«Անգամ տանկով կամ հրետանիով խփելու դեպքում այդ անվադողն ավելի լավ է պաշտպանում, քան քարե պատը». Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինված ուժերի կողմից զենքի ձեռքբերումը երբեք հատուկ փուլային բնույթ չունի: Այս մասին այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դրանք միշտ եղել են մշտականոն գրաֆիկով, և, ըստ էության, 2004-2005թթ. հետո աննախադեպ մասշտաբի են եղել: Նա նշեց, որ զենքերի, այդ թվում՝ նորագույն զենքերի ձեռքբերումը շարունակվելու է:
Անդրադառնալով ԱԺ-ում այսօր պատգամավոր Հրանտ Բագրատյանի հնչեցրած քննադատություններին, որ մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան ժամը 20:00-ից հետո չի տեսնում` չունի գիշերային սարք, հասարակ կապի միջոցը չկա, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Բագրատյանի մեղադրանքները չի լսել, բայց եթե նա այդքանն է ասել, ապա ինքը կարող է ասել, որ նրա տեղեկությունները հնացած են, դրանք պետք է թարմացնել, որովհետև շատ բաներ չեն համապատասխանում իրականությանը՝ զուտ պատերազմների դինամիկայի փոփոխության և տեխնիկական զարգացման պատճառով.
«Թե՛ մեր բանակում, թե՛ ամբողջ աշխարհում գիշերային տեսադիտման սարքերը ևս իրենց սերունդներն ունեն: Այն խնդիրները, որոնք 5, նույնիսկ 3 տարի առաջ լուծում էին երկրորդ սերնդի գիշերային տեսադիտման սարքերը, այսօր անգամ երրորդ սերնդի ջերմասարքը չի կարողանա լուծել: Նորից եմ կրկնում՝ հակառակորդը ևս զարգանում է, մի մոռացեք: Այսօր գիտությունը ստեղծում է այնպիսի հագուստներ, որոնք ի վիճակի են և կարող են խաբել անգամ ջերմասարքերին: Հետևաբար մեզ մեղադրել, որ մեր զինվորը գիշերը չի տեսնում, չեմ կարծում՝ տեղին է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ վերջին տարիներին մեծ քանակությամբ համապատասխան տեխնիկական միջոցներ են մատակարարվել բանակին, սակայն դրանք մշտապես կատարելագործման կարիք ունեն:
Անդրադառնալով անվադողերի և տեղական կտորների օգտագործմանը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց.
«Որքան էլ մենք լավ ցանկություն ունենք, որ մեր դիրքերը կաֆելապատ, մաքուր, «եվրո» վիճակում լինեն` գազ քաշած, հանգիստ, լինի ռադիոլակացիոն համակարգ, օպերատորը նստի կամերայի դիմաց ու հակառակորդին, դեռ իր բնից դուրս չեկած, ֆիքսի ու հեռակառավարման վահանակով կառավարվող գնդացրով էլ խոցի, նման բան հնարավոր չէ: Բացի նրանից, որ դուք կուզենաք ինչ-որ մարդկանց Lexus-ները ծախել, դա անել, մեկ է՝ դա հնարավոր չէ»:
Նա նշեց, որ հակառակորդն ունի պրոֆեսիոնալ դիվերսանտներ, հակառակորդը ամեն օր մեզ վրա կրակում է «D-20»-ից ու «D-30»-ից, հետևաբար գերհամակարգերով վերահսկողությունը չի աշխատելու. դրանք «խփելու են, ջարդեն». փորձը կա: Նրա խոսքով՝ կան հանգամանքներ, որոնք կապ չունեն ֆինանսական միջոցների հետ, բայց դրանք պետք է դիտարկել արժեքի և արդյունավետության տեսանկյունից:
«Որքան էլ անվադողերը հին, գորշ տպավորություն են թողնում, ամբողջ աշխարհում խրամատային պաշտպանության ժամանակ հաստ անվադողը, որի մեջ լցված է լինում նորմալ ցեխի մասսա և դրվում է 2-3 շերտով, շատ հուսալի պաշտպանություն են
ապահովում, որքան էլ որ դա ծիծաղելի է: Անգամ տանկով կամ հրետանիով խփելու դեպքում այդ անվադողն ավելի լավ է պաշտպանում, քան քարե պատը, քանի որ քարը տալիս է փոքր բեկորներ, որոնք ավելի վտանգավոր են դառնում այդ ժամանակ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: