Ինչո՞ւ են իշխանությունները դեմ ստորագրված ընտրական ցուցակների հրապարմանը

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության հետ վերջին հանդիպմանը Վենետիկի հանձնաժողովի անդամներին ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակման մասին ոչինչ չեն ասել, իսկ նախկինում իր հայտարարությամբ հանձնաժողովը դա մարդու իրավունքների խախտում է որակել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ան դրադառնալով ստորագրված ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին: «Ես նորից եմ կրկնում, որ ընդդիմության համար այդ ընտրական ցուցակների հրապարակման պահանջն ընդամենը պատրվակ է: Եթե մենք այդքան ասում ենք, թե ինչ մեխանիզմներ ենք առաջարկում, ի՞նչ խնդիր կա այդ դեպքում: Մենք այս հարցի շուրջ ունենք նաև Սահմանադրական դատարանի 2014 թ. որոշումը: Գիտե՞ք ինչի համար են պահանջում հրապարակել ընտրական ցուցակները: Նրանք մտածում են, որ մենք կարող ենք համաձայնել դրան, իսկ ընտրություններից հետո կասեն իշխանությունները հակասահմանադրական քայլ են կատարել: Այսինքն, նման կերպ նրանք ցանկանում են Սահմանադրական դատարանի կայունության վրա կասկած գցել»,- ասաց Վ. Բաղդասարյանը:

Հարցին, թե ի՞նչն է խանգարում իշխանություններին, որ հրապարակեն այդ ցուցակները և ցույց տան, որ իրենք այդ հարցում խնդիր չունեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ցուցակները փակցնել նշանակում է մարդկանց՝ առավել ևս պետական չինովնիկական կառույցների աշխատողներին պարտադրել գնալ և մասնակցել ընտրություններին՝ հակառակ դեպքում ղեկավարությունն այլ տրամադրվածություն կունենա: Բայց նաև սա է մարդու ազատ կամքի արտահայտման ձևերից մեկը: Այսինքն, մարդը չի ցանկանում ընտրության գնալ, և դա գաղտնի է: Սա վերաբերում է նաև որոշ ուժերի խոստում տվածներին:

Ցուցակների հրապարակման դեպքում հնարավոր կլինի իմանալ այդ խոստում տվածները գնացե՞լ են ընտրության, թե ոչ: Սա ինքնըստինքյան մեխանիզմ է, որը մարդկանց դնում է որոշակի շրջանակների մեջ: Նրանց նպատակը ընտրություններից հետո մարդկանց, հասարակության մեջ խլրտոց մտցնելն է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, թե ընտրական օրենսգրքի նախագծում հստակ սահմանված է, որ ընտրությունների ավարտից անմիջապես հետո յուրաքանչյուր վստահված անձ և դիտորդ կարող է դիմում գրել և պահանջել ցանկացած ընտրատեղամասի ցուցակը: «Նրանք առանց նկարահանման կարող են անել ցանկացած նշում: Եթե տեսնում է, որ կան բացահայտ խախտումներ, դիմում է դատարան, դատարանն էլ բոլոր տրցակները բացում է: Ի՞նչ կա այստեղ անհասկանալի, որ նրանք ցանկանում են անպայման այդ ցուցակները հրապարակվեն»,- նշեց Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն ի սկզբանե ընտրական օրենսգրքի մշակումը չեն վստահել ընդդիմությանը, Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2013 թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել էր ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվեր Սահմանադրական բարեփոխումների, որից հետ ընտրական օրենսգրքի մշակմամբ:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկին՝ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ կազմակերպել 4+4+4 սկզբունքով, ըստ որի օրենսգրքի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար կձևավորվի աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն 4-ական ներկայացուցիչ իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից: «Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով քննարկման: Ես այդ մասին էլի խոսել եմ: Ինչ ձևաչափ ուզում են, մենք պատրաստ ենք քննարկման»,- նշեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, որ ընդդիմությունն արել է նաև առաջարկներ, որոնք ընդունելի են: Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ ինքը երկու ձեռքով կողմ է ընտրատեղամասերում տեսանկարահանում ապահովելու առաջարկին, սակայն դրա համար պետք է գտնվի ողջամիտ ձևաչափ, որպեսզի խնդիրներ չառաջանան: «Մենք պետք է հասկանանք, ինչպես անել, որ դա էլ լրացուցիչ խնդիրներ չառաջացնի: Օրինակ, մի տեղամասում տեխնիկան կարող է խափանվել, հետո էլ ասեն, թե իշխանություններն են արել: Մենք պետք է լրջորեն քննարկենք լրատվամիջոցների և դիտորդների թվի սահմանափակման հարցը, ազգային փոքրամասնությունների հարցը, թե ինչպես պետք է նրանք մասնակցեն ընտրություններին»,- հավելեց նա:

Անդրադառնալով ընտրացուցակները մաքրելու ընդդիմության առաջարկին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ի՞նչն են ուզում մաքրել: Ասում են 11 հազար մարդ վերցնենք ընկնենք դռնեդուռ գզիրություն անենք: Դրա ամենալավ մեխանիզմը նույնականացման քարտերով քվեարկություն կազմակերպելն է: Համաձայն ենք, եկեք միջազգային կառույցներից վերցնենք խոստացված գումարները, բոլորին նույնականացման քարտեր բաժանենք, և ամեն հարց կլուծվի: Ինչ տարբերակ կա, մենք համաձայն ենք, միայն թե կարողանանք այդ ֆինանսավորման և տեխնիկայի հարցը լուծել, իսկ այդ բանակցությունները գնում ե ն»:

Տեսանյութեր

Լրահոս