«Ղարաբաղյան հակամարտության գոտում պատահական պատերազմի վտանգը շարունակում է աճել»
168․am-ի զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը
– Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության եկան Սիրիայում հրադադար հաստատելու հարցում, որն ուժի մեջ պետք է մտնի վաղվանից։ Այս համաձայնությունը, ըստ Ձեզ՝ որոշիչ կդառնա՞ սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում, հաշվի առնելով այն, որ համաձայնագիրը չի ընդգրկում, որպես կողմ, «Իսլամական պետությանն» ու «Ալ-Նուսրա» խմբավորմանը։
– Հրադադարի պահպանման հնարավորությունները թույլ են, որովհետև համաձայնագիրը բացառում է «Իսլամական պետությունն» ու Ալ-Նուսրա ճակատը և թույլ է տալիս օդային գործողություններ այս երկու խմբավորումների դեմ։ Թուրքիան ևս սպառնացել է, որ շարունակելու է հրետանային հարվածները Սիրիայի քուրդ զինյալների դեմ։
– Ըստ էության, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը շարունակվելու է, կշարունակվի նաև ռուս-թուրքական լարվածությունը, որի ֆոնին բազում սցենարներ են հնչում այն մասին, թե ինչպես Ռուսաստանը կօգտագործի հայկական գործոնը՝ ընդդեմ Թուրքիայի, կամ՝ հակառակը։ Ի՞նչ եք կարծում նման զարգացումների հնարավորության մասին։
– Կարծում եմ, որ իրավիճակը Սիրիայում և Ռուսաստան-Թուրքիա ճգնաժամը, որն էականորեն բարձրացրեց լարվածությունը տարածաշրջանում, մի շարք բամբասանքների և դավադրության տեսությունների առիթ դարձավ, և դրանք բոլորն այն մասին են, թե ինչ կարող էին անել Ռուսաստանը կամ Թուրքիան։ Պարզ է, որ ճգնաժամը Հարավային Կովկասը դժվարին իրադրության մեջ է գցել, քանի որ տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի զոհը դառնալու վտանգի տակ։ Իհարկե, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես նպատակ ունի վրեժխնդիր լինել նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական կործանիչի համար այս կամ այն կերպ։ Ես չեմ հավատում, որ Թուրքիան պատրաստվում է լուրջ քայլերի դիմել Հայաստանի դեմ, որը կարող է էականորեն խորացնել հակամարտությունը Ռուսաստանի հետ, սա ո՛չ Թուրքիայի շահերից է բխում, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ ավելի լայն տարածաշրջանի։ Բնականաբար, Բաքուն անհարմար իրավիճակում է հայտնվել և անում է հնարավորը՝ լուռ մնալու համար, քանի որ իրականում, բացի Թուրքիայի հետ սերտ և եղբայրական հարաբերություններից, Բաքուն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ նաև Ռուսաստանի հետ։
– Տիկին Փոլ, ոչ պատահական են ընկալվում նաև Թուրքիայի պաշտոնատար անձանց հաճախակիացած հայտարարությունները ԼՂ հակամարտության մասին, որ Հայաստանը պետք է վերադարձնի «օկուպացված տարածքները»։ Արդյոք սա հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդելու փո՞րձ է կամ բանակցություններին մասնակցելու հա՞յտ։
– Նորություն չէ, որ Թուրքիան պնդում է, թե Հայաստանը պետք է վերադարձնի Ադրբեջանին օկուպացված տարածքները։ Դա պարզ է ու դա Մադրիդյան սկզբունքների մի մասն է։ Թուրքիան ցանկանում է ԼՂ հակամարտության կարգավորում, քանի որ հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային մեծ սպառնալիք է, այլև խոչընդոտում է Հարավային Կովկասի զարգացմանն ու բարգավաճմանը։ Խաղաղ բանակցություններին Անկարայի մասնակցության հարցը սեղանին չէ, քանի որ հասկանալիորեն դա մի բան է, որը Հայաստանը չէր ընդունի երբեք։ Սակայն, այնուամենայնիվ, ներկայիս ձևաչափը հնացած է և թարմացման կարիք ունի։
– Ադրբեջանը զբաղված է իր ներքին խնդիրներով, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ շփման գծում և սահմանին որոշակի գործողությունների ականատեսն ենք դառնում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է խոստանում ԼՂ հակամարտությանն ու բանակցային գործընթացին այս տարին՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունն ու Ռուսաստանի զբաղվածությունը Սիրիայում և Ուկրաինայում։
– 1994թ․ հաստատված հրադադարը վերջին տարիների ընթացքում եղել է դաժան լարման տակ շփման գծում ամենօրյա փոխհրաձգություններով։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը շարունակում են սադրանքները և նիզակները ճոճելը շփման գծում, այդ թվում՝ իրականացնելով լայնածավալ ռազմական գործողություններ։ Լարվածությունը հետագայում էլ ավելի մեծացավ՝ ուկրաինական, սիրիական և ռուս-թուրքական ճգնաժամերի հետևանքով։ Սակայն ոչ մի կողմ կամ տարածաշրջանային ուժ չի ցանկանում մեկ այլ պատերազմ, մյուս կողմից՝ պատահական պատերազմի վտանգը շարունակում է աճել։ Հենց այդ պատճառով հակամարտության կառավարման և առավելապես հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերը պետք է ակտիվացվեն և ավելի ստեղծարար լինեն։ Բացի այդ, մինչ Ռուսաստանն ակտիվ է Սիրիայում, դա չի կանգնեցրել Մոսկվային Հարավային Կովկասում իր ազդեցությունն առաջ մղելու հարցում, սպասվում են որոշակի առաջարկներ՝ Ղարաբաղին վերաբերող։ Մոսկվային դուր է գալիս Երևանի և Բաքվի քթերից բռնած պահել։
– ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը շաբաթներ առաջ անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Իրանը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դա ցանկանան։ Եթե կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպե՞ս եք պատկերացնում Իրանի ներգրավումը բանակցային գործընթացին։ Դա կարո՞ղ է արդյունավետ լինել։
– Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնությունները ողջունելի են։ Ցավոք սրտի, Իրանի վերջին ջանքերը, որպես միջնորդ, 1992թ․ անհաջող էին, քանի որ մինչ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները Թեհրանում էին, հայկական զինուժը գրավեց Շուշին։ Այնուամենայնիվ, դա ամենևին չի նշանակում, որ Իրանը չի կարող կրկին փորձել, բայց շատ բան կախված է լինելու հստակ դետալներից, թե ինչ ունեն նրանք իրենց մտքում, ինչն այս պահին դեռ պարզ չէ։
– Տիկին Փոլ, Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը վերսկսել են բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի ձևավորման նպատակով։ Չնայած ՀՀ ԵՏՄ անդամակցությանը, ՀՀ և ԵՄ պաշտոնյաները պնդում են, որ նոր համաձայնագիրը, բացի քաղաքական բաղադրիչից, կունենա տնտեսական և անվտանգության բաղադրիչներ։ ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականության վերանայման, ինչպես նաև՝ Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների ֆոնին, կարո՞ղ է արդյոք այս անգամ Հայաստանը բանակցել՝ անկախ Ռուսաստանի ազդեցությունից։
– Ես կարծում եմ, որ մենք պետք է իրատեսական լինենք այն հարցի վերաբերյալ, թե ինչ տեսակի հարաբերություններ կարող է Հայաստանն ունենալ Եվրոպական միության հետ։ Պարզ է, որ ԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանին կտրել Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, հաշվի առնելով նաև Կրեմլի էական դերը Հայաստանի տնտեսությունում, այդ թվում՝ առանցքային ենթակառուցվածքներում։ ԵՄ-ն չի պատրաստվում Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորի դերակատարություն ստանձնել, չնայած ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին անվտանգության ոլորտում որոշակի բարեփոխումներ իրականացնելու հարցում, այդ թվում՝ Ոստիկանության բարեփոխումներ, և այլն։ Այսինքն՝ նոր համաձայնագիրը ԵՄ-ի հետ Հայաստանի համար շահավետ է լինելու ամեն դեպքում, քանի որ դա թույլ կտա լայնացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև նոր համաձայնագիրը Հայաստանի մոդեռնիզացիայի և բարեփոխումների ճանապարհային քարտեզը կդառնա։