«Իշխանություններ, ԱԳՆ, ձեզ եմ դիմում՝ լսե՛ք, դուք ուզում եք՝ Հայաստանն արյունաքա՞մ լինի». Անահիտ Բախշյան
«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերը՝ Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, պատգամավոր Ռուզան Մուրադյանը և նկարիչ Հաղթանակ Շահումյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ղարաբաղաադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի և դրանից բխող հետևանքների մասին: Պատասխանելով 168.am-ի այն հարցին՝ ինչպե՞ս են նրանք գնահատում ռուսական մամուլում՝ «Իզվեստիա» և «Կոմերսանտ» թերթերում, հրապարակումները, ըստ որի՝ ադրբեջանական կողմին կարող են հանձնվել որոշակի տարածքներ, խաղաղապահ ուժերի տեղակայումը ղարաբաղաադրբեջանական սահմանին, պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել՝ զերծ մնալով պատասխանից:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանը նկատեց. «Ես քաղաքական գործիչ չեմ, բայց մի բան լավ եմ հասկանում՝ չարանալ հարևանի հետ, դրանում ոչ մի լավ բան չեմ տեսնում, եթե անգամ խոսքը թուրքի մասին է: Ուրիշ բան է, որ գլոբալ մեծ պայքարներում դու կարողանաս քո շահը պահպանելով գոյատևել: Մենք անընդհատ հետ ենք նայում մեր պատմական ահռելի անցյալին, հիշում ու հպարտանում ենք, բայց ինքներս դրա կրողը չենք: Ի՞նչ է նշանակում՝ բոլորի հետ թշնամանալ, ուրիշ հարց է, որ մենք մեզ սխալ ենք պահում՝ անարժանապատիվ: Սա բոլորովին այլ քննարկման թեմա է, իսկ ես հիմա սա չեմ քննարկում, թեև սա ևս բացահայտ առկա իրականություն է մեզանում»:
Անահիտ Բախշյանին այդ հրապարակումները բարկացնում են. «Երեկվանից սոցիալական ցանցերը պայթեցին: Զարմանալին այն է, որ Հայաստանում դրա հետ համաձայնողներ կային՝ խաղաղ լուծում, տարածքների հանձնում, Ղարաբաղում ռուսական խաղաղարար ուժերի տեղակայում… Իշխանություններ, Արտաքին գործերի նախարարություն, ձեզ եմ դիմում՝ լսե՛ք, դուք ուզում եք՝ Հայաստանն արյունաքա՞մ լինի, ուզում եք՝ էս մի կրնկի տե՞ղն էլ չունենանք: Ես վստահ եմ՝ մեր զինվորականները երբեք չեն համաձայնի տարածքների հանձնման այդ խայտառակ առաջարկին, ու նրանք գիտեն, թե ինչ կանեն, որ դրանց ռուսական ուղեղներում ծագած «փայլուն» մտքերն իրենց բնի մեջ սատկացնեն: Ես ուզում եմ թարմացնել մարդկանց հիշողությունը՝ այդ Ռուսաստանը չէ՞ր, որ ժամանակին մի թղթի կտորով Ղարաբաղն ու Նախիջևանն առանց զոհերի հանձնեց Ադրբեջանին, իսկ հիմա՝ այսքան զոհերից հետո, երբ մրմռացող ժողովուրդն ուզում է իր հայրենիքը վերականգնել, հանկարծ պարզվում է, որ մենք ռուսի դեմ չպիտի՞ խոսենք, նրան բան ասելու իրավունք չունե՞նք: Բայց ո՞նց լռես, այ մարդ, ո՞նց չասես՝ տալուց տվեցիր ու ոչ մեկին չհարցրեցիր, իսկ այսօր, երբ մենք այսքան զոհերի գնով ուզում ենք մեր պատմական տարածքները հետ վերցնել, եկել խաղաղարար ուժեր է առաջարկում տեղակայել: Ո´չ, իհա՛րկե ոչ»,- եզրափակեց իր խոսքը Անահիտ Բախշյանը: