«Մենք չենք կարող հիանալ այն բանից, որ Ադրբեջանը զենք է գնում, և, դրա հետ միասին, սպառնում սանձազերծել նոր պատերազմ, ու մեզ դուր չի կարող գալ, որ սպառազինությունները գնվում են մեր դաշնակցից…». Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներին:
Ներկայացնենք հարցազրույցը՝ մասնակի կրճատումներով:
Վաղն աշխատանքային այցով Մոսկվա կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Կոմերսանտի» երևանյան աղբյուրի տեղեկություններով՝ Մոսկվային լրջորեն անհանգստացնում է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զինված դեպքերի թվի աճը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը «Կոմերսանտի» թղթակից Օլգա Կուզնեցովայի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակի վատթարացման պատճառներից ու դրա կարգավորման հնարավոր հեռանկարներից:
Լրագրողի դիտարկմանը, թե օրերս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Երևանում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, ու իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, և հարցին, թե ինչպես է Էդվարդ Նալբանդյանը գնահատում Մինսկի խմբի աշխատանքը, ՀՀ արտգործնախարարը պատասխանել է, թե ԵՄ-ն բազմիցս իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին և ընդգծել է, որ գոյություն չունի ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք:
«Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ հաստատեց այդ դիրքորոշումը: Մենք միշտ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկն այլ կարծիքի է: Նրանում, որ լուծումը մինչ օրս չի գտնվել, մեղավոր չեն ո´չ միջնորդները, և ո´չ էլ Հայաստանը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ կարգավորման՝ համանախագահների առաջ քաշած առաջարկների հիման վրա, իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկներն ու համանախագահներին: Բանը հասել է այնտեղ, որ Բաքուն նրանց սկսել է մեղադրել իսլամաֆոբիայի մեջ՝ հայտարարելով, թե իմաստ չունի նրանց հետ հանդիպել, քանի որ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի վրա: Երևի թե, Ադրբեջանն այնքան էլ ճիշտ չի ընկալում միջնորդական առաքելության դերը:
Միջնորդների դերը պետք է ուղղված լինի առաջին հերթին՝ երկխոսության հաստատմանը, հանդիպումների կազմակերպմանը, կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, այլ ոչ թե՝ ճնշում գործադրի այս կամ այն կողմի վրա: Ղարաբաղյան խնդիրն այն բացառիկ դեպքն է, երբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ձևավորել են ընդհանուր մոտեցում կարգավորմանը:
Նրանք հանդես են եկել կոնկրետ առաջարկներով, որոնց հիման վրա կարելի է լուծել հակամարտությունը: Այս առաջարկներն արտացոլված են Լեռնային Ղարաբաղի մասին 5 հայտնի հայտարարություններում, որ արել են այդ երկրների նախագահները: Հայաստանը ողջունել է դրանք ու նշել, որ դրանց հիման վրա պատրաստ է առաջարկել բանակցություններ հակամարտության լուծումը գտնելու նպատակով: Ադրբեջանը մինչ օրս այնպիսի դիրքորոշում է որդեգրել՝ կարծես այդ հայտարարություններն ընդհանրապես գոյություն չունեն: Բանակցություններին այլընտրանք չկա, ու մենք համանախագահների հետ շարունակելու ենք ջանքերը, որոնք ուղղված են խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
«Կոմերսանտի» հարցին, թե ինչպես է ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանում ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին զենքի բոլոր մատակարարումները ՌԴ-ի կողմից իրականացվում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտության խիստ հաշվառմամբ, վերջինս պատասխանել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել, որ պահպանի հավասարակշռությունը տարածաշրջանում, ու նոր էսկալացիա տեղի չունենա:
«Վերջին տարիներին Ադրբեջանը բազմակի ավելացրել է իր ռազմական ծախսերը: Մենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակցից, մենք հետագայում ևս ամենասերտ կերպով համագործակցելու ենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական պլանով: Այն, որ Ռուսաստանը զենքի խոշորագույն արտադրողներից է, զենքը վաճառում է տարբեր երկրների, բնական է: Սակայն մենք չենք կարող հիանալ այն բանից, որ Ադրբեջանը զենք է գնում և դրա հետ միասին՝ սպառնում սանձազերծել նոր պատերազմ: Ու մեզ դուր չի կարող գալ, որ սպառազինությունները գնվում են մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ գործակցելու համար, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում»,- հայտարարել է Նալբանդյանը:
Վերջինս նաև ընդգծել է, որ Հայաստանը չի կիսում այն տեսակետը, թե պատերազմն է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհը: Նալբանդյանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները, թեև ջանում են զբաղեցնել չեզոք դիրք, սակայն անցած տարի ստիպված են եղել անել մի քանի հասցեական հայտարարություններ, որտեղ դատապարտել են ծանր զինատեսակների ու հրետանու կիրառումը ու կոչ են արել հետևել կրակի դադարեցման ռեժիմին, ինչպես նաև՝ համաձայնել սահմանի խախտումների դեպքերը բացահայտող հետաքննական մեխանիզմներ կիրառել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ Հայաստանի հետ սահմանի երկայնքով:
«Հասկանալի է, որ այդ բոլոր կոչերն ուղղված են հենց Ադրբեջանին, քանի որ Հայաստանը երբեք չի քննադատել Մինսկի խմբին: Ադրբեջանը շարունակում է սադրանքները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանի երկայնքով, շարունակում է օգտագործել ծանր հրետանի, կրակում է քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ»,- նշել է Նալբանդյանը՝ ընդգծելով, թե Ադրբեջանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձևաչափեր:
«Այն, որ Ադրբեջանը քննադատում է համանախագահներին, նշանակում է, որ Ադրբեջանն իրեն հակադրում է միջազգային հանրությանը, նվազագույնը՝ ԵԱՀԿ-ին, քանի որ կազմակերպության բոլոր անդամները Մինսկի խմբին միջնորդական առաքելության իրականացման մանդատ են տրամադրել: Համանախագահները բաց կերպով ասում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական կամքի բացակայություն՝ գնալ խնդրի կարգավորմանը: Մեզ համար ակնհայտ է մեկ բան՝ բանակցություններին այլընտրանք չկա»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
«Կոմերսանտի» հետ զրույցում անդրադարձ է կատարվել նաև Մոսկվա Սերժ Սարգսյանի աշխատանքային այցին: Ի պատասխան հարցին, թե ինչ հարցեր կան ներառված այդ այցի օրակարգում, Էդվարդ Նալբանդյանը նկատել է, թե Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները, կառավարության անդամները, խորհրդարանականներն ամեն տարի անցկացնում են մոտ 20-30 հանդիպում, քանի որ համագործակցության ծավալը, խորությունն ու ընդգրկունությունը պահանջում են անմիջական քննարկումներ ամենաբարձր մակարդակով:
«Մեր երկրների ղեկավարների հերթական հանդիպումն ուղղված կլինի նրան, որ քննարկվեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն ու նախանշվեն քայլերը, որոնք կուղղվեն մեր դաշնակցային ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»,- խոսքը եզրափակել է դիվանագետը: