«Այստեղի ձեր շտաբում եղե՞լ եք. Մեզ մոտ են գալիս, ասում են՝ փողը ստե՞ղ են տալիս». Արամ Գ. Սարգսյանը՝ Լեռնիկ Ալեքսանյանին

«Անվտանգության հարցն այն հարցերից է, որտեղ պետք չէ շտապել, արագ քայլեր անել: Համենայնդեպս, եղած իրավիճակում շատ բան կախված է նաև ոչ մեզնից, և մեր քայլերն էլ, բնականաբար, կախված կլինեն իրավիճակից: Բայց այն, որ Արցախի հետ կապված՝ նախագահն արդեն ասաց՝ մեր քայլերը կլինեն վերին աստիճանի զգույշ և մեր ժողովրդի շահերին ուղղված, ես չեմ կասկածում»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ Գլխավոր հրամանատարի հետ կապված՝ նախագահը հստակ պատասխանեց և ավել բան ասել չի կարող: Ըստ նրա՝ Սահմանադրությունը ոչ մի բան չի լուծում, այլ հնարավորություն է տալիս լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները. «Միշտ մարդկային գործոնն է աշխատելու: Չկա այնպիսի Սահմանադրություն, որտեղ ֆիքսված լինի ամեն ինչ։ Այնտեղ ֆիքսվում է մեր երկրի հիմնական կարգ ու կանոնը, մնացածն օրենքներով պետք է լինեն»:

Նա ասաց, որ մեր երկրի իրավիճակում, մեր առջև կուտակված խնդիրների համար այս Սահմանադրությունն ավելի լայն հնարավորություններ է տալիս. «Նախագահական ու կիսանախագահական համակարգերը գուցե իրենց ժամանակում լուծել են այդ խնդիրները, բայց այս պառլամենտական համակարգը լուծում է մի շատ կարևոր խնդիր՝ իրավունքների պատասխանատվության ու պարտականությունների համաչափության ապահովումը»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի պատասխան՝ ասաց, որ այդ ամենը ժողովրդին բացարձակ չի հետաքրքրում. «Ժողովրդին հետաքրքրում է՝ այս համակարգում ի՞նչն էր խանգարում՝ ձեր ասած կամքը դրսևորել և իրականացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Հարցն այն չէ՝ բարեփոխո՞ւմ է սա, թե՞ ոչ, այլ այն, որ ժողովուրդը չի վստահում այս իշխանություններին»:

Կարդացեք նաև

Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ մի բանի հետ համաձայն է՝ ժողովուրդն իրոք պետք է վստահի իշխանություններին ու ընդդիմությանը, և, ըստ նրա՝ այս փոփոխության հիմնական նպատակն էլ դա է. «Եա համոզված եմ, որ հանրաքվեն անցնելու է շատ ավելի լավ, քան մեր բոլոր մնացած ընտրությունները»:

Արամ Սարգսյանը հեգնեց. «Այստեղի ձեր շտաբում եղե՞լ եք: Ինչքա՞ն մարդ եք տեսել, որ հերթ են կանգնած՝ ինչ-որ բաներ ստանալու համար: Մեզ մոտ են գալիս, ասում են՝ փողը ստե՞ղ են տալիս: Մենք էլ դուռն ենք ցույց տալիս»:

«Ես չեմ բացառում, գուցե պահանջարկը կա, բայց հարց է՝ տալի՞ս ենք, թե՞ ոչ: Գուցե գիտի, որ տալու ենք, բայց չենք տալիս»,- պատասխանեց Լ. Ալեքսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս