Բանկային ակտիվություն՝ տնտեսական պասիվության ֆոնին

ՀՀ առևտրային բանկերն արդեն հրապարակել են 2016 թվականի առաջին եռամսյակի իրենց միջանկյալ հաշվետվությունները, որտեղից երևում է, որ աճ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Բանկային համակարգով հետաքրքրվողների համար այսօր ամենակարևոր հարցն այն է, թե որ բանկերն են համապատասխանում ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջին։

Խոսքը ընդհանուր (նորմատիվային) կապիտալի ընդհանուր մեծության մասին է։ Հիշեցնենք, որ ԿԲ-ն նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձրել է 30 մլրդ դրամ, և գործող բանկերը պետք է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը կա՛մ իրենց նորմատիվային կապիտալը համապատասխանեցնեն նոր պահանջին, կա՛մ միաձուլվեն (վաճառվեն) այլ բանկերի հետ, կամ էլ վերածվեն վարկային կազմակերպությունների։

ԿԲ պահանջի ընդունման պահին 30 մլրդ-ի շեմին համապատասխանում էին գործող 21 բանկերից 5-ը՝ Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Արդշինբանկը և HSBC Հայաստան բանկը։ 2015 թվականն ամփոփելուց հետո այս հնգյակին միացավ նաև Ինեկոբանկը (որն անցած տարի ձեռք բերեց ՊրոԿրեդիտ բանկը)։ Իսկ 2016 թվականին ԿԲ շեմը հաղթահարած բանկերի թիվն ավելացել է ևս մեկով. Արմսվիսբանկն իր նորմատիվային կապիտալը հասցրել է 30.3 մլրդ դրամի։ ԿԲ նոր շեմին մոտ է նաև Հայբիզնեսբանկը՝ 25.7 մլրդ դրամ նորմատիվային կապիտալով։

normativ-capital102

Ինչ վերաբերում է սեփական կապիտալին, պատկերը գրեթե նույնն է։ Առաջին տեղում Ամերիաբանկն է (60.6 մլրդ դրամ սեփական կապիտալով), որին հաջորդում են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը (57.5 մլրդ) և HSBC Հայաստանը (54 մլրդ)։
Ամփոփ նշենք, որ նշված 20 բանկերի ընդհանուր կապիտալիզացիան 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճել է 16.4 մլրդ դրամով (3%-ով) և կազմել 562.6 մլրդ դրամ։ Ամենամեծ կանոնադրական կապիտալն այս պահի դրությամբ ունի ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 37.8 մլրդ դրամ։

Տարվա ընթացքում աճել են նաև ՀՀ առևտրային բանկերի ակտիվները։ Դիտարկված 20 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր մեծությունը 2016թ. առաջին եռամսյակի վերջում կազմել է 3 տրլն 498.5 մլրդ դրամ, որը եռամսյակի սկզբի համեմատ՝ 12.2 մլրդ-ով կամ 0.4 տոկոսով շատ է։

Ակտիվների ծավալով առաջատարն Ամերիաբանկն է (507.7 մլրդ դրամ), որին հաջորդում են Արդշինբանկը (461.1 մլրդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան բանկը (314.8 մլրդ)։ Տոկոսային առումով՝ եռամսյակի ընթացքում ակտիվների ամենամեծ աճն ունեցել է Արդշինբանկը (15.1%), իսկ ամենամեծ նվազումը՝ ԲՏԱ բանկը (19.8%)։

02-Varkeri-kshir

Տարվա առաջին եռամսյակը բանկերի համար վատ չի եղել նաև շահույթի առումով։ 2016 թվականի առաջին եռամսյակում նշված 20 բանկերից 16-ն աշխատել են շահույթով։ Բացարձակ առումով՝ ամենամեծ շահույթը գրանցել են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Արդշինբանկը, Ինեկոբանկը և Ամերիաբանկը (յուրաքանչյուրը՝ ավելի քան 1.1 մլրդ դրամ)։ Ամենից մեծ վնասը գրանցել է Առէկսիմբանկը՝ 2.9 մլրդ դրամ։
Ընդհանուր առմամբ, 20 բանկերի շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3.1 մլրդ դրամ, ինչը 1.9 մլրդ դրամով կամ 60%-ով գերազանցում է 2015 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը։

Իսկ ինչ վիճակ է վարկավորման և ավանդների առումով։ Միանգամից նշենք, որ եռամսյակի ընթացքում աճել են առևտրային բանկերի թե՛ վարկային, թե՛ ավանդային պորտֆելները։ Ընդ որում, ավանդներն աճել են ավելի շատ, քան վարկերը։
Նշված 20 բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի մեծությունը 2016թ. առաջին եռամսյակի վերջին կազմել է 2 տրլն 144.2 մլրդ դրամ, որը 30 մլրդ դրամով կամ 1.4%-ով գերազանցում է տարվա սկզբի ցուցանիշը։

Իսկ ավանդային պորտֆելի (բանկերի՝ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների) ընդհանուր մեծությունը եռամսյակի ընթացքում աճել է 48.8 մլրդ դրամով կամ 2.6%-ով և հասել 1 տրլն 930.1 մլրդ դրամի։

03-shahuyt

Դիտարկված 20 առևտրային բանկերի մեջ խոշորագույն վարկային պորտֆելն ունի Ամերիաբանկը՝ 311.9 մլրդ դրամ։ Նրան հաջորդում են Արդշինբանկը և Հայբիզնեսբանկը։ Տարվա սկզբի համեմատ (տոկոսային առումով)՝ վարկային պորտֆելի ամենամեծ աճը գրանցել են Մելլաթ բանկը (10.2%) և Արդշինբանկը (10.1%)։ Վարկային պորտֆելն ամենից շատ նվազել է ԲՏԱ-Հայաստան բանկում՝ 17.4%-ով։ Ավանդների հարցում առաջատարները նույնն են։ Առաջին տեղում Ամերիաբանկն է՝ 288.8 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 15%-ը։ Արդշինբանկի ցուցանիշը առաջին եռամսյակի վերջում 259.8 մլրդ դրամ է, Հայբիզնեսբանկինը՝ 195.4 մլրդ։ Տարվա սկզբի համեմատ (տոկոսային առումով)՝ ավանդային պորտֆելի ամենամեծ աճը գրանցել է Արդշինբանկը՝ 27.3%։ Իսկ ամենամեծ նվազումն Արմսվիսբանկում է՝ 20.2%։

Նշենք, որ բանկերի տվյալներում ներառված չեն միայն ՊրոԿրեդիտ բանկի ցուցանիշները, քանի որ դրանք արտացոլված են Ինեկոբանկի հաշվետվության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս