սխալվում, կան Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումներ, որոնց համաձայն՝ ոչ մի միջնորդ չի կարող 30%-ից ավելի խաղաղապահ ուժ ունենալ հակամարտության գոտում: Կա նաև Ադրբեջանի դիրքորոշումը, և ես չեմ կարծում, որ չնայած այն միֆերին, թե Ադրբեջանը ցանկանում է միանալ ԵՏՄ-ին, կհրաժարվի իր դիրքորոշումից այս մասով:
Ուստի, իմ գնահատմամբ՝ այդ սցենարները մտացածին ու զգացմունքային էին, թեև ես կասեմ նաև, որ Մոսկվան հող նախապատրաստել էր այդ հարցի համար` փնտրել հնարավորություն, ես վստահ եմ, որ փորձել է խաղաղապահներ տեղակայել, ինչը Սերժ Սարգսյանը, ըստ էության, հաստատեց: Բայց ես կարծում եմ, որ դա այսօր ակտուալ չէ:
Ես մեկ այլ վտանգ եմ տեսնում` Մինսկի խումբը համանախագահների մակարդակով հիասթափեցրել է բոլոր կողմերին, և այդ հիասթափությունը գուցե պաշտոնական տեսք ստանա: Վախենում եմ, որ այս հարցով պետք է սկսեն զբաղվել ավելի լայն լիազորություններ ունեցող և հեղինակավոր պաշտոնյաներ այս երկրներից, գուցե՝ առանձին-առանձին, ինչը ես ավելի հավանական եմ համարում: