Բաժիններ՝

«Ի՞նչ է նշանակում՝ սահմանում պատերազմ է, և Երևան-Գորիս, Երևան-Ստեփանակերտ հատվածում աշխատում են արագությունը չափող սարքեր»

«Փաստորեն, մենք գտնվում ենք պատերազմական, չհայտարարված պատերազմական վիճակում: Եվ այսօրվա վիճակով մենք, մեղմ ասած, անբարոյականություն ենք համարում մեր իսկ երկրում, մեր իսկ հողի վրա սահմանում կանգնած զինվորի, ազատամարտիկի, երկրապահի ընտանիքի անդամի՝ եղբոր, հարազատի նկատմամբ ուղղակի պատժիչ գործողություններ անել սեփական քաղաքում և երկրում, ինչ մեր սահմանին անում է ազերին մեր նկատմամբ: Չակերտները բացեմ:

Խոսքս վերաբերում է տեսախցիկներին, արագաչափերին և կարմիր գծերին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանը: Նախաձեռնությունը, նրա խոսքով, առաջարկում է վերանայել վերջերս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ տուգանքների չափը, իսկ եթե կլինեն տուգանքներ, դրանց գումարներն ուղղել Պաշտպանության նախարարությանը. «Մեզ զենք է պետք,- ասաց նա՝ նշելով,- Երկրորդ պահանջը՝ անմիջապես դադարեցնել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի գոյությունն այս երկրում: Ի՞նչ է նշանակում՝ սահմանում պատերազմ է, և Երևան-Գորիս, Երևան-Ստեփանակերտ հատվածում աշխատում են արագությունը չափող սարքեր»:

Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն ասաց, որ «Security dream» ընկերության տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2014թ. դրությամբ ընկերությունը ստացել է 4.4 մլրդ դրամ շահույթ: «Եթե մենք վերցնենք միայն կարմիր գծերի և «Security dream»-ի մեկ տարվա համախառն եկամուտը, դա կազմելու է այնքան, որքան մեր իշխանությունները փորձում են Ռուսաստանից գումար մուրալ, որպեսզի մեզ զենք տան»,- ասաց նա՝ նշելով, որ այս գումարով կարող ենք սպառազինվել և ունենալ կայուն, հզոր բանակ:

Նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանն էլ ասաց, որ երբեք չեն համախմբվում իշխանության հետ, սակայն այս շրջանում, երբ պլանավորել էին ակտիվ ակցիաներ անել, զերծ կմնան դրանից. «Վարչական մարմիններն առանց այն էլ շատ վատ են աշխատում: Եթե մենք մեր համառությամբ սրենք վիճակը՝ փողոց փակենք, էլ ավելի վատ կաշխատեն, և դա, անշուշտ, կանդրադառնա սահմանում կանգնած զինվորների վրա: Դրա համար «Դուրս մեր գրպանիցի» ամբողջ խորհուրդը տակտիկական որոշում է ընդունել՝ ավելի շատ փորձել նեղել իրավական դաշտում, և այդպես մեր հարցերն առաջ տանել»:

Արմեն Եփրեմյանն ասաց, որ դիմելու են ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ պահանջելով վերանայել «Security dream» ընկերության հետ մինչև 2037թ. կնքված պայմանագիրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս