«Թուրքիային պետք է հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից». Սերժ Սարգսյան
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից: Այս մասին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր` Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեև միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությա նը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ և հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձևավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արևելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից»,- ասել է ՀՀ Նախագահը: