Վարդգես Գասպարիի պաշտպանները հեռացան դահլիճից. դատարանը նրանց պատասխանատվության ենթարկելու համար կդիմի Փաստաբանների պալատ

Ինչպես տեղեկացրել էինք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Վարդգես Գասպարիին դատական նիստերի դահլիճից 6 ժամով հեռացնելու մասին: Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ դատարանի գործողությունները տրամաբանություն չեն պարունակում:

Նա նշեց, որ Վարդգես Գասպարին դեռևս նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ նման պայմաններում անիմաստ է համարում մասնակցությունը դատական նիստերին, քանի որ, ըստ էության, իրեն զրկում են ձայնի իրավունքից և դատական նիստի ընթացքում իր իրավունքները հայարարությունների, միջնորդությունների, առարկությունների տեսքով պաշտպանելու իրավունքից:

«Նա անիմաստ է համարում մասնակցությունը դատական նիստերին և հեռացավ դատական նիստերի դահլիճից, ինչի կապակցությամբ դատարանը մի քանի անգամ Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու որոշում կայացրեց՝ դատական նիստերին, այսպես գնահատված, պարտադիր մասնակցությունն ապահովելու նպատակով: Սակայն ավելորդ համարելով, օրինակ, փետրվարի 19-ին կայացած նիստին Վ.Գասպարիի մասնակցության ապահովումը՝ այդ նիստով որոշեց կալանավորել Վարդգես Գասպարիին՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը անորոշ ժամկետով՝ այդ նիստի ընթացքում չապահովելով և չունկնդրելով Գասպարիի դիրքորոշումը: Եվ որպես որոշման հիմք՝ կալանքը մատնանշվում է հատկապես Վարդգես Գասպարիի՝ դատական նիստերին մասնակցությունն ապահովելու միակ միջոց: Այսօր, երբ Վարդգես Գասպարին կրկին զրկվեց իր դիտարկումները՝ իր վերաբերյալ կայացվող որոշումների կապակցությամբ և իր նկատմամբ իրականացված գործողությունների կապակցությամբ արտահայտելու իրավունքից, նրան հնարավորություն չտրվեց ավարտելու իր հայտարարությունը, իսկ միջնորդություն ներկայացնելու համար նա արժանացավ նախագահող դատավորի ծաղրին. նրան տրամադրվեց 30 վայրկյան արտահայտվելու ժամանակ, նա կրկին հայտարարեց, որ այդ պայմաններում ավելորդ է համարում իր մասնակցությունը, և որպես բողոքի դրսևորում, այսպես կոչված, բոյկոտ է հայտարարում դատարանին և այլևս ոչ մի կերպ չի արձագանքելու, որպես բողոքի դրսևորման միջոց՝ պառկեց հատակին՝ միգուցե նաև նկատի ունենալով այն, որ, փաստորեն, նիստերի դահլիճից հեռանալը կարող է առաջացնել կալանավորման տեսքով պատիժ: Դատարանն այս գործողությունը դիտարկեց բավարար՝ Վարդգես Գասպարիին դատական նիստերի դահլիճից հեռացնելու համար: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այս ամենի իրավաչափ նպատակը, որը հետապնդում է դատարանը: Մի դեպքում՝ հետապնդելով ամբաստանյալի պարտադիր ներկայությունն ապահովելու ենթադրյալ իրավաչափ նպատակ, Վարդգես Գասպարին բերման է ենթարկվում, հետո կալանավորում են, մյուս դեպքում՝ դատարանը հայեցողաբար գնահատելով Վարդգես Գասպարիի գործողությունները՝ որպես խոչընդոտող, որոշում է կայացնում Վարդգես Գասպարիին հեռացնել դատական նիստերի դահլիճից»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Եգորյանը խնդրեց պարզաբանել, թե ինչպես է, ըստ դատարանի, նիստը շարունակվելու ամբաստանյալ Վարդգես Գասպարիի բացակայությամբ, որին դատարանի որոշմամբ բերման են ենթարկել, ապա, նրա մասնակցությունն ապահովելու համար՝ կալանավորել: Դատավորը նշեց, որ դատարանն անցնում է գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմանը և հրապարակմանը: Փաստաբանն ասաց նաև, որ դատարանն անտեսեց իրենց առարկությունն ու հարցադրումը, ձեռնամուխ է եղել շարունակել դատաքննությունը՝ առանց Գասպարիի: Նա նշեց, որ այսպիսի կոպիտ խախտումների մասնակից իրենք չեն կարող դառնալ և ստիպված են հայտարարել, որ առանց Վարդգես Գասպարիի մասնակցության, առանց նրա ցանկության՝ չեն կարող մասնակցել նիստին: Նա և փաստաբան Դավիթ Գյուրջյանը հեռացան դատական նիստերի դահլիճից: Հեռանալով դահլիճից՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ իրենց բացակայությամբ կատարված բոլոր գործողություններն անմիջականորեն վկայում են դատավարության մասնակիցների կողմնակալության և օբյեկտիվության բացակայության մասին:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշեց փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ:

Տեսանյութեր

Լրահոս