«Կադրերի բաժին N 168»-ում Արփի Ոսկանյանն է. «Մագդաղինացու քույրերը»
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ կրկին գրող Արփի Ոսկանյանն է՝ իր նախընտրած երկրորդ ֆիլմով, որը նույնպես հատկապես կանանց ու գարնանային միամսյակի առիթով է:
Այս անգամ Արփին առաջարկում է ծանոթանալ «Մագդաղինացու քույրերը» 119 րոպե տևողությամբ դրամային՝ նկարահանված ռեժիսոր Փիթեր Մալլանի կողմից, 2002 թվականին՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի համատեղ արտադրությամբ:
Իր առաջարկած երկրորդ ֆիլմի մասին Արփի Ոսկանյանն ասում է.
«Սա մի ֆիլմ է, որ պատմում է, այսպես կոչված, Մագդաղինացու տների մասին։ Դրանք կաթոլիկ եկեղեցուն կից տներ էին, որ թեպետ ի սկզբանե ստեղծված էին մարմնավաճառներին հասարակության մեջ ներառելու և ընդունելի դարձնելու համար, բայց ժամանակի ընթացքում վերածվեցին պատժավայրերի, ուր տեղավորում էին արտաամուսնական կապեր ունեցած կամ պարզապես ազատ ու անբռնազբոսիկ վարք ցուցաբերած աղջիկներին։ Այստեղ նրանք ենթարկվում էին շահագործման ու նվաստացումների և պահվում իրենց կամքին հակառակ։
Ապշելու է երևակայելը, որ այս տները ծաղկուն, զարգացած Եվրոպայի սրտում գոյություն ունեցան մինչև 20-րդ դարի ավարտը։
Վերջին Մագդաղինացու տունը փակվեց 1994 թվին։ Կինոնկարը «ցուցված է» հատկապես այն կանանց, որոնք ֆեմինիզմի հանդեպ իրենց մերժողական վերաբերմունքը բացատրում են նրանով, որ «Կլարա Ցետկինի ժամանակներն» անցել են, կանանց և տղամարդկանց միջև անհավասարությունը վերացված է, հիմա այլ խնդիրներ կան, և ֆեմինիզմն այլևս անելիք չունի։ Այս ֆիլմի դիտումից հետո ակամայից մտածում ես, որ մարդու իրավունքներն ու կանանց իրավունքները զուգահեռ աշխարհներում են զարգանում, և «Կլարա Ցետկինի ժամանակները», որ ժամանակագրորեն էլ մեզնից շատ հեռու չեն, դեռևս ամենևին էլ անցյալ չեն»։
https://www.youtube.com/watch?v=_NMbYp45I2A
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը