«Կարևոր է, որպեսզի Հայաստանը հայ-թուրքական հարաբերություններն առանձնացնի ռուս-թուրքական ճգնաժամից». թուրք վերլուծաբան
«Կարևոր է, որպեսզի Թուրքիան Հայաստանին դիտարկի՝ որպես անկախ երկիր»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հարցազրույցի ընթացքում ասաց Անկարայի Քաղաքագիտական կենտրոնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բուրչու Գյուլթեկինը՝ անդրադառնալով Սիրիայի շուրջ սրվող ռուս-թուրքական հարաբերություններին, և այդ ֆոնին՝ իրավիճակին Հարավային Կովկասում:
Նա նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների մոտակա ապագայի համար որոշիչ նշանակություն է ունենալու այն, թե ինչպես են իրադարձությունները զարգանալու Սիրիայում այսուհետ: Նրա որակմամբ` ռուս-թուրքական ճգնաժամն այլևս միայն երկկողմանի ճգնաժամ չէ: Գյուլթեկինի խոսքով, կարելի է ակնկալել ռուս-թուրքական լուրջ ռազմական էսկալացիա այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի իր օդային գործողությունը Հալեպում, որը կմեծացնի փախստականների հոսքը դեպի թուրքական սահման: «Ըստ էության, այսօր ՆԱՏՕ-ն լուրջ մոբիլիզացիայի աշխատանքներ է իրականացնում ռուս-թուրքական սահմանին: Կարելի է սպասել Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածություն, և գուցե՝ դիվանագիտական հարաբերությունների դադարեցում»,- նշեց թուրք վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական քաղաքական-տնտեսական պրոյեկտների իրագործման հնարավորություններին ներկայիս պայմաններում, նա ասաց, որ «Թուրքական հոսքը» երբեք չի եղել լուրջ բիզնես պրոյեկտ: «Ծրագիրը հայտնվեց օրակարգում հակաուկրաինական նախաձեռնությունների և Թուրքիայի նկատմամբ ժեստ իրականացնելու անհրաժեշտության ֆոնին: Հետաքրքիր է` կարո՞ղ է արդյոք «Գազպրոմը» գտնել բավարար միջոցներ ծրագիրն առաջ մղելու համար: Ավելի կարևոր պրոյեկտ է «Ակկույու» ատոմային էլեկտրակայանը: Ճգնաժամի գագաթնակետի փուլում «Ակույուի» մասին ոչ ոք չի խոսում: Իհարկե, խաղաքարտին մեծ շահեր են, Ռուսաստանը մեծ ներդրումներ ունի: Ես անձամբ չեմ հուսահատվի, եթե պրոյեկտը չեղարկվի, ես վստահ չեմ, որ Թուրքիային անհրաժեշտ է միջուկային էներգիա, և հատկապես՝ էլեկտրակայան` ռուսական տեխնոլոգիաներով կառուցված»,- ասաց թուրք վերլուծաբանը:
Բուրչու Գյուլթեկինի կարծիքով՝ կարևոր է, որպեսզի Ռուսաստան-Թուրքիա շփման ուղիղ հաղորդակցություն բացվի: «Պատժամիջոցների վերացումը կունենա դրական ազդեցություն Թուրքիայի ներսում հանրային դիվանագիտության տեսանկյունից: Սակայն դուք չեք տեսնի ռուսների նկատմամբ վատ վերաբերմունք Թուրքիայում: Թուրք հասարակությունը սիրում է ռուս ժողովրդին, և պետք չէ մոռանալ, որ մենք ունենք երիտասարդ ռուս-թուրքական սերունդ»,- ասաց փորձագետը:
Հարցին, թե ռուս-թուրքական լարման ֆոնին ամրացած թուրք-ադրբեջանական հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան Հարավային Կովկասի և Հայաստանի վրա, նա պատասխանեց, որ ճգնաժամի ֆոնին Ադրբեջանը հաջողակ կերպով վերակառուցեց իր հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ: «Առանց Ռուսաստանի հետ հարաբերություններում լարման, Ադրբեջանը տվել է բոլոր երաշխիքները Թուրքիային: Մենք շատ հստակ կերպով համոզվեցինք Արևելք-Արևմուտք միջանցքի կարևորության մեջ, այն, որ Թուրքիան կարող է հասնել մինչև Կենտրոնական Ասիա՝ Կովկասով, հանդիսանում է ասպեկտներից մեկը: Կարևոր է նաև այն, որ Վրաստանն ու Ադրբեջանը կարող են դուրս գալ դեպի արտաքին աշխարհ Թուրքիայով՝ նոր սառը պատերազմի ծայրահեղ բևեռացվածության դեպքում: Ես տեսա, թե որքան սխալ է այն, որ փակ է հայ-թուրքական սահմանը: Կարևոր է, որպեսզի Թուրքիան Հայաստանին դիտարկի՝ որպես անկախ երկիր, և, որ Հայաստանն առանձնացնում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները ռուս-թուրքական ճգնաժամից: Հայերը պետք է պահպանեն Թուրքիայից մարդկանց հետ ուղիղ շփումները` չտրվելով Ռուսաստանի ազդեցությանը, և որոշ առումով՝ նաև Թուրքիայի մասին քրդերի կարծիքներին»,- ասաց նա:
Թուրք վերլուծաբանը նաև ասաց. «Կարո՞ղ ենք մեղադրել կայսերապաշտության մեջ մի երկրի, որը պաշտպանում է իր օդային տարածքը և որը դարձավ աշխարհի առաջին երկիրը, որն ընդունեց փախստականներին: Թուրքիայում սիրիական բնակչությունն արդեն հավասարվում է Հայաստանի բնակչությանը: Կցանկանայի ասել, որ և՛ Սիրիան, և՛ Իրաքը պետք է ուշադրություն դարձնեն կարճաժամկետ հեռանկարի վրա, որի ընթացքում ռուս և իրանցի զինվորականները գործելու են նրանց տարածքներում»: