Ռուսաստանում կայի՞ն մարդիկ, որոնց մոտ դրդապատճառներ են եղել Թևոսիկի եղբոր սպանությունը կազմակերպելու կամ կատարելու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբայր Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստը:

Դատարանն այսօր շարունակեց փաստաթղթերի հետազոտումը: Հրապարակվեցին մի շարք խոսակցությունների վերծանումներ: Դրանցից մեկում, ըստ պաշտպանական կողմի, խոսվում է սպանության պատճառի, 1 մլն 200 հազար եվրո գումար «վազվրատ անելու» մասին: Խոսակցությունների հրապարակումից հետո ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց. «Այդ հրապարակումները բերում են այն համոզմունքին, որ տուժող կողմի մոտ՝ Թևոսի և իր շրջապատի, որևէ համոզմունք, մանավանդ՝ լիարժեք համազմունք, թե կատարողն ով է կամ ինչ նպատակով կամ պատճառով, չկա՝ չնայած շրջանառության մեջ Իսրայել Սարգսյանն արդեն կա՝ որպես, իբր, կատարող»: Մեղադրող Արմեն Փանոսյանը վկայակոչեց Թևոս Սաֆարյանի և Տիգրան Ասատրյանի (նա այս քրեական գործով նախկինում անցնում էր՝ որպես մեղադրյալ, հետագայում նրա մասն անջատվել էր և առանձին ուղարկվել դատարան) խոսակցությունը, որի ընթացքում, ըստ նրա, ըստ էության Տիգրան Ասատրյանը փաստացի հայտնել է այն բոլոր հանգամանքները, որոնք հետագայում տվել է իր ցուցմունքներում:

Մեղադրողը հրապարակեց նաև Իսրայել Սարգսյանի և այժմ մահացած համարվող Մովսես Ներսիսյանի (Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին) որդու հեռախոսյին խոսակցությունը, ըստ որի՝ Մովսեսի որդին Իսրայել Սարգսյանին ասել է, որ գնացել է տուն, սակայն հայրն այնտեղ չէի եղել, մարզ գնալիս էլ հայրը միշտ զգուշացրել է, որ անհասանելի է լինելու: Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Իսրայել Սարգսյանն էլ ասել էր, որ ուշ-ուշ է հանդիպում, շփվում նրա հետ:

Ըստ փաստաթղթերի՝ նախաքննության ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ (խոսքը Մովսես Ներսիսյանի մեքենայի մասին է) բեռնախցիկից հայտնաբերվել է սպիտակ կարճաթև մայկա, որի վրա առկա է եղել արնանման հետք, սև գույնի բաճկոն: Հայտաբերված առարկաներն ուղակվել են փորձաքննության, որի եզրակացության հետևությունների մասի համաձայն՝ բաճկոնի և սպիտակ շապիկի վրա տեղակայված հետքերում հայտնաբերվել է արյան առկայություն, որն առաջացել է արյան A խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից: Ըստ եզրակացության՝ սպիտակ շապիկի վրա տեղակայված արյան հետքերի առաջացման վաղեմությունը համապատասխանում է 10-14 օրվա: Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս կարելի է բեռնախցիկի մեջ դի տեղափոխել, և այնտեղ արյուն չհայտնաբերվի: Նրա խոսքով՝ ըստ մեղադրողի վարկածի՝ հյուրանոցում սպանվելուց հետո դին կոյուղահորի մոտ տեղափոխվել է ավտոմեքենայի բեռնամասում. «Ուղղակի անհնար է պատկերացնել դիակի փոխադրում, որն արյան հետք չի առաջացրել»: Բացի այդ՝ փաստաբանն ասաց, որ եթե նույնիսկ արյան հետքը լվացվել է, գոյություն ունեն հետազոտման նոր մեթոդներ, երբ որոշակի լուսային ճառագայթների ազդեցության տակ երևում է, որ տարածքում արյուն հիշեցնող որևէ բան կա:

Հրապարակվեց նաև մեկ այլ եզրակացություն. նախաքննության տնթացքում Դավթաշենում գտնվող «Մագնում» հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակի (ըստ քննության վարկածի՝ Մովսես Ներսիսյանի սպանությունը հենց այս համալիրում է տեղի ունեցել) հեռուստացույցի հեռակառավարման վահանակի և սանհանգույցի դռների վրայից հայտնաբերվել են և բամբակյա խծուծների վրա առգրավվել են արնանման նյութի հետքեր, այդպիսի հետքեր էին հայտնաբերվել և առգրավվել նաև համարի աստիճանների, ավտոտնակի հատակի վրայից, առգրավվել է նաև աթոռակ, որի փայտյա ոտների վրա առկա են եղել արնանման նյութի հետքեր: Նյութերը ներկայացվել են դատակենսաբանական փորձաքննության. դրանց մի մասի վրա հայտնաբերվել է մարդկային ծագման արյան առկայություն, որն առաջացել է արյան A խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից:

Ներկայացված կասկածելի հետքերի մի մասում ևս հաստատվել էր արյան առկայություն, սակայն դրա տեսակային պատկանելությունը չի որոշվել՝ հավանաբար արյան հետքում սպիտակուցի պակաս խտության պատճառով: Այս եզրակացության վերաբերյալ պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ հյուրանոցի սենյակում, որտեղ իբր կատարվել է սպանությունը, հայտնաբերված արյունն այնքան փոքր է, որ նույնիսկ ուսումնասիրել հնարավոր չի եղել. «Բա ինչպե՞ս կարող է սպանություն տեղի ունենալ՝ առանց արյան հետքեր թողնելու»: Փաստաբանն ասաց նաև, որ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու որոշման մեջ քննիչր կարևոր տեղ է հատկացրել դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ռետինե ձեռնոցին, դրա կապակցությամբ փորձագետին հարցեր են առաջադրվել: Նա նշեց, որ ձեռնոցը կարևորվել է, դրա վրա ԴՆԹ, կրակոցի լիարժեք արգասիքներ են հայտնաբերվել, բայց քննիչը «մոռացել է» այն ներառել իրեղեն ապացույցների շարքում:

Նախաքննության ընթացքում նաև քննչական փորձարարություն էր կատարվել. անկենդան խոզին նետել էին դիտահորը. ըստ քրեական գործի նյութերի՝ Մովսես Ներսիսյանի դին նետվել է դիտահորը և չի հայտնաբերվել: Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն էլ ասաց, որ այս բոլորի արդյունքում դիակը չի հայտնաբերվել, խոզը հայտնաբերվել է: Մեղադրողը հրապարակեց կեղտաջրերի մաքրման կայանման արված զննությունը, ինչի արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող իրեր, առարկաներ չեն հայտնաբերվել, փորձարարության ժամանակ նետված անկենդան կենդանին ևս այնտեղ չի հայտնաբերվել:

Այս առնչությամբ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն ասաց, որ ժամանակին քննչական մարմինը ցանկացել է իմիտացիա անել, որ ինչ էլ նետեն կոյուղի, չի հայտնաբերվելու. նրա խոսքով՝ այն ընթացքում կոյուղի երկու մեծ խոզ է նետվել, ըստ նրանց՝ դրանք չեն հայտնաբերվել, սակայն իրականում հայտնաբերվել է: Մեղադրող Արմեն Փանոսյանն էլ ասաց, որ մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կոյուղատարի հետազոտման համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր տեխնիկական միջոցները: Իրականացված միջոցառումների արդյունքում նետված առարկաների հայտնաբերման փաստ չի արձանագրվել:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն էլ ասաց, որ քրեական գործում առկա տեղեկատվությունից երևում է սպանված Արթուր Սաֆարյանի սերտ կապը Ռուսաստանի հետ: Նա նշեց, որ այս ուղղությամբ քննությունը չի խորացել՝ իմանալու համար՝ Ռուսաստանում կայի՞ն մարդիկ, որոնց մոտ դրդապատճառներ են եղել՝ սպանությունը կազմակերպելու կամ կատարելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս