«Հայաստանը չպետք է հույսը դնի ՌԴ-ի վրա, պետք է հզոր կրակ բացի, քանի որ Թուրքիան օգտվում է իրավիճակից». Նորատ Տեր-Գրիգորյանց

168.am-ը զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ

Պարոն գեներալ, ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տանկ է կիրառել՝ իրավիճակի լարվածությունը հակամարտ գոտում բարձրացնելով ևս մեկ մակարդակի: Ինչի՞ ցուցիչ է սա, և ինչպիսի՞ պատասխան պետք է տան նման արկածախնդրությանը հայկական զինված ուժերը:

– Ես նոր եմ ժամանել Ռուսաստան և վերջին շրջանում մանրամասնությամբ չեմ հասցրել հետևել իրադարձությունների զարգացմանը: Ավելի ուշ այս հարցերի շուրջ մանրամասն կխոսեմ: Մինչ դա իմ դիրքորոշումը չի փոխվել` այն մարդիկ, ովքեր մասնակցում են հայրենիքի պաշտպանությանը, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են երկրի անվտանգության համար, պետք է անհապաղ կերպով պատասխան կրակ բացեն և լռեցնեն այդ սադրանքը և իրենց հրամանատարին այդ մասին զեկուցեն: Այսքան բան: Չպետք է թույլ տալ, որպեսզի հակառակորդը մտածի թուլության մասին հայկական կողմից, և, որպեսզի դրա զգացումն ադրբեջանական կողմը չունենա, անհապաղ պետք է հզոր կրակ բացել 10, 100 անգամ ավելի, քան նրանք: Չպետք է սպասել Սարգսյանի կամ Պուտինի որոշմանը, պետք է կրակ բացել տեղում` ի պատասխան: Ադրբեջանական կողմը պետք է մտածի, որ հայերի կողմ կրակելը վտանգավոր է: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ՄԱԿ-ի ԳԱ-ում, ասաց, որ, եթե ադրբեջանական կողմը շարունակի իր արկածախնդրությունը, քաղաքական և ռազմական միջոցներ կձեռնարկի: Ուրեմն պետք է ձեռնարկել, պետք է կատարել սեփական խոստումները: Պետք է պահել խոստումները, ճիշտ չե՞մ:

Մենք՝ զինվորականներս, ունենք պատասխանատվություն, հրաման՝ ապահովել անվտանգություն, յուրաքանչյուրի առջև իր փաթեթն է դրված, և յուրաքանչյուրն իր գլխով է պատասխան տալիս: Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա, և սպասում էին, թե երբ է լինելու հրաման մոբիլիզացիոն գործողություն սկսելու և պատասխան տալու համար, ինչո՞ւ, ո՞ւմ էին սպասում, պետք է պատասխանեին կրակով: Իսկ մերոնք այնքան սպասեցին, որ նրանք հասան մինչև Մոսկվա: Գորբաչովը չէր ղեկավարում երկիրը, բոլորը սպասում էին ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի հրամանին, սպասում էին, սպասում, իսկ Գորբաչովը ոչինչ չէր ասում: Կրկին ուշացան, փլուզվեց Սովետական Միությունը: Չի կարելի սպասել: Պետք է ի պատասխան՝ հզոր կրակ բացել` հեռացնելով սպառազինությունն այլ դիրքերից, որպեսզի դրանք ի պատասխան ադրբեջանական կրակի թիրախում չհայտնվեն: Նրանք դա գիտեն, ամենայն հավանականությամբ, և անում են: Բայց պետք է ավելի համարձակ գործել` կանխելով սադրանքները: Զինվորականները գիտեն` ինչպես դա անել, ուրեմն թող անեն:

– Ինչո՞ւ է, ըստ Ձեզ՝ տանկ կիրառվում:

– Այս սպառազինությունն օգտագործվում է թույլ կետերը բացահայտելու նպատակով, որ տեսնեն, թե որ հատվածում կա անցք, և աշխատեն այդ ուղղությամբ: Սահմանին և շփման գծում կան ռադիոլոկացիոն կայաններ, հետախուզություն, որոնք պետք է պատասխանատու լինեն` որտեղ են շարժվում տանկերը, որտեղ կանգ առան, որտեղից է կրակը, և անմիջապես խոցեն: Եթե մի հատվածում թույլ պատասխան լինի կամ չլինի, միանգամից կսկսվի հարձակում: Իսկ հիմա թուրքերը հեշտությամբ դա կանեն, քանի որ հիմա նրանք մտել են Իրաք, մի քանի օր առաջ Գլխավոր շտաբի պետը ժամանեց Ադրբեջան, Դավութօղլուն ելույթ ունեցավ և ասաց, որ պետք է ազատագրեն Ղարաբաղը, քանի որ նրանք մտածում են, թե Ղարաբաղն իրենցն է: Իսկ գիտե՞ք, թե ինչու, քանի որ մեր նախագահը, ՀՀ ՊՆ-ն, խորհրդարանը չեն ճանաչում Ղարաբաղի անկախությունը, իսկ ստացվում է, որ Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղը, եթե չի ճանաչում անկախությունը: Մենք Ղարաբաղն ազատագրեցինք՝ որպես հայկական հին հող, բայց աշխարհը մտածում է, որ մենք գրավել ենք, բայց չէ՞ որ դա հայկական հող է:

1921թ. հուլիսի 5-ին անդրկովկասյան բոլշևիկյան բյուրոն վերցրեց Սովետական Հայաստանից Ղարաբաղը և փոխանցեց Ադրբեջանին, որը գտնվում էր ԽՍՀՄ կազմում 70 տարի: Դրանից հետո, գորբաչովյան օրենքի երրորդ կետի համաձայն՝ եթե պետությունը դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, ինքնավար միավորները պետք է կամ մնան պետության կազմում, կամ ԽՍՀՄ կազմում, կամ հանրաքվե անցկացնեն և հեռանան: Ղարաբաղն անցկացրեց հանրաքվե և հեռացավ: Իսկ Ադրբեջանն ասում է, որ դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իրավունք չունեն, ու սկսեց պատերազմ: Ո՞վ է այստեղ ագրեսորը: Տեսեք Ղրիմի օրինակը: Պուտինը խելացի վարվեց, կազմակերպվեց հանրաքվե, Ղրիմը դուրս եկավ Ուկրաինայի կազմից, և Պուտինը ճանաչեց:

Ղարաբաղն անցկացրեց հանրաքվեն, իսկ Տեր-Պետրոսյանը, Սարգսյանը չճանաչեցին, և սկսվեց պատերազմը: Իսկ ինչո՞ւ չեն ճանաչում: Ցանկանում են, որ ինչ-որ երկրներ ճանաչեն, բայց իրենք չեն ճանաչում պետությանը: Պետք է քննարկեն նաև Լենինի և Աթաթուրքի միջև Կարսի համաձայնագիրը և այն միակողմանիորեն չեղյալ համարեն:

Ինչո՞ւ չեն անում, չեմ հասկանում: Ինչո՞ւ է Ալիևի հետ բանակցությունների մասնակցում մեր նախագահը, ինչո՞ւ, ինչո՞ւ է արդարանում, որովհետև ազատագրե՞լ ենք մեր երկիրը: Ինչո՞ւ բանակցել այդ ագրեսորի և ցեղասպանողի հետ: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Նա գնել է ողջ ԵԱՀԿ-ն, և բոլորը մտածում են, թե մենք շրջաններ ենք օկուպացրել, այնինչ մենք մեր հողերն ենք ազատագրել: Սա շատ ուժեղ և բարդ քաղաքական երևույթ է: Ղարաբաղյան հակամարտությունը փոխկապակցվածություն և փոխպայմանավորվածություն է: Սա միայն այն չէ, որ ադրբեջանական կողմը կրակեց, և մենք մտածենք` ինչպես պատասխանել, ամենևին ոչ: Սա հզոր քաղաքականություն է:

Ես պետականության տեսանկյունից եմ դիտարկում այս հարցը: Իսկ հիմա նրանք կրակ են բացում, մենք` կրակ, իսկ վաղը կանցնեն հարձակման՝ ազատելու իրենց տարածքը, իրենց, քանի որ նրանք սկսում են ապացուցել, որ Ղարաբաղն իրենցն է, քանի որ պարոն նախագահն ու խորհրդարանը չեն ճանաչում ազատագրված և անկախ պետությունն Արցախ անունով: Ադրբեջանը նույնպիսի իսլամական պետություն է, ինչպիսին Թուրքիան է, որն աջակցում է Իսլամական պետությանը Սիրիայի դեմ, իսկ Ադրբեջանը նույնն անում է Հայաստանի և Ղարաբաղի դեմ:

Այսինքն` վստահ եք, որ Թուրքիան այսօր աջակցում է Ադրբեջանին, իրենց պնդմամբ՝ օկուպացված տարածքները վերադարձնելու հարցում:

– Իհա՛րկե: Բոլոր ադրբեջանական հրամանատարները, խորհրդատուները թուրքական կողմից են, թուրքական խորհրդատուներ ունեն, նրանք Թուրքիայի հրամաններն են կատարում: Ինչո՞ւ Թուրքիայի գլխավոր շտաբի պետը մեկնեց Ադրբեջան: Հստակեցնում էր ռազմական գործողությունների ծրագրերը, որովհետև Ռուսաստանը զբաղված է Սիրիայում, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, մտածում են՝ Ռուսաստանը չի օգնի հայերին, ուստի կարող են այստեղ սադրանք կազմակերպել, որպեսզի Ռուսաստանը նվազեցնի իր գործողությունները Սիրիայում և Ուկրաինայում: Դրա համար հայերը չպետք է հույսը դնեն Ռուսաստանի կամ այլ երկրի վրա, ունեն տանկեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, բանակ, ուժ, կամք, պաշտպանություն, և ուրեմն պետք է պատասխանեն: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն գործում: Հայկական կողմը պետք է վճռական որոշումներ կայացնի: Ներկայումս կան բոլոր նախապայմանները դա անելու համար:

Տեսանյութեր

Լրահոս