Սիրիայի հարցով բանակցություններն անիմաստ են, քանի դեռ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններն իմաստ չունեն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել երկրի ողջ տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ռուսաստանը շարունակում է մարդկանց սպանել Սիրիայում: Կարելի՞ է խոսել խաղաղ հավաքի մասին: Կարո՞ղ է խոսք գնալ խաղաղ բանակցությունների մասին»,- հայտարարել է Էրդողանը:
Ըստ Էրդողանի՝ բանակցությունների մասնակիցներին դժվար թե հաջողվի որոշման հանգել փետրվարի վերջին, ու բանակցություններն ամենայն հավանականությամբ կհետաձգվեն:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մինչև փետրվարի 25-ը հայտարարել է բանակցությունների դադարի մասին՝ մասնակիցներին առաջարկելով «շարունակել աշխատել»:
ՌԴ ԱԳՆ-ն Սիրիայի հարցով բանակցությունների կասեցման պատասխանատվությունը դրել է սիրիական ընդդիմության վրա՝ Էր-Ռիադի պատվիրակությանը մեղադրելով բանակցային պրոցեսը խափանելու փորձի մեջ:
ԱՄՆ-ը, իր հերթին, այն կարծիքին է, որ բանակցությունները հետաձգվել են Սիրիայում ռուսական իշխանությունների գործողությունների հետևանքով: