«Նաիրա Զոհրաբյանը ինձ հայհոյեց և սպառնաց». Թուրքիայի հայազգի պատգամավոր. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը «ՀԺ»-ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ-ում իր եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ անդրադարձել է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին իր քվեարկությանը: Հիշեցնենք, Եսայանը կողմ էր քվեարկել այդ զեկույցին, որից հետո Նաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում նրան մի քանի քաղցր խոսք էր ասել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Զոհրաբյանի դեմ, եւ այն կարող է ընթացք ստանալ:

«Նաիրա Զոհրաբյանը ինձ հայհոյեց եւ սպառնաց։ Մեր պատվիրակությունը գանգատ ներկայացրեց նախագահությանը։ Տեղեկացրեցին արածների մասին։ Պատժամիջոցներ պետք է գործադրվեն իր դեմ: Նաիրա Զոհրաբյանը պիտի զգուշացվի: Մեզ հայտնեցին, որ ապրիլին՝ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում նա կարող է ներողություն խնդրել»,- տեղի ունեցածն այսպես է ներկայացնում Եսայանը։

Վերջինիս կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավոր Զոհրաբյանը անվայելուչ պահվածք ունի, ինչը Հայաստանի պետականությանն անվայել է: Ինչ վերաբերվում է ադրբեջանամետ բանաձեւին իր կողմ քվեարկելուն, ապա, Եսայանի կարծիքով, այդ բանաձեւն ունի մարդասիրական բնույթ:

«Ես քվեարկել եմ՝ հետեւելով իմ խղճի ձայնին։ Այնտեղ ընդունված զեկույցը ունի մարդասիրական բնույթ։ Ես պարտավոր չեմ հաշիվ տալ իմ քվեարկության համար: Որեւէ անձից ազգային պատկանելության հիման վրա վերաբերմունք ակնկալելը ցեղապաշտություն է։ Ես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր եմ ու սխալ եմ համարում նման ակնկալությունները։ Ես այդ քվեն չեմ տվել Թուրքիայի պատվիրակության անդամներից մեկը լինելու պատճառով, այլ քվեարկել եմ իմ ազատ կամքով»,- հայտարարում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս