«Ալիևի սանձազերծած բլից-կրիգը դատապարտված է պարտության». Մոդեստ Կոլերով

«Ալիևը չի կորցնում բլից-կրիգի հույսը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ մարտական գործողություններին:

Հիշեցնենք, որ Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով, երկու կողմերում կան զոհեր, վիրավորներ, հայկական կողմը երկու ռազմական ուղղաթիռ և մեկ անօդաչու սարք է խոցել:

Մոդեստ Կոլերովն ասաց, որ ոչ մեկ անգամ է ասել, որ Իլհամ Ալիևի մոտ պահպանվում է բլից-կրիգ իրականացնելու հույսը: Ըստ Կոլերովի` Ալիևին անհրաժեշտ է իր սեփական պատերազմը, որպեսզի ինքնահաստատվի սեփական երկրում: «Պատերազմը նրա կողմից հաղթանակի համար չի մղվում, այլ նրա համար, որպեսզի ազդի ԼՂ բնակչության վրա, որպեսզի կրկին իրեն դնի մի իրավիճակի մեջ, երբ աշխարհի գերտերություններն իրեն համոզում են: Սա այնպիսի երեխայի կոմպլեքս է, ում քիչ են սիրել ու սիրում: Պատերազմ է, որը նա փորձում է սկսել, դատապարտված է պարտության: Նրա հաղթանակի համար հնարավորություն ընդհանրապես չկա: Նա այդ պատերազմը սանձազերծում է բացառապես եսասիրական մղումներից ելնելով»,- նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետը:

Հարցին, թե տեղի ունեցողն արժե՞ որակել՝ որպես բլից-կրիգի փորձ, նա պատասխանեց, որ դա արդեն չի հաջողվել ու չի հաջողվի, քանի որ ԼՂ ՊԲ-ն հաջողակ հակաքայլեր է ձեռնարկել և մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները նույնիսկ ետ մղել դեպի ադրբեջանական տարածքներ:

Մոդեստ Կոլերովի բնորոշմամբ՝ ԱՄՆ-ում Ալիևի դիվանագիտական պարտությունը դարձավ այն գործոններից մեկը, որի պատճառով նա սկսեց իր նկատմամբ ուշադրություն հրավիրել պատերազմի միջոցով:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր և, ըստ ՀՀ իշխանությունների, անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության դերակատարությանը նման իրավիճակներում` Մոդեստ Կոլերովն ասաց, որ վստահ է` ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կանգնեցնի Ադրբեջանի կողմից սկսված պատերազմը: «Եթե Հայաստանը դիմի Ռուսաստանին, որպեսզի վերջինս իր ՀԱՊԿ պարտավորությունները կատարի, ապա Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն անպայմանորեն կցուցաբերի»,- ասաց Կոլերովը:

Տեսանյութեր

Լրահոս