2015 թվականի սենսացիան՝ Սերժ Սարգսյանի կողմից
Դեկտեմբերի վերջին օրերին, ավանդականի նման, քաղաքական շրջանակները, փորձագետները, մամուլն ամփոփում են անցնող տարին, որը Հայաստանի համար բավական հագեցած էր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական զարգացումներով: Ամփոփողները, բնականաբար, նշելու են այն, որ Հայաստանն այս տարի դե յուրե անդամակցել է ԵՏՄ-ին, որ այս տարի նշվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ դրանից բխող հետևանքներով, որ այս տարի տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվեն, ինչից առաջ տեղի էր ունեցել դրան սպառնացող Գագիկ Ծառուկյանի հեռացումը, և այլն:
Այս և բազմաթիվ այլ իրադարձություններ, իհարկե, կարևոր են եղել Հայաստանի համար և արժանի են ուշադրության: Սակայն Հայաստանի՝ որպես պետության համար կարևորագույն իրադարձությունը, խորքային իմաստով՝ բեկումնային իրադարձությունը, տեղի է ունեցել երեկ՝ Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ: ՀԱՊԿ նախագահող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ գագաթաժողովում ունեցած ելույթում վերջապես իրերն անվանել է իրենց անուններով և խոսել է այն մասին, ինչի մասին չխոսելու համար Հայաստանի իշխանությանն արդարացիորեն մեղադրում էին վերջին առնվազն երկու տարիներին՝ ղարաբաղաադրբեջանական և հատկապես՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աննախադեպ աճի ու Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական պարտավորություններ ունեցող Ռուսաստանի ու վերջինիս դոմինանտությամբ գործող ՀԱՊԿ-ի քար լռության համատեքստում: «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։
Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն՝ չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ՝ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, որի այս ուղղակի մեղադրանքների առաջին հասցեատերը, բնականաբար, Մոսկվան է։
Բայց նաև նրա նշած մյուս մայրաքաղաքներն են, որոնք ավելի հաճախ՝ Մոսկվայի ուղղորդմամբ, երբեմն՝ Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններից ելնելով, պաշտպանում են վերջինիս շահերը՝ ուղղակիորեն ոտնահարելով Հայաստանի պետական շահը: Բայց Սերժ Սարգսյանի ելույթում սենսացիոն պետք է համարել ոչ միայն նշված հատվածը, որում, կրկնում ենք, առաջին անգամ նա իրերը կոչում է իրենց անուններով:
Սերժ Սարգսյանը՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի, արդյունավետ դաշինքի օրինակ բերել է ՆԱՏՕ-ն: «Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման: Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման:
Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»:
Այս հայտարարությունն իր մեջ առնվազն երկու կարևոր ուղերձ է պարունակում՝ մեկն այն է, որ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ին ուղղակի մեղադրում է անդամ երկրի շահը ոտնահարելու ու անդամ երկրի հակառակորդի շահը սպասարկելու մեջ, մյուսն այն է, որ ընդգծում է ՆԱՏՕ-ի կենսունակությունը:
Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը՝ լինելով ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ անդամ, բացառիկ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ՝ համագործակցության տարբեր ձևաչափերում, և մասնակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչը բարձր է գնահատվում արևմտյան երկրների կողմից, ապա Սերժ Սարգսյանի հայտարարությունները, ըստ էության, նաև ակնարկ են, որ Հայաստանը կարող է առնվազն մտածել ռազմաքաղաքական դաշինքի, անվտանգության համակարգի փոփոխության մասին:
Սա, իհարկե, չի նշանակում, թե վաղը Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն, որպես քաղաքական ուղերձ, ըստ էության, հեղափոխական է:
Ի դեպ, իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը՝ խոսելով ադրբեջանական դիվերսիաների ու հատկապես՝ վերջին օրերին Հայաստանի ուղղությամբ սանձազերծված գործողություններում տանկի կիրառման մասին, ասել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»: Առաջին հայացքից՝ կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանն ակնարկել է Թուրքայի կողմից Ադրբեջանին «հուշելը» կամ աջակցելը:
Բայց նա որևէ երկրի անուն չի տվել, ուստի Թուրքիայի փոխարեն՝ Ադրբեջանին «հուշողի» դերում կարող է լինել որևէ այլ պետություն, որը նման հնարավորություն և աշխարհաքաղաքական շահ ունի: Այդ «պատվավոր դերին» Թուրքիայի հետ հավասարապես կարող է հավակնել Ռուսաստանը:
Պետք չէ բացառել, որ Սերժ Սարգսյանի այս ելույթը կարող է ներքաղաքական հետևանքներ ունենալ:
Խոսքը, մասնավորապես, այն մասին, է, որ Հայաստանի ընդդիմության ռուսական հատվածն այս ելույթը կարող է Կրեմլին ներկայացնել՝ որպես Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին «դավաճանության» փորձ, ու փորձել Հայաստանում ներքաղաքական գործընթացներ հրահրելու, իշխանափոխության ալիք բարձրացնելու «դաբրո» ստանալ: Լևոն Զուրաբյանի ու Սմբատ Կարախանյանի ականջը կանչի: