«Ներկայումս որևէ մեծ նշանակության նախագիծ հայ-իրանական օրակարգում չեմ տեսնում». Սևակ Սարուխանյան
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը ներկայացվում է՝ իսլամական հեղափոխությունից հետո Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդհանուր վերացում, բայց դա այդպես չէ։ Վերացվել են այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են միջուկային ծրագրին, այսինքն` Իրանը վերադառնում է մինչև 2010թ. եղած կարգավիճակին։
Պետք է դիտարկենք, որ ձևավորվում են ոչ թե նոր հնարավորություններ, այլ վերադառնում են այն հնարավորությունները, որոնք կային 2009 թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սևակ Սարուխանյանը:
Ըստ նրա՝ հնարավորությունները Հայաստանի համար այդքան էլ շատ չեն.
«Չնայած նրան, որ Իրանը բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն էր վարում Հարավային Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, տնտեսական առումով այս տարածաշրջանում եղել է բավականին պասիվ: Իրանական ներդրումները մի քանի անգամ փոքր են թուրքական ներդրումներից, հայ-իրանական ապրանքաշրջանառությունը բավականին սահմանափակ է, և կարևոր խնդիր է, որ Հայաստանն ու Իրանը իրականացրել են ամենակարևոր նախագիծն իրենց տնտեսական համագործակցության շրջանակներում՝ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը»:
Թե ինչ նոր հնարավորություններ կտա դա ՀՀ-ին, փորձագետի կարծիքով՝ կախված է նրանից, թե ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով նախագծեր կարող են տեղ գտնել մեր հարաբերությունների մեջ.
«Ներկայումս որևէ մեծ նշանակության նախագիծ հայ-իրանական օրակարգում չեմ տեսնում: Կա կառուցվածքային հիմնական հնարավորություն՝ Հյուսիս-Հարավ մայրուղին է, որը թեև կառուցվում է ՀՀ տարածքում և առանց իրանական ֆինանսավորման, բայց բավական կհեշտացնի ապրանքաշրջանառությունը և բեռնափոխադրումները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Իրանի միջազգային հնարավորություններին, փորձագետը նշեց, որ այս պատժամիջոցների վերացումն Իրանին կբերի որոշակի մակրոտնտեսական կայունություն.
«Իրանը կվերադառնա միջազգային բանկային, ֆինանսական համակարգ: Իրանի միջազգային պահուստները գնահատվում են 90 մլրդ ամերիկյան դոլար, որոնք սառեցվել էին միջուկային ծրագրի պատճառով և հիմա կապասառեցվեն: Սակայն այդ 90 միլիարդից 55-ն ուղղվելու է Իրանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված վարկերի մարմանը: Այդ վարկերը հիմնականում ստացվել են Հնդկաստանից ու Չինաստանից:
Իրանում նախընտրական տարի է. մեկ ամսից լինելու են խորհրդարանական ընտրություններ, հետո՝ նախագահական ընտրություններ, և գործող նախագահին ու նրա կառավարությանը ոչ ոք Իրանում թույլ չի տալու այդ միջոցները ծախսել սեփական հանրային աջակցությունն ավելացնելու համար: Այդ առումով լուրջ տնտեսական ակտիվություն Իրանում մոտակա շրջանում չի լինի, չնայած՝ մակրոտնտեսական վիճակը կկայունանա»:
Փորձագետը նշեց նաև, որ կարելի է ակնկալել Իրանի տարածաշրջանային քաղաքական ակտիվացում.
«Իրանն առանցքային դերակատարում ունի Իրաքում ու Սիրիայում ընթացող գործընթացներում. մի դեպքում՝ Իսլամական պետության դեմ պայքարում, որին գումարվել է նաև իրաքյան քրդերի դեմ պայքարը, մյուս կողմից՝ Սիրիայում ներգրավված է Բաշար Ասադի իշխանության պաշտպանությանն ու պահպանմանը:
Այս երկու ուղղություններով Իրանի քաղաքականությունն էլ ավելի կակտիվանա, քանի որ նախկինում նրանք խուսափում էին անմիջական բախումներից ու ագրեսիվ քայլերից, որովհետև ենթադրում էին, որ այդ քայլերը կարող են բեկանել միջուկային համաձայնագրի իրականացումը: Հիմա միջուկային ծրագրի այդ խոչընդոտը վերացել է, և Իրանի ներգրավվածությունը, այդ թվում նաև՝ իր ախոյանների դեմ պայքարի ուղղությամբ, իր աջակիցների աջակցության ուղղությամբ, էլ ավելի կակտիվանա:
Ավելի պատժիչ կլինեն իրանական ներկայացուցիչների դեմ պրովոկացիաները Սիրիայում: Հասան Ռոհանիի կառավարության շրջանում Հարավային Կովկասը որոշակիորեն կորցրել է ակտուալությունն Իրանի արտաքին քաղաքականությունում, այն ամբողջապես ներգրավված էր երկու ուղղություններում՝ միջուկային բանակցություններ ու Մերձավոր Արևելք»: