Բարեգործություն՝ առանց PR-ի

«Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի իրականացրած միջոցառումներին և հյուրերին «168 Ժամը» բազմիցս է անդրադարձել։ Այս մեկն առավել քան կարևոր է, թեկուզ միայն այն պատճառով, որ մեր ընթերցողների շնորհիվ իրազեկենք միմյանց, հանրությանը շատ կարևոր մի նախագծի մասին, որը միտված է օգնելու արյան լեյկոզով հիվանդ 9 բալիկների։ Խոսքը «Լոֆթի» «69.120 բարության րոպե» նախագծի մասին է։ Որքանո՞վ է հնարավոր իրականացնել բարեգործական ծրագիր՝ հեռու մնալով քննադատություններից և հանրային կասկածներից, թե այս ամենն ընդամենը տվյալ կազմակերպության գովազդի համար է արվում։ Այս և այլ հարցերի շուրջ մենք զրուցեցինք «Լոֆթի» տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ։

– Արևիկ, պատմեք «69.120 բարության րոպե» բարեգործական նախագծի մտահղացման մասին։

– Սա նման նախագիծ իրականացնելու մեր առաջին փորձը չէ։ Դեռ անցյալ տարի, երբ մենք նորաստեղծ էինք, ֆինանսապես ամուր հիմքերի վրա չէինք, երբ մտահղացումներն ու ընդհանուր կոնցեպցիան դեռ խմորման փուլում էր, «Լոֆթը» որոշեց մտնել Պահքի շրջան։ Ի՞նչ ասել է՝ մտնել Պահքի շրջան, հնարավորինս հանրօգուտ միջոցառումներ և բարեգործական նախագծեր իրականացնել, որը չէր դիտվի՝ իբրև PR ակցիա, չէր պրոպագանդվի մեդիայով, կօգտագործվեին միայն մեր ինֆորմացիոն գործիքները, և կարտացոլեր «Մեծ պահքի» բուն էությունը։

– Որքանո՞վ է հնարավոր անել բարեգործություն, որի իրականացման համար պետք է բարձրաձայնել և, միևնույն ժամանակ, զերծ մնալ PR-ից։ Արդյո՞ք հաջողվեց Ձեզ իրագործել Ձեր բարի նպատակները՝ խուսափելով PR շահերի վերաբերյալ ակնարկներից, խոսակցություններից։

Կարդացեք նաև

– Անցյալ տարի այդ հարցի վերաբերյալ վախեր շատ ունեինք, քանի որ մտածում էինք հանրային կարծիքի մասին, մտածում էինք այն ռիսկերի մասին, որ լինելով նորաստեղծ ընկերություն՝ միանգամից մտնում ենք Պահքի շրջան, այն էլ՝ նման ձևաչափով։ Երբ մեր գործողությունների բուն նպատակը դարձրեցինք առաջնային և հասկացանք, որ անում ենք բարի գործ, մեխանիկորեն մտածմունքներն ու վախերը մղվեցին հետին պլան։ Ավելի հաստատուն քայլերով առաջ գնացինք այն ժամանակ, երբ արդեն նախագծի շրջանակներում իրենց մասնակցության ցանկությունն արտահայտեցին «Միրզոյան կվարտետը», «Ինռոք» կվինտետը, Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, «Բարդ» ակումբը, Լևոն Մալխասյանը, և այլք։

– Ինչպե՞ս է պետք իրազեկել, պատմել, գրել նմանօրինակ բարեգործական նախագծերի մասին, որ հանրության մոտ տպավորություն չստեղծվի, թե տվյալ կազմակերպությունն ուղղակի օգտագործում է մարդկանց ողբերգությունն իր PR-ի համար։

– «Լոֆթն» իր գործունեության ընթացքում կազմակերպել ու իրականացրել է այնպիսի մասշտաբային միջոցառումներ, նախագծեր, որոնք շատ լավ և գրագետ կերպով՝ որպես PR գործիք են աշխատել, և թե՛ մեկ տարի առաջ իրականացված «40 Բարության օր» նախագիծը, թե՛ «69.120» նախագիծը չեն մտնում այդ շարքի մեջ, և դա ակնհայտ է։
Մենք ունենք մեծ լսարան և ընկերներ, ովքեր դեռ անցյալ տարի հավատացել են նախագծի հաջողությանը և միացել են մեզ առանց վարանելու. նման համագործակցություններն իրականացնելու համար մենք օգտագործել ենք մեր ներքին ռեսուրսները և կապերը։ Մեր այցելուների քանակն ու իրականացրած միջոցառումների առատությունը թույլ է տալիս բարձրաձայնել, որ այլևս անմիջական գովազդի կարիք չունենք։

Եվ եթե դեռ կլինեն մարդիկ, ովքեր կկարծեն, թե այս ամենը PR շահեր է հետապնդում, խնդիր չկա, թող համարեն։ Ամեն մեղադրող եթե միանա նախագծին և կարողանա ինչ-որ բանով օգտակար լինել այս բալիկներին, արդյունքն ու օգնությունն ավելի շոշափելի կլինի։

– Վերադառնանք նախագծին։ Ի՞նչ կոնցեպտով եք իրականացնում նախագիծը։

– Ընդհանուր նախագծի կոնցեպտը հետևյալն է՝ մտնելով Պահքի մեջ՝ «Լոֆթն» իր անձնակազմով, իր գործունեությամբ, կազմակերպվող իրադարձություններով՝ փորձելու է անել հանրօգուտ, բարի, սոցիալական պատասխանատվություն կրող տարբեր միջոցառումներ։ Նպատակը՝ իրազեկել հանրությանը, երիտասարդներին Պահքի մասին, թե ինչ է Պահքի բուն իմաստն ու էությունը, որի հիմքում մեր մտքերի ու գործողությունների մաքրությունն ու բարի նպատակներն են։

Arevik-Loft (2)

Մեր իրադարձությունների մեծ մասն ուղղված է բարեգործությանը, մասնավորապես՝ բալիկներին, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ (լեյկոզ և քաղցկեղ), ովքեր իրենց բուժումն անցնում են տարբեր բժշկական հաստատություններում։
Բացի բարեգործական համերգներից, որոնց մասնակցում են հայտնի երաժիշտներ, ամեն կիրակի իրականացնում ենք ուխտագնացություններ Հայաստանի տարբեր վանքեր և մասնակցում ենք պատարագին, իսկ շաբաթ օրերին «Լոֆթը» վերածվում է ազատ հարթակի՝ կրոնական և աշխարhիկ թեմաների շուրջ քննարկումներ իրականացնելու և զրուցելու համար։

– Ովքե՞ր են ընտրում, թե որ երեխաներին է պետք օգնել։ Ի՞նչ չափորոշիչներով է դա կատարվում։

– Երբ նախագիծը դեռ նոր էինք սկսում, հոգեբանորեն մեզ համար շատ դժվար էր։ Այդ ժամանակ դեռ ինքնուրույն էինք ընտրում բալիկներին` հիմնականում առաջնորդվելով ֆեյսբուքյան հայտարարություններով և պատմություններով։ Մենք գտնում էինք նրանց, շփվում բալիկի ծնողների հետ… Սակայն կարճ ժամանակում հասկացանք, որ պրոֆեսոնիալ չենք գործում։

– Ինչո՞ւմ էր արտահայտվում ոչ պրոֆեսիոնալիզմը։

– Մենք պատրաստ չէինք այն խնդիրներին, որոնց պիտի առնչվեինք։ Սխալվելու ռիսկը բավականին մեծ էր, քանի որ բոլոր պատմություններն էլ հուզիչ և մտահոգող էին։ Որոշեցինք համագործակցել այն մարդկանց և կազմակերպությունների հետ, որոնք ավելի պրոֆեսիոնալ են այս գործում։ Դիմեցինք «Bridge of health Armenia» բարեգործական հիմնադրամին, որի հիմնական առաքելությունը հենց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ընթացքին աջակցելն է։ Հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Անահիտ Բարսեղյանի հետ մեր առաջին իսկ զրույցից հետո հասկացանք, որ համագործակցելը խիստ արդյունավետ կլինի, ինչն այսօր վկայում են անցյալ տարվա արդյունքները։

– «69.120» բարեգործական նախագծի անունն ի՞նչ խորհուրդ ունի։

– Պահքի շրջանի 48 օրվա մեջ մենք ունենք 69.000 120 րոպե։ Ելնելով «Loft»-ի կոնցեպտից՝ վճարիր րոպեի դիմաց, մենք վերածեցինք այս 48 օրը րոպեների։ Եվ մարդկանց առաջարկեցինք՝ նույն կոնցեպտով գալով «Լոֆթ», հնարավորության դեպքում րոպեներ «գնել» այս բալիկների համար։ Այսինքն՝ մենք րոպեն վերածեցինք դրամի՝ ցույց տալու համար, որ այս բալիկների համար ամեն րոպեն շատ թանկ է։ Այս տարի արդեն իսկ նախագծի շրջանակներում փորձում ենք նաև ներառել տարբեր ընկերությունների և ձեռնարկությունների։ Հուսով ենք՝ որոշ ընկերություններ կմիանան մեզ. դիմել ենք հանրապետության բջջային օպերատորներին՝ կրկին պահպանելով րոպեի «տրամաբանությունը»։

– Որևէ օպերատորից արձագանք եղե՞լ է։

– Ցավոք, դեռ ոչ, բայց չենք հուսահատվում։

– Որքա՞ն գումար է մինչ օրս հավաքվել։

– Մենք դեռ իրավունք չունենք արկղը բացելու։ Արկղը կնքված է «Loft»-ի և «Breadge of health»-ի կնիքներով։ Այն բացելու ենք մարտի 27-ին՝ Պահքն ավարտվելուն պես, որից հետո կներկայացնենք մանրամասն հաշվետվություն։ Անցյալ տարվա բարեգործական հասույթի չափը հասնում էր 4,000,000 ՀՀ դրամի։

– 48 օրվա ընթացքում՝ 4 միլիոն դրա՞մ։

– Անցյալ տարի, ինչպես արդեն նշեցի, մեզ շատերը միացան։ Հույս ունեմ, որ մեզ ավելի մեծ թվով ընկերություններ կմիանան այս տարի, և ուրախ կլինենք, եթե գերազանցենք անցյալ տարվա ֆինանսական օգնության չափը։

Արդեն իսկ մեզ միացել են Լիլիթ Պիպոյանը, Հայկ Պետրոսյանը, Լիլիթ Բլեյանը, «Colors of music» բենդը, «Գաթա» բենդըգ Մինչ այդ մեզ մոտ հանդես եկավ Նազենի Հովհաննիսյանը՝ խոսքի մշակույթի վերաբերյալ թրեյնինգով։ Նրանք բոլորը միացել են «Լոֆթի» գաղափարին՝ նվիրելով իրենց «բարության րոպեները» հրաշք բալիկներին։

– Դուք նշեցիք, որ ֆինանսական հոսքին չեք հետևում, քանի որ լիովին վստահում եք տվյալ կազմակերպությանը։ Իսկ բալիկների բուժմանն ու ապաքինմանը հետևո՞ւմ եք։

– Այո, միանշանակ։ Նաև համոզմունքս պետք է հայտնեմ, որ այդ երեխաներից շատերն ունեն բուժվելու հնարավորություն` ուղղակի պետք է տալ կամ ստեղծել այդ հնարավորությունը։

– Ի՞նչ նոր մտահղացումներ ունեք՝ բարեգործական նպատակներով։

– Կազմակերպելու ենք գեղեցիկ ցերեկույթ՝ թեյախմության արարողություն, որը բարեգործական հիմունքներով կվարի «Tea Art» թեյի և սուրճի մասնագիտացված սրահի հիմնադիրը։ Այս միջոցառմանը հրավիրված կլինեն մեր երկրում հավատարմագրված դեսպանների կանայք, ովքեր ևս կմիանան բարության րոպեներ նվիրող մարդկանց բանակին։

– Շատերին հետաքրքրում է, թե ի՞նչ միջոցներով է գործում «Լոֆթը»։ Ովքե՞ր են հովանավորները։

– Շատերին թվում է, թե «Լոֆթը» հովանավորվում է անհայտ տիեզերական ուժերի կողմից։ «Լոֆթն» ինքնաֆինանսավորվող և իր բիզնես մոդելն արդարացրած կենտրոն է, որի հիմքում ընկած է «վճարիր քո անցկացրած ժամանակի և տարածքի դիմաց» սկզբունքը։ Լոֆթը չունի հովանավորներ, բայց այս բիզնես մոդելն իրականում այնքան ճկուն է, որ շատ ավելի լավ կլինի շարունակել ու ընդլայնել հենց հովանավորների միջոցով։

– Բայց մինչ այցելուների րոպեավճարները՝ բավական մեծ ներդրում է կատարվել։

– Բնականաբար, ներդրում է արվել այս ամենը ստեղծելու համար. հիմնադիրները ռուսաստանաբնակ երիտասարդ հայ ձեռներեցներ են, ովքեր Հայաստանում այլ բիզնես նախագծերի արդյունքում բավականին մեծ թվով աշխատատեղեր բացեցին, հետագայում առաջացավ նաև «Լոֆթի» մտահղացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս