«Ուսանողական աթոռին՝ բոլորս հավասար ենք՝ անկախ ազգությունից, տարիքից, մաշկի գույնից, հավատքից, լեզվից»
Շարունակում ենք փնտրել և գտնել տարբեր երկրներում սովորող հայ ուսանողերին, ներկայացնել, թե ինչպե՞ս են նրանք մեկնել ուսումը շարունակելու, ինչպե՞ս են հարմարվում օտար երկրում, հետաքրքրվել, թե ուսումնական պրոցեսում, այստեղի հետ համեմատած, ի՞նչ տարբերություններ կան, և այլն:
Այս անգամ «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն անդրադարձել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Գրետա Սահակյանի պատմությանը, ով ուսումը շարունակում է Փարիզում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սովորում է ֆրանսիական պետական DFMS (diplome de formation medicale specialise) ծրագրով, որն ամեն տարի սահմանափակ քանակությամբ տեղեր է հատկացնում օտարերկրացի կլինիկական օրդինատորներին, որպեսզի իրենց մասնագիտացումը կամ դրա մի մասն անցկացնեն Ֆրանսիայում:
«Առաջին անգամ Ֆրանսիա եկել եմ «Էրասմուս մունդուս» ծրագրի շրջանակներում, և մեկ կիսամյակ անց եմ կացրել այնտեղ: ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո՝ ծանոթ լինելով Փարիզի ուսուցման համակարգին, որոշեցի ուսումս հենց այնտեղ շարունակել՝ Կլինիկական օրդինատուրա՝ նյարդավիրաբուժություն մասնագիտությամբ: Հիմա սովորում եմ Paris Diderot, կամ, ասում են՝ Փարիզ 7 համալսարանում (Universite Denis Diderot Paris 7) և պրակտիկա անցնում կից հիվանդանոցում: Իմ արած աշխատանքի համար վարձատրվում եմ հիվանդանոցի կողմից»:
Գրետայի խոսքով՝ այնտեղ ուսուցման 70%-ը պրակտիկ ուղղվածություն ունի, և ժամանակի մեծ մասն անց են կացնում հիվանդանոցում.
«Աշխատում եմ որպես բժիշկ-նյարդաբան՝ ղեկավարի հսկողությամբ: Մնացած մասը թեորետիկ պարապմունքներն են, երբ ներկայացվում է տվյալ նյութի ամենանորացված և կիրառում գտած տարբերակը, որը գրքերում հաճախ դժվար է հանդիպել: Նաև գիտահետազոտական աշխատանքներ ենք անցկացնում հենց մեր ունեցած կլինիկական դեպքերի հիման վրա: Անվճար և հասանելի է նյարդաբանության վերաբերյալ հրատարակված վերջին հոդվածների մեծ մասը»:
Պատմում է, որ ազատ ժամանակ քիչ են ունենում. «Իսկ եթե ունենում ենք, ապա ընկերների հետ ամեն անգամ մի բան մտածում ենք: Ինչ՝ ինչ, բայց Փարիզում երբեք չես ձանձրանա»:
Մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանում կա որոշակի դեղորայքի, հետազոտությունների, տեխնոլոգիաների բացակայություն, որը, ըստ նրա՝ բժշկի համար դժվարացնում է պրոտոկոլների կիրառումը և ընդունված ստանդարտներին համահունչ մնալը. «Շատ կուզենայի, որ Հայաստանում ունենայինք գիտահետազոտական լաբորատորիաներ, նորացված, հասանելի գրականություն, միջազգային պայմանագրեր տարբեր երկրների բուհերի ու հիվանդանոցների հետ: Լավ բժիշկ լինելու համար ոչ թե՝ կարևոր, այլ՝ պարտադիր է նորացված (to keep updated) լինելը և պրակտիկ հմտություններ ունենալը»:
Գրետան նշում է, որ, թեև այնտեղի համակարգը տարբերվում է մերինից, բայց բժշկությունը, հիվանդի խնամքը նույնն է. «Անկախ նրանից, թե ինչ բուժումներ ու ինչ տեխնոլոգիաներ են կիրառում ու ինչ լեզվով են խոսում: Իսկ ուսանողական աթոռին բոլորս հավասար ենք՝ անկախ ազգությունից, տարիքից, մաշկի գույնից, հավատքից, լեզվից: Բոլորս էլ ձգտում ենք հասնել մեր մաքսիմալին՝ այստեղ ընձեռված հնարավորությունների մեջ, և գտնել այն լավագույն ոսկե միջինը, որը կարող ենք մեզ հետ մեր երկիր տանել ու ընդգրկել մեր համակարգում»:
Ամռանը Գրետան վերադառնալու է Հայաստան, և, ինչպես ինքն է նշում՝ դեռ մեկ տարի էլ ունի՝ մինչև նյարդաբանի կոչում ստանալը. «Բայց վստահ կարող եմ ասել, որ այստեղ ձեռք բերած փորձից հետո հանգիստ կարող եմ աշխատել՝ որպես բժիշկ-նյարդաբան Հայաստանում: Վերադառնալուց հետո ուզում եմ խորանալ անոթային պաթոլոգիայի մեջ, որը ներկա ժամանակներում բավականին արդի խնդիր է և հաշմանդամության առաջին պատճառն է համարվում»: