Բաժիններ՝

Սիրիայի հարցով բանակցությունները կասեցվել են. պատերազմը շարունակվում է

Սիրիայի հակամարտող կողմերը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել երկուշաբթի օրը մեկնարկած խաղաղ բանակցությունները տապալելու համար: Ավելի վաղ Սիրիայի ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մինչև փետրվարի 25-ը հայտարարել էր բանակցությունների դադարի մասին՝ մասնակիցներին առաջարկելով «շարունակել աշխատել», հայտնում է BBC-ն:

ՌԴ ԱԳՆ-ն Սիրիայի հարցով բանակցությունների կասեցման պատասխանատվությունը դրել է սիրիական ընդդիմության վրա՝ Էր-Ռիադի պատվիրակությանը մեղադրելով բանակցային պրոցեսը խափանելու փորձի մեջ:

ԱՄՆ-ը, իր հերթին, այն կարծիքին է, որ բանակցությունները հետաձգվել են Սիրիայում ռուսական իշխանությունների գործողությունների հետևանքով:

«Դժվար է հասկանալ, թե ինչպես խաղաղ օբյեկտներին հասցրած հարվածները ինչ-որ կերպ կարող են նպաստել խաղաղ գործընթացին»,- Reuters-ը մեջբերել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքերը:

«Մենք նախկինի պես տեսնում ենք Հալեպում ու դրա մերձակայքում ռուսական հարվածների ինտենսիվության ավելացում, սակայն դրանք հասցվում են ոչ թե ԴԱԻՇ-ին, այլ բացառապես ընդդիմությանը»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան

Հիշեցնենք, որ բանակցությունների սկիզբը Ժնևում մի քանի անգամ հետաձգվել է: Երկուշաբթի օրը Միստուրան հայտարարեց, թե դրանք վտանգված են Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով:

«Ամեն անգամ, երբ բանակցությունների հույս է առաջանում, կողմերը սկսում են գործողությունները հակամարտության գոտում, որոնք միայն ուժեղացնում են հակամարտությունը»,- ասել է դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս