«Արմեն Ռուստամյանին կհորդորեմ՝ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել. զգացմունքային գնահատականից հետո երբեմն զղջում ես». Էդուարդ Շարմազանով

«Վարկանիշը սոցիալ-հոգեբանական երևույթ է, տարբեր մարդիկ վարկանիշների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բնականաբար, իմ հարգարժան գործընկերոջ վարկանիշային գնահատականի հետ համամիտ չեմ: Այն կարծիքին էլ չեմ, որ բոլորի ուշքը գնում ա իշխանության համար, բայց միևնույն ժամանակ՝ բոլորի ուշքը չի գնում ընդդիմության համար»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը:

Նշենք, որ այսօր Ա. Ռուստամյանը անդրադառնալով իշխող ուժի՝ ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու կամ պարզապես համագործակցության մասին հարցին՝ ասել է, որ իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում. «Բայց ավելի լավ է, մենք էս գինը վճարենք, քան թե ազգովի պետությունը կորցնենք»:

ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի խոսքով՝ այդ իմաստով մեր երկրում կան խնդիրներ, և Հանրապետական կուսակցությունը չի գնում «պրիմիտիվ խնդիրներ լուծելու, չի գնում պրիմիտիվ եզրույթներ օգտագործելու կամ ասելու»:

«Այսինքն՝ զգացմունքային չի խնդիրը, խնդիրը խորքային է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես ունեցել է նպատակ՝ ծառայելու հայրենիքին, ծառայելու պետությանը, քաղաքացուն, դա փաստ է: Բնականաբար, եղել են նաև թերություններ, բայց այն, որ Հանրապետական կուսակցությունն այսօր էլ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ, ամենավարկանշային, կներեք, և ամենամեծ ռեսուրսն ունեցող քաղաքական ուժն է, իր բոլոր թերություններով հանդերձ, սա փաստ է: Այն, որ այս հարցում տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ տարբեր կարծիքներ, սա էլ բնական է, մեզ մոտ բազմակարծություն է, և ես չեմ ուզում հիմա ասել՝ ըստ իս, ով վարկանիշ ունի, ով վարկանիշ չունի»,- ասաց Շարմազանովը:

Կարդացեք նաև

Նա կրկնեց, որ վարկանիշը սոցիալ-հոգեբանական կատեգորիա է, և, եթե մենք ուզում ենք իմանալ՝ ով է ավելի արդյունավետ գործում, ապա քաղաքական կուսակցությունների արդյունավետությունը երևում է ընտրություններում.

«Դրա համար մենք նախաձեռնել ենք նաև Ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություն, որը պետք է ընդունենք մինչև հունիսի 1-ը, որպեսզի օրենքով սահմանված կարգով՝ թղթի վրա այնպիսի մեխանիզմներ ստեղծենք, որոնք գրեթե զրոյի կհասցնեն ընտրական խախտումները, կրկնաքվեարկության հնարավորությունը, որպեսզի 2017 թվականի պառլամենտական ընտրություններին հանրությունը որևէ կասկած չունենա, հիմնավորված արդյունք ունենա: Դաշնակցություն կուսակցության իմ բարեկամը կարող է ունենալ մի կարծիք, ես էլ կարող եմ ունենալ մեկ այլ կարծիք քաղաքական ուժերի վերաբերյալ, բայց ես գերադասում եմ այդ կարծիքը պահել ինձ:

Չեմ ասում՝ Հանրապետական կուսակցության համար ժողովրդի ուշքը գնում է, աննորմալ էլ կլինի, որ ես այդպիսի բան ասեմ, բայց այն, որ իր բոլոր թերություններով հանդերձ՝ Հանրապետականն ամենակայացած, ամենակայուն, ամենակուռ և ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, սա փաստ է»:

Նա կրկնեց, որ ինքը կոալիցիայի անուն չի տվել, այլ խոսել է համագործակցության մասին.

«Ինչպիսի՞ն կլինի համագործակցությունը, կամ՝ կլինի՞, թե չի՞ լինի, ցույց կտան հանդիպումները ձեր նշած քաղաքական ուժի հետ: Պարզապես ես իմ որոշ դեպքերում ավելի փորձառու գործընկերներին կխնդրեի, կհորդորեի՝ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից: Զգացմունքային գնահատականից հետո երբեմն դու զղջում ես: Հիմա ասելով չի, 2017 թվականին կտեսնենք՝ ով ինչքան վարկանիշ ունի՝ և՛ Դաշնակցությունը, և՛ Հանրապետական կուսակցությունը, և՛ ՀԱԿ-ը, և՛ «Օրինաց Երկիրը», և՛ «Բարգավաճ Հայաստանը», և՛ նոր ստեղծվող կուսակցությունները, կապրենք՝ կտեսնենք: Ես այլևս այդքան երիտասարդ չեմ և քաղաքականության մեջ փորձված եմ, որպեսզի այդ խայծը կուլ չտամ: Ես իմ բոլոր գործընկերներին, այդ թվում՝ նաև իմ սիրելի, իմ հարգելի դաշնակցական Արմեն Ռուստամյանին, կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել, որովհետև զգացմունքային եզրույթներն այդքան էլ օբյեկտիվ չեն: Ես իրեն այդպես չեմ պատասխանի, բայց ես կասեմ, որ Հանրապետականն ունի վարկանիշ, Հանրապետականն ունի անելիք և Հանրապետականը պատրաստ է համագործակցության՝ հանուն Հայաստանի Հանրապետության ավելի վառ ապագայի»:

Տեսանյութեր

Լրահոս