«Օրենսգրքի նախագիծը լավագույններից մեկն է». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող մոդելը համամասնական ընտրակարգի՝ աշխարհի շատ երկրներում ընդունված տարբերակներից մեկն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրենք փորձել են կարևորել ոչ թե կուսակցության կամ անձի դերը, այլ՝ ընտրել ոսկե միջին տարբերակը, փորձել են այնպես անել, որ անձի և կուսակցության դերերը համադրվեն: Նա նաև նշեց, որ նոր նախագիծը լավագույններից է:

Անդրադառնալով ընտրատեղամասում դիտորդների և լրագրողների թվի սահմանափակմանը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ սա լավագույն լուծումը չէ կամ դոգմատիկ ճշմարտություն չէ, այն քննարկման առարկա է: Նա նշեց, որ մի տեղամասում կարող են առաջադրված լինել 100-ավոր թեկնածուներ, ինչը նշանակում է, որ այդ դեպքում նրանք բոլորը կարող էին վստահված անձ ունենալ. «Մենք ասացինք՝ ոչ, կուսակցությունը պետք է ունենա վստահված անձ: Քիչ առաջ թիվ հնչեցվեց՝ անգամ այս մոդելի բացակայության պայմաններում իրավիճակ է եղել, երբ տեղամասում 57, 63 դիտորդներ ու զանգվածային լրատվամիջոցներ են եղել: Ես չեմ պնդում, որ դրանք բոլորը լրատվամիջոցներ են եղել»: Նա նշեց, որ խնդիր է եղել, որպեսզի անձինք, ովքեր դիտորդ չեն, ԶԼՄ չեն, չհայտնվեն տեղամասում, որևէ թեկնածուի վստահված անձի կարգավիճակում՝ ակնհայտ դարձնելով, որ բացարձակ առնչություն չունեն. «Խնդիրը հետևյալն է՝ ինչպես անել, որ տեղամասում ներկա լինեն միայն այն անձինք, ովքեր իրականում եկել են այդտեղ՝ իրականացնելու իրենց ֆունկցիան: Մեր նպատակն ամենևին այն չէ, որ դուք, օրինակ, հենց այս կազմով, ներկա չգտնվեք որևէ տեղամասում»: Նախարարն ասաց, որ պատրաստ են քննարկման:

Դիտարկմանը, որ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է գաղտնի պայմաններում նախագիծ գրելու և այն Վենետիկի հանձնաժողով ուղարկելու մեջ, Արփինե Հովհաննիսյանն ասաց, թե գաղտնիության ռեժիմի մասին խոսելն անիմաստ է: Նա նշեց, որ բավական ժամանակահատված կա՝ քննարկումներ ծավալելու համար: Հարցին, թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, եթե որոշում կայացվի ստորագրված ցուցակները հրապարակելու մասին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ գործ ունենք միջազգային կազմակերպությունների տեսակետի հետ, որ դա ցանկալի չէ և խախտում է գաղտնիության իրավունքը: Նա նշեց, որ այս առնչությամբ կա նաև Սահմանադրական դատարանի որոշում:

Նա նշեց, որ կան որոշակի իրավական արգելքներ, որոնց հետ հաշվի չնստել չեն կարող: Այս առումով Արփինե Հովհաննիսյանը կարևորեց նոր նախագծով վստահված անձանց և դիտորդներին տրված իրավունքը՝ հաջորդ օրը պահանջել ծանոթանալ ստորագրված ցուցակներին: Նա նշեց, որ իրականում ընտրական գործընթացի վստահության բարձրացման համար այնքան մեխազնիմներ են դրվել, որ աշխարհի շատ երկրներում, որոնք մատնանշվու են՝ որպես իդեալական, դրանք չկան:

Նշենք, որ նոր օրենսգիրքը նախատեսում է, որ դիտորդները քվեարկության հաջորդ օրը, ժամը 14:00-18:00-ն, կարող են ներկայացնել դիմում համապատասխան տեղամասի քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրած ցուցակներին ծանոթանալու համար: Յուրաքանչյուր տեղամասի ընտրողներին ցուցակին ծանոթանալու համար տրվում է 2 ժամ: Ցուցակները չեն կարող լուսանկարվել և տեսանկարահանվել: Ցուցակներին ծանոթանալու դիմում կարող է ներկայացնել այն դիտորդը, որը քվեարկության օրը ներկա է գտնվել համապատասխան տեղամասում:

Տեսանյութեր

Լրահոս