Ի՞նչ է պսակը
– Ի՞նչ է Պսակը:
– Ուղղափառ մտածողության համաձայն` Ս. Պսակը տղամարդու և կնոջ միությունն է: Այն հաստատվել է դեռևս դրախտում, երբ Աստված Ադամին և Եվային աճելու, բազմանալու և երկիրը լցնելու պատվեր տվեց:
Ս. Պողոս առաքյալը տղամարդու և կնոջ միությունը համեմատում է Քրիստոսի և Եկեղեցու միության հետ, որն անքակտելի է, ինչպես Ավետարանն է ասում. «Ինչ Աստված միացրեց, մարդ թող չբաժանի» (Մատթ. 19. 5):
Ամուսնության խորհրդով և Աստծու օրհնությամբ երկու տարբեր մարդիկ դառնում են մեկ մարմին և ստեղծվում է ընտանիք, որի հիմքը պետք է լինեն սերը, հավատարմությունը և հարգանքը: Ուստի պատահական չէ, որ այս սիրո միության մասին Ս. Գրիգոր Նարեկացին ասում է. «Երկրի վրա ավելի պատվական բան չկա, քան տղամարդու և կնոջ սերը»:
armchurch.info