«Չի կարող լինել Թումանյանի շաուրմա, նույն հաջողությամբ կարող են ասել Մաշտոցի խորոված». Սերգո Երիցյան
21-րդ դարի գերխնդիրներից մեկը մայրենի լեզուն պահպանելն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրել է 40 լեզուներ, որոնք ունեն լեզվապահպանության խնդիրներ: Բարեբախտաբար, այդ ցանկում ներառված չէ հայերենը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասել է ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
«Մեր լեզուն պաշտպանված է մեր պետականությամբ, մշակութային արժեքներով: Չնայած դրան, ցավոք, պետք է նշել, որ մեր արևմտահայերենը, որը մեր լեզվի կարևոր ճյուղերից մեկն է, ունի որոշակի մարտահրավերներ լեզվապահպանության առումով»,-ասաց Սերգո Երիցյանը:
Անդրադառնալով այսօրվա մարտահրավերներին` Սերգո Երիցյանն առանձնացրեց փողոցային, անհարիր լեզվախոսվածքից մեր լեզվի պահպանության խնդիրը: Նրա խոսքով, լեզվի պաշտպանությունը պետք է լինի ամեն օր, դա պետք է ամեն հայի գործը լինի: Շատ հաճախ քաղաքացիները հայացքներ հարում են պետական մարմիններին, բայց, ըստ Սերգո Երիցյանի, մոռանում են, որ լեզվի պահպանությունը նախ և առաջ կատարվում է ամեն մեկի ընտանիքում:
Խնդիրների լուծման համար, Սերգո Երիցյանն անհրաժեշտ է համարում սահամանդրական փոփոխություններին համապատասխան փոփոխություններ կատարվեն «Լեզվի մասին» օրենքում:
«Անհրաժեշտ է լեզվի հիմնախնդիրներով զբաղվող պետական մարմին ստեղծել: Լեզվի տեսչությունը հսկողական գործառույթ իրականացնող մարմին չէ: Այն չի իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնցով նպաստեր լեզվի զարգացմանը: Ենթադրենք անհարժեշտություն կա նոր բառարանների, նոր շտեմարանների, ինչպես նաև լեզվական իրողությունների ուսումնասիրությունների: Ակադեմիայի լեզվի ինստիտուտը, համալսարանների ամբիոնները գործառույթներն իրականացնում են այնքանով որքանով, բայց այստեղ անհրաժեշտ է հատուկ մարմին: Մենք հիմնականում զբաղվում ենք վերահսկողությ ամբ և հիմա դա եկել է հասել է այնպիսի մակարդակի, որ անդրադառնում ենք թե այս կամ այն գովազդային պաստառի վրա գրվածը հայերե՞ն է, թե՞ ոչ: Սա զարմանալի է»,-ավելացրեց Սերգո Երիցյանը:
Տնտեսական դժվարություններով պայմանավորված` Լեզվի պետական տեսչությունը ձեռնպահ է մնում տուգանքներից, սակայն Սերգո Երիցյանը նշեց, որ, դա հասկանալով, տնտեսվարողները պետք է պատրաստակամ լինեն սխալները շտկելու հարցում: Նրա խոսքով, արդեն տևական ժամանակ է պայքարում են «Թումանյանի շաուրմա» սննդի կետի սեփականատիրոջ հետ` նշելով, որ գրվի Թումանյանի փողոցի շաուրմա:
«Չի կարող լինել Թումանյանի շաուրմա, նույն հաջողությամբ կարող են ասել Մաշտոցի խորոված և այլն; Տնտեսվարողն ասում է, որ ոչ մի օրենսդրական դրույթ չի խախտել, և դա այդպես է, բայց չի կարելի արժեհամակարգը վնասել»,-ասաց Սերգո Երիցյանը:
Սերգո Երիցյանը հորդորեց լրատվամիջոցներին պարբերաբար ուշադրության կենտրոնում պահել նման խնդիրները: