Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման հարցերը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման հարցերը։
Նշվեց, որ հաշվի առնելով հանրապետությունում վատթարացնող ժողովրդագրական իրավիճակի` մասնավորապես ծնելիության ցուցանիշի և բնական աճի կրճատումը (1990թ.- 80.039 ծնունդ, իսկ 2014թ.-43.340, բնական աճը` համապատասխանաբար 16.3 և 5.1) 2007թ. հուլիսի 26-ին ՀՀ Կառավարության թիվ 29 արձանագրային որոշմամբ հաստատվեց առողջապահության նախարարության կողմից մշակված վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների ժամանակացույցը` համարվելով առաջնահերթություն։
Ռազմավարության իրականացման առաջին շատ կարևոր քայլն էր 2008թ. ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը, որը Հայաստանի Հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրավամբ դարձրեց անվճար, ինչը նպաստեց որակական ցուցանիշների բարելավմանը: Այսպես, եթե մայրական մահացության ցուցանիշը 1998-2000թթ. եղել է 39,9/100.000 կենդանածնության հաշվով, ապա 2014թ. 18,6/100.000 կենդանածնության հաշվով կամ նվազել է ավելի քան 2 անգամ: 2015թ. գրանցվել է մայրական մահացության աննախադեպ ցածր մակարդակ, 5 դեպք` մահացության ինդեքսը 13: Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի համեմատությամբ:
Հատկապես տպավորիչ են մանկական և նորածնային մահացության ցուցանիշների կրճատումը (մանկական մահացություն-2011թ.` 11,7‰, 2014թ.` 8,7‰, նորածնային մահացություն` 2011թ.` 8,4‰, 2014թ.` 6,7‰, որը հասանելի է հազարամյակի թիրախային ցուցանիշին)։
Առաջնային և երկրորդային անպտղության ցուցանիշը 1998թ. եղել է 32%։ Ժամանակակից հետազոտման ու բուժման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ներդրման շնորհիվ անպտղությունը կրճատվել է ավելի քան կրկնակի անգամ` 2014թ. կազմելով 14,9%։
Հանրապետության ամբողջ տարածքում ընտանիքի պլանավորման ծառայությունների ստեղծման, ժամանակակից հակաբեղմնավորիչների տրամադրման, բնակչության իրազեկման բարձրացման և բժշկական անձնակազմի գիտելիքների բարձրացման շնորհիվ 2,5անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչը հանգեցրել է երկրորդային անպտղության 2,5 անգամ կրճատման, ինչպես նաև մայրական մահացության դեպքերի նվազեցման:
«Սա ամենից կանոնակարգված ոլորտն է, բայց մենք պետք է ավելին անենք ոչ միայն առողջապահական ցուցանիշների բարելավման, այլև ծնելիության ավելացման, հետևաբար և ժողովրդագրական ցուցանիշների բարելավման նպատակով»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Այնուհետև քննարկվեցին այն ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կարող են նպաստել այդ ցուցանիշների բարելավմանը։ Եղան բազմաթիվ առաջարկներ դեռահասների առողջության պահպանմանը, հղիության վարման և հսկողության բարելավմանը, հղիների ախտաբանության վաղ ախտորոշմանը և բուժման բարելավմանը, պրենատալ ախտորոշման, անհաս, ցածր քաշով և ախտաբանություններով նորածինների խնամքի, անպտուղ զույգերի հետազոտման և բուժման բարելավմանը, ինչպես նաև զույգերի մինչամուսնական հետազոտմանը և նախաբեղմնավորման խնամքի ներդրմանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։
Նշենք, որ ներկայումս մշակվել է և փորձաքննության փուլում է գտնվում 2016-2020թթ. վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի կառավարություն հաստատմանը: