«Ադրբեջանում քաղբանտարկյալները չպետք է վերածվեն առեւտրի օբյեկտի». Դեվիդ Կրամեր

Freedom House կազմակերպության նախկին նախագահ եւ ներկայում Ջոն Մակքեյն ինստիտուտի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով տնօրեն Դեվիդ Կրամերը ողջունել է Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ազատազրկված քաղբանտարկյալների փոքր թվի ազատ արձակվելը եւ միաժամանակ նշել, որ Ադրբեջանի բանտերում դեռ մեծ թվով քաղբանտարկյալներ են մնում: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Կրամերն ասել է, որ բանտից ազատ արձակված մարդկանց մեծ մասի վրայից մեղադրանքները նույնիսկ չեն հանվել:

«Քաղաքական բանտարկյալները չպետք է առեւտրի օբյեկտի վերածվեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ նախագահ Ալիեւի միջեւ հանդիպում կազմակերպելու համար», -ասել է Freedom House-ի նախկին նախագահը` կոչ անելով թույլ չտալ Ալիեւին մտնել Սպիտակ տան «օվալաձեւ գրասենյակ» եւ առերես հանդիպում ունենալ ԱՄՆ-ի առաջնորդի հետ:

«Ադրբեջանը վերածվել է տարածաշրջանի ամենառեպրեսիվ երկրի: Այն Բելոռուսից եւ Ռուսաստանից ավելի ռեպրեսիվ է», -ասել է Դեվիդ Կրամերը:

«Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսիններին բուժման համար թույլ չի տրվում դուրս գալ երկրից», -ասել է Կրամերը` նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու գործում դեռ շատ գործ ունի անելու:

Ըստ Կրամերի` նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանում ռեպրեսիաներին մեկնարկ է տվել Ուկրաինայում «Մայդան»-ի նման շարժում տեղի չունենալու համար: Բայց այդ ճնշումների մասշտաբն այնքան լայն եւ էությունն այնքան կոշտ է եղել, որ մինչ այժմ Ադրբեջանում նման ռեպերսիայի ալիք չէր դիտվել:

Բրիտանական The Economist թերթն, անդրադառնալով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մի մասին ազատ արձակելուն հարկադրելու պատճառներին, գրել է, որ Ալիեւը փոխել է «խավիարային դիվանագիտությունը»:

«Արտասահմանյան քննադատաներին գնելու նպատակով ավանդաբար «խավիարային դիվանագիտությունից» օգտվող Ալիեւի փողը նավթի գների անկման հետեւանքով խիստ պակասել է: Նրա բռնապետական ռեժիմն աշխատում է մարտի 31-ին ծրագրված Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի շեմին բարձրացնել իր ռեկորդային բացասական հեղինակությունը»,- առաջին էջում գրել է The Economist-ը:

«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի ղեկավար Օգթայ Գյուլալիեւը ընդամենը 14 քաղբանտարկյալներին ներելը «մեծ սպասումների ֆոնին փոքր քայլ» է անվանել:

«Բացասական միտում է, երբ մի քանի քաղբանտարկյալի ազատ արձակելուց հետո իշխանությունները ձերբակալում են նորերին: Այդ պատճառով, արդեն երկար ժամանակ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գտնվում է 100 մարդու մակարդակին», -ասել է նա:

Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով իշխանություններին դիմել են ԱՄՆ պետքարտուղարությունը, ԱՄՆ կոնգրեսի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը, Եվրախորհրդարանի մարդու իրավունքների գծով փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, միջազգային 21 կազմակերպություններ:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն` Ադրբեջանի բանտերում դեռեւս 93 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը համարվում են «խղճի բանտարկյալներ»:

Տեսանյութեր

Լրահոս