«Մենք հիմա ունենք հիբրիդ քաղաքական ռեժիմ». քաղաքագետ

«Կառավարման բոլոր համակարգերն ունեն և՛ առավելություններ, և՛ թերություններ, ու չի կարելի դրանցից որևէ մեկը համարել մյուսների համեմատ լավագույնը: Համաշխարհային պրակտիկայում կան կառավարման տարբեր համակարգեր ունեցող պետությունների հաջողված ու չհաջողված օրինակներ»,- այսօրվա քննարկմանն ասաց քաղաքագետ, ք.գ.թ., ԵՊՀ դասախոս Նարեկ Գալստյանը:

Նա ընդգծեց, որ խորհրդարանական կառավարման դեպքում Օրենսդիր և Գործադիր իշխանությունները սերտորեն փոխկապակցված ու փոխկախված են. «Գործադիր իշխանությունը ձևավորվում է Օրենսդիրի կողմից, նրանում ձևավորված քաղաքական մեծամասնության հիման վրա, և հաշվետու է Օրենսդիրին, այսինքն՝ մենք գործ ունենք իշխանությունների «փափուկ» տարանջատման սկզբունքի կամ իշխանությունների համագործակցության ռեժիմի հետ»:

Քաղաքագետի կարծիքով՝ ընտրական համակարգի ձևը բավական մեծ ազդեցություն է գործում քաղաքական պրոցեսների վրա. «Թե ինչ բանաձևով կլինի համամասնական ընտրակարգը, թողնված է Ընտրական օրենսգրքին, բայց պետք է հուսանք, որ այն կլինի անցումային: Ժամանակի առկա իրողությունների համար մեր կուսակցությունները բավական լուրջ խնդիրներ ունեն. «Որքանով որ նրանք հայտարարում են, թե պատրաստ են քաղաքական մրցապայքարի նոր միջավայրին, այդուհանդերձ, այդ միջավայրն իրենց համար, գոնե այս պահին, լինելու է խորթ, և ժամանակի ընթացքում կարիք կլինի որոշակի շտկումներ մտցնել նաև Ընտրական օրենսգրքում»:

Ըստ նրա՝ մենք հիմա ունենք հիբրիդ քաղաքական ռեժիմ՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի որոշ տարրերով. «Կուսակցական համակարգը բնութագրվում է գերիշխող կուսակցությամբ: Բայց մենք կարողացել ենք մշտապես խուսափել սոցիալ-քաղաքական ընդհարումներից, հասարակական երկպառակություններից, և այլն: Փոփոխությունների ընդունումից հետո մարդիկ և՛ հիմք ունեն հուսալու, որ խաղի նոր կանոնները կխթանեն նոր զարգացումներ, և՛ հիմք ունեն չհավատալու, որ այդ փոփոխությունները կլինեն ոչ միայն՝ քանակական և ձևային, այլ նաև՝ որակական ու բովանդակային»:

 

Տեսանյութեր

Լրահոս