Բաժիններ՝

Վանաձորի գրեթե բոլոր մանկապարտեզները լվացքի մեքենայի կարիք ունեն

asparez.am-ը գրում է. 2015թ-ի ընթացքում Վանաձորի համայնքային բյուջեի միջոցներով քաղաքի 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններից 2-ի համար ձեռք է բերվել նոր սերնդի սառնարան, քանի որ այդ մանկապարտեզների սառնարաններն այլեւս շահագործման համար պիտանի չեն եղել:

Այժմ համայնքի 20 մանկապարտեզն էլ ապահովված է սառնարանով:

Համայնքային բյուջեի հաշվին որոշ մանկապարտեզներում իրականացվել են նաեւ մասնակի նորոգման եւ ներքին հարդարման աշխատանքներ: Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի խոսքով` վերանորոգման հարցում զգալի ներդրում ունեցել են նաեւ մանկապարտեզները:

-Քաղաքի որոշ մանկապարտեզներ էլ համալրվել են այլ անհրաժեշտ գույքով ու պարագաներով,-ասում է բաժնի պետն ու հավելում, որ բոլոր պահանջները բավարարելու համար ֆինանսավորման խնդիր կա:

-Մեր հնարավորությունների շրջանակում փորձում ենք խնդիրները լուծել ժամանակի ընթացքում, մենք չենք փորձում խնդիրը կոծկել, ասելով, որ, գումար չունենք, այո, չունենք բավարար չափի գումար, բայց խնդիրները լուծելու համար մենք մեզ համար, կոպիտ ասած, ժամանակացույց ունենք, թե որ ժամանակահատվածում որ մանկապարտեզի առաջին անհրաժեշտության տեխնիկան ձեռք բերենք,-պարզաբանում է Գ. Բադյանը:

Ընթացիկ տարվա ամռանը, ըստ որոշ նախագծերի, նախադպրոցական ուսումնական հաստատություններն ունենալու են լվացքի մեքենաներ. անկողնային եւ այլ պարագաներ սաների ծնողների կողմից այլեւս առանձին չեն լվացվելու եւ լվացման խնդիրը լուծվելու է մանկապարտեզում:

Այս հարցն արդեն մտատանջության մեջ է գցել Վանաձորի մանկապերտեզների տնօրեններին եւ հենց համայնքապետարանին, քանի որ լվացքի մեքենաներ քաղաքի ոչ բոլոր մանկապարտեզներն ունեն, իսկ նրանք, ովքեր ունեն, ժառանգել են խորհրդային միությունից՝ «Մալյուտկա» եւ այլ ապրանքանիշի լվացքի մեքենաներ:

-Բայց ունենալը մեկ բան է, ըստ պահանջի բավարարելը՝ մեկ այլ բան,-ասում է քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետը:

2016թ-ի ծրագրում նախատեսված է համայնքային բյուջեով մի քանի մանկապարտեզի համար ձեռք բերել համապատասխան գույք, խնդիրը հենց նրանում է, որ համայնքային բյուջեն ի զորու չի խնդիրները միանգամից լուծել, բայց եւ այնպես գումար չլինելը պատասխան չէ խնդրի լուծման համար,-կարծում է Գ. Բադյանը:

Եթե նախորդ տարի ձեռքբերվեց միայն երկու սառնարան եւ մասնակի նորոգվեցին մի քանի մանկապարտեզներ, ապա այս տարի գույքի ձեռքբերման գործընթացն ավելի ինտենսիվ կլինի՝ խոստանում է համապատասխան բաժնի պետը:

Զրույցի վերջում քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցը հավելեց, որ ցավոտ խնդիր է, երբ կա ցանկություն, իսկ հնարավորությունը չի համապատասխանում: Որպես հարցի լուծում` Գ. Բադյանի մեկ ելք է տեսնում.

-Ես շատ լավ հասկանում եմ այսօրվա մեր ֆինանսատնտեսական վիճակը, դժվար է, ծանր է, բայց մանկապարտեզների կենսամակարդակը բարձրացնելու համար ես կողմնակից եմ ծնողական վարձավճարների բարձրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս