«Սա գողական բերդ ա, դու հասկացի, սա քո համար Ազատության հրապարակ չի». Գասպարին պառկեց գետնին, դատարանը նրան 6 ժամով հեռացրեց դահլիճից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ քրեական գործի քննությունը:
Դատարանում Վարդգես Գասպարին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ դատարանի անօրինական գործողությունների դեմ բողոքելով՝ բոյկոտել է դատական նիստերը և հայտարարել դատարանի ոչ լեգիտիմության մասին: Ըստ նրա՝ ուժ կիրառելով իր նկատմամբ՝ իրեն տեղափոխել են կալանավայր, «որի կլյուչնիկները, բանտապահները Ձեր ենթականերն են և կատարում են Ձեր հրահանգները».
«Ես խոստովանում եմ, որ Դուք ուժի կիրառմամբ կարողացաք պարտադրել Ձեր կամքը: Բոլոր դեպքերում, չնայած ես չեմ ընդունել Ձեր լեգիտիմությունը վաղուց և բոյկոտել եմ, այնուամենայնիվ, ես այսօր նորից բողոքը ներկայացնում եմ Ձեզ, քանի որ, ոնց որ այլ ելք չունեմ»:
Վարդգես Գասպարին ասաց, որ իրեն կալանավորելու մասին որոշումը կայացվել է իր բացակայությամբ, ինչն օրենքի խախտում է:
«Երկրորդը, կալանք կիրառելիս ինձ չի հանձնվել որոշումը, որը նույնպես օրենքի խախտում է»,- ասաց նա՝ նշելով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եղել է տարբեր խցերում, և ներկայացնելով ՔԿՀ-ում իր նկատմամբ կիրառված բռնությունները: Նա նշեց, որ ինքը պառկել է խցի հատակին, որում եղած կալանավորները, կալանավայրի ադմինիստրատիվ ղեկավարության համաձայնությամբ և իմացությամբ, իր նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք:
«Սարքել են արհեստական վեճ, կռիվ, թե իբր ես իրենց անհանգստացնում եմ, ես այդտեղ հատակին պառկելով՝ մեռելի տեսք ունեմ: Ի դեպ, այդպես ձեր իշխանության այլ ներկայացուցիչներն էլ ինձ են ասել: Մասնավորապես, նախորդ դատական նիստի ժամանակ, երբ ինձ շտապօգնության մեքենայով էին ձեր ոստիկանները տեղափոխում, ոստիկաններից մեկը մյուսին ասաց՝ բա ո՞նց բռնենք, ասում ա՝ մեռելը չե՞ս տեսել՝ ոնց են բռնում, մեռելի նման վերցնում, դնում ենք ավտոյի մեջ»,- ասաց նա:
Կալանավայրում, ըստ Վարդգես Գասպարիի, իրեն նաև ասել են՝ «Սա գողական բերդ ա, դու հասկացի, սա քո համար Ազատության հրապարակ չի»:
Դատարանը որոշ ժամանակ անց ընդհատեց Վարդգես Գասպարիի հայտարարությունը՝ խնդրելով ըստ էության հայտարարություն անել, քրեական գործի շրջանակներում: Դատավորը նշեց նաև, որ հայտարարության առթիվ նյութեր են նախապատրաստվում, կտրվի համապատասխան ընթացք, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կհարուցվի քրեական գործ, կկատարվի քննություն:
Դատարանը նշեց, որ թույլ չի տալիս հանդես գալ հայտարարությամբ, Գասպարիի հայտարարությունը կապ չուներ մեղադրանքի հետ: Վարդգես Գասպարին ասաց, որ նախընտրում է շարունակել իր հայտարարությունը, երբ դատարանը կասի՝ Գասպարի, եթե շարունակես, քեզ կուղարկեմ կտտանքների, այդ ժամանակ կմտածի՝ շարունակե՞լ հայտարարությունը, թե՞ ոչ: Դատարանն ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում՝ նշելով, որ Վարդգես Գասպարին շարունակում է խոչընդոտել նիստի բնակակոն ընթացքին:
Վարդգես Գասպարին հայտարարեց, որ 2008թ. նույնական իրավիճակում ենթարկվել է կտտանքների, և այդ դատավորի նման դատավորն իրեն թույլ չի տվել խոսել իր նկատմամբ կիրառված կտտանքների մասին, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկվող գործով հարցում է արվել Հայաստանի Հանրապետությանը, և պատասխան ստացել, որ Գասպարին ազգային մարմիններում չի ներկայացրել իր բողոքը:
Նա նշեց, որ գտնում է, որ համակարգային խնդիր է այն, որ դատարանն իրեն թույլ չտա արտահայտվել, իր բերանը փակեն բոլոր ատյաններում: Վարդգես Գասպարին դատարանից բողոքեց «իր բերանը փակելու համար» և պառկեց դատական նիստերի դահլիճի հատակին: Դատարանը խնդրեց Վարդգես Գասպարիին՝ պատշաճ դիրք զբաղեցնել դատական նիստերի դահլիճում: Վարդգես Գասպարին պառկած մնաց, ինչից հետո դատարանը որոշում կայացրեց՝ նրան 6 ժամով հեռացնել դատական նիստերի դահլիճից: Գասպարիին դատական նիստերի դահլիճից դուրս բերեցին կարգադրիչները: