«Վստահ եմ, որ կլինեն նոր միաձուլումներ». Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վստահ է, որ բանկային ոլորտի կոնսոլիդացիան արդեն իսկ իր դրական արդյունքները տվել է, և պրոցեսը շարունակական կլինի։ Այս մասին ԿԲ նախագահը հայտարարեց «Ամերիաբանկ»-ի և IFC-ի ու ՎԶԵԲ-ի միջև պայմանագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին պաշտոնապես հայտարարվեց, որ «Հայէկոնոմբանկը» ձեռք է բերում «ԲՏԱ Հայաստան» բանկը, իսկ «Պրոկրեդիտ Հայաստան» բանկը գնվում է «Ինեկոբանկի» կողմից։
Ըստ ԿԲ նախագահի՝ իրենց համար առավել կարևոր է ոչ թե բանկերի քանակը, այլ՝ որ շուկայում լինեն առողջ միավորներ։
Ա. Ջավադյանը դժվարացավ նշել, թե տարվա վերջին քանի առևտրային բանկ կմնա Հայաստանում, սակայն ասաց. «Վստահ եմ, որ կլինեն նոր միաձուլումներ»։
Անդրադալնելով «Ամերիաբանկ»-ի գործարքին՝ ԿԲ նախագահը խորհրդանշական համարեց, որ տարին սկսվում է 2 միջազգային հեղինակավոր կառույցների կողմից այսպիսի լայնամասշտաբ ներդրումներով։ Ըստ Ջավադյանի՝ սա վկայում է, որ ՀՀ իշխանություններն ու բանկային համակարգը իրենց տնային առաջադրանքը լավ են կատարել, և որ Հայաստանը հարմար բիզնես տարածք է՝ ներդրումներ անելու համար։