«Ռուս արջը վիրավորված է և կարող է վճռական քայլեր ձեռնարկել». Ալեքսանդր Մանասյան

«Իրադրությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը մտել է տարածաշրջան, ոչ թե Ռուսաստանի պատճառով, ուղղակի խաղաքարտերը բացվել են Ռուսաստանի ներկայության պարագայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների սրման մասին: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը Սիրիայում չհայտնվեր, հնարավոր է՝ դանդաղ Սիրիական պետությունը վերանար: Նրա գնaհատմամբ՝ այդ դեպքում Թուրքիան կկատարեր իր ծրագրերը, Արևմուտքը՝ իր ծրագրերը, բայց հիմա «հաշիվները խառնված» են, քանի որ Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայի կառավարական կառույցի, Բաշար Ասադի օգտին, իսկ Արևմուտքը ողջ կոնֆլիկտի իմաստը փորձում է հանգեցնել հենց Բաշար Ասադին՝ դրանով թաքցնելով խնդրի իրական բովանդակությունը:

«Թուրքիան ցանկանում է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում: Ռուսաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում և օգնում է միայն կառավարական զորքերին: Սիրիայի հյուսիսային սահմաններում ապրում են թուրքեր, որոնց միջոցով Թուրքիան ցանկանում է իր ծրագրերն իրագործել՝ հետևյալ ձևով, պահանջում է, որ այնտեղ լինի ինչ-որ չեզոք գոտի ու ապահովի իր ազատ մուտքը դեպի Սիրիա: Վերջին տվյալներով՝ մոտ 2000 զինյալներ են Թուրքիայից մտել Սիրիա՝ Ազաս կոչվող քաղաքը, որպեսզի պաշտպանեն քաղաքը սիրիական կառավարական զորքերից: Սա համարում եմ ցամաքային պատերազմի սկիզբ: Գտնում եմ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը, ԱՄՆ-ը պետք է փոխեն իրենց վարքը: ԱՄՆ-ը չի ուզում, որ սիրիական թնջուկը լուծվի այնպես, որ Թուրքիան դրանից շահի, ու Թուրքիան իսկապես դառնա տարածաշրջանային գերտերություն: ԱՄՆ-ը ցանկանում է, որ այդտեղ իրենք ամրանան, ոչ թե Թուրքիան: Ռուսաստանը նույն քաղաքականությունն է վարում»,- կարծում է քաղաքագետը:

Ա. Մանասյանի դիտարկմամբ՝ այն, որ թուրքերը սկսում են ցամաքային գործողություններ ու նույնիսկ կոչ են անում իրենց ԱՄՆ-ի և Արևուտքի գործընկերներին՝ մասնակցել այդ ցամաքային գործողություններին, նշանակում է՝ խնդիրը մտել է լրիվ նոր փուլ: Նա չի բացառում նաև, որ Ռուսաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը ցամաքային զորքեր մտցնելու համար: Ըստ Մանասյանի, եթե Թուրքիան ձեռնարկի լայնածավալ գործողություններ, Ռուսաստանը կմասնակցի նաև ցամաքային գործողություններին. «Այդ պարագայում, կարծում եմ, խնդիրներ են ծագելու նաև կապված Մոսկովյան պայմանագրի հետ, Կարսի պայմանագրի հետ:

Եթե առճակատում սկսվի, դրան հետևելու է ռուս-թուրքական եղբայրության պայմանագրի չեղարկումը, ու պատահական չէ, որ ռուս պատգամավորները դիմել են ՌԴ նախագահին և արտգործնախարարին՝ պայմանագրի չեղարման առաջարկով: Քայլը փոքր է ու պաշտոնական չէ, բայց նախապատրաստող է»: Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այս գիշեր տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որով Ռուսաստանն առաջարկում էր մարտի 1-ին Սիրիայում խաղաղություն հաստատել, բայց Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դեմ են քվեարկել, ԱՄՆ-ը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային արգելելու Սիրիա մտցնել ցամաքային զորքեր, քանի որ Ռուսաստանն ագրեսոր երկիր է, քաղաքագետը պատասխանեց, որ այս գիշեր տեղի է ունեցել բեկումնային քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Քաղաքականության մեջ այդպես է, կարող են նպաստել, որ Ռուսաստանը մտնի, ու ինչ-որ մի էտապում դա կանգնեցնեն: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը, Արևմուտքը, իհարկե, ցանկանում են, որ Ռուսաստան մենակ մտնի այնտեղ, ու սպասեն, տեսնեն՝ ինչ է կատարվելու:

Կարդացեք նաև

Ուզում են՝ Ռուսաստանը մենակ իր վրա վերցնի այդ բեռը, և Անվտանգության խորհրդի այդ որոշումն այս կանխատեսման իրականացումն է: Արևմուտքը կցանկանա՝ Ռուսաստանը մտնի բաց պատերազմի մեջ Թուրքիայի հետ, բայց կտեսնի՝ ինչպես հետո կարող է փոխել իրադարությունը դարձյալ իր օգտին»,- նշեց Ա. Մանասյանը: Նրա խոսքով՝ այսօրվա Ռուսաստանը, այնուամենայնիվ, 10 տարի առաջվա Ռուսաստանը չէ՝ իր զինատեսակներով, հագեցվածությամբ, վճռականությամբ ու իր շահերի գիտակցությամբ.

«Մենք ունենք մեծ գերտերության կարգավիճակին հավակնող մի երկիր, որը նաև պատվախնդիր մոտեցումներ է ցուցաբերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին: Եթե հիշում եք, Պուտինը նույնիսկ դիվանագիտական կոռեկտության սահմանները խախտեց՝ ասելով, որ ոուրքերը խփել են ինքնաթիռը՝ իրենց ավագ եղբոր ինչ-որ տեղը լիզելու համար: Սա խոսում է այն մասին, որ ռուս արջը վիրավորված է և կարող է վճռական քայլեր ձեռնարկել»: Ըստ Ա. Մանասյանի՝ Ռուսաստանի համար բարենպաստ զարգացումների դեպքում՝ Մոսկվան հրապարակ կհանի ռուս-թուրքական պայմանագիրը: Նա նաև կարծում է՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ակտիվ չեզոքություն պահի:

 

Տեսանյութեր

Լրահոս