«Իրանի տեղի ու դերի ընկալում կա Մինսկի խմբում, բայց…» Վլադիմիր Կազիմիրով
«Չափազանց կարևոր է ԼՂ հակամարտությունում Իրանի դիրքորոշումն օգտագործելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը`անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Իրանի ներկայացրած հավակնություններին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցի իրանական թղթակցի հետ զրույցում Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին ասել էր, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից խոչընդոտել է ճգնաժամի մեծացմանն ու ձգտել է հարթել տարաձայնությունները։ «Տվյալ պահին, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր խաղալ հակամարտության կարգավորման մեջ»,- ասել է նա: Անսարին հավելել է, որ բանակցություններ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան պլանավորված այցի հետո, և երբ լինի վերջնական որոշում, ապա կհայտարարվի դրա մասին։
Վլադիմիր Կազիմիրովը հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանը, որպես միջնորդ, ակտիվ է եղել 1992թ. փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում, սակայն մայիսի 8-ին Շուշիի գրավումից հետո դադարեցրեց իր միջնորդությունը: Ըստ նրա, ավելի վաղ 1991թ. միջնորդություն սկսեց Ռուսաստանը (այդ ժամանակ՝ Ղազախստանի հետ), իսկ 1992թ. մարտ ամսից միջնորդական առաքելություն սկսեց իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում Ռուսաստանը ևս բավականին ակտիվ էր: «Վերջին 22 տարիների ընթացքում շատ բան է փոխվել: 1994թ. Ռուսաստանի ջանքերով և ՄԱԿ ԱԽ աջակցությամբ հաջողվեց դադարեցնել հակամարտության մասսայական արյունահեղությունը: Մինսկի խումբը ստացավ ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի մանդատը ԼՂ հակամարտության կարգավորման համար:
«Ռուսաստանը մշտապես հաշվի է առել Իրանի շահերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի հարևանի: Ժամանակին ես, որպես Ռուսաստանի միջնորդ, ոչ մեկ անգամ եմ խորհրդակցել Իրանի ներկայացուցիչների հետ Մոսկվայում և Թեհրանում: Որոշակիորեն կա Իրանի տեղի ու դերի ընկալում Մինսկի խմբում: Հակամարտող կողմերը համաձայն են ներկայիս միջնորդների դերակատարության հետ: Օբյեկտիվորեն որոշակիորեն դժվար է ԼՂ հակամարտությունում Թեհրանի ուղիղ միջնորդությունը (Իրանը ԵԱՀԿ անդամ չէ): Սակայն չափազանց կարևոր է մաքսիմալ կերպով օգտագործել այն, որ Իրանը մշտապես հանդես է եկել և հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,- ասաց պաշտոնաթող դիվանագետը:
Վլադիմիր Կազիմիրովի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: