«Թուրքիան կարող է Ռուսաստանին ստիպել՝ ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև». Կոնստանտին Զատուլին

Մեր զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Զատուլինը

– Պարոն Զատուլին, Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը, որն էլ ավելի սրվեց օրերս թուրքական օդուժի կողմից ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչի կործանումից հետո, նոր թափ է առնում։ Երկրների նախագահները կոշտ հռետորաբանությամբ, նույնիսկ սպառնալիքներով են փոխանակվում։ Երեկ Թուրքիայի նախագահն ասել է, որ Թուրքիան Ռուսաստանին կպատասխանի, եթե S 400 օգտագործվի թուրքական որևէ զինտեխնիկայի դեմ։ Ռուսաստանը դադարեցրել է առանց վիզային ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ.-ից։ Ի՞նչ պետք է սպասել սրանից հետո։ Քննարկվում է ռազմական լարման հավանականությունը։ Կա՞ նման վտանգ։

– Հարաբերություններում լարման տարբեր մոդելներ կան, և դրանք ոչ միշտ են հանգում ռազմական լարվածության։ Այն փաստը, որ Ռուսաստանը Սիրիայում զոհեր տվեց թուրքական ուժերի կողմից, ոչ միայն` ՌԴ իշխանությունների, այլև` ՌԴ քաղաքացիների վրա մեծ բացասական ազդեցություն է թողել։ Այս ամենը զուգակցվել է որոշակի դետալներով, որոնք մի ընդհանուր պատկեր են դառնում։ Այսինքն` կործանվել է ինքնաթիռ, միտումնավոր, ենթադրաբար այդ` ինքնաթիռին սպասել են, հետևել և խոցել։

Այսինքն` այն ամենը, ինչ ասում են թուրք իշխանությունները, ակնհայտորեն սուտ է, չափազանցություն։ Այնուամենայնիվ այս ֆոնին Թուրքիայի իշխանությունները նույնիսկ շարունակում են հրաժարվել ներողություն խնդրել, ավելին, պնդում են, որ նույնը կանեն ապագայում, եթե ռուսական ուժերը, իրենց իսկ պնդմամբ, կրկին հատեն թուրք-սիրիական սահմանը։

Մյուս կողմից` Թուրքիայի իշխանությունները, որոնք բախվել են ՌԴ կտրուկ դիրքորոշմանն այս հարցում, փորձում են այս իրավիճակում հաշտության ժեստերի դիմել, հայտարարություններ անել, թե իրենք չեն իմացել, որ ռուսական ինքնաթիռ են խոցում, որ իրենք հետաքրքրված են Ռուսաստանի հետ համատեղ «Իսլամական պետության» դեմ պայքարելու հարցում, և այլն, և այլն։ Այս հայտարարությունները քչերին են Ռուսաստանում բավարարում, քանի որ դրանց քչերն են վստահում։

Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների վերագնահատման փուլում է։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում, հատկապես` ԽՍՀՄ փլուզումից հետո, այդ հարաբերությունները զարգանում էին դրական ուղով, դրանք որոշակի առումով փոխշահավետ էին, ամեն դեպքում, Թուրքիայի համար ՌԴ-ի հետ համագործակցությունը հաստատապես եղել է ձեռնտու` սկսած 1990-ական թթ., երբ թուրքական լայն սպառման ապրանքներն ամբողջությամբ սկսեցին «ծածկել» ռուսական շուկան, ապա` ռուսական գազ, նախագծեր` ՌԴ գումարներով, ատոմային էլեկտրակայան Թուրքիայում։

– Ըստ Ձեզ` ինչի՞ց սկսվեց այս հակադրությունը։ Միայն Սիրիայի՞ց։

– Ինձ թվում է, որ բախումներն այս կամ այն ձևով անխուսափելի էին այն պահից սկսած, երբ Ռուսաստանը հանդես եկավ ի պաշտպանություն Սիրիայի ամբողջականության` ի հակադրություն Թուրքիայի` Ասադի ռեժիմի տապալման ցանկության։ Այս պահից սկսեցին լուրջ տարաձայնությունները, քանի որ Էրդողանի իշխանության ծրագրերում կար ազդեցության վերականգնում նախկին Օսմանյան կայսրության տարածքում, դա թուրքական նեոօսմանիզմն է։ Սկսվեց, իհարկե, Սիրիայում տարաձայնություններով, շարունակվեց այս տարվա ապրիլ ամսին Պուտինի ելույթից հետո և նրա ներկայությունից հետո Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, դա ևս շատ ցավագին ընդունվեց Էրդողանի իշխանության կողմից, որից հետո Թուրքիան անմիջապես փոխեց իր դիրքորոշումը Ղրիմի հարցում, այսինքն` հրապարակային կերպով սկսեց փոխել իր դիրքորոշումը, անցկացրեց Անկարայում ղրիմյան թաթարների Համաշխարհային կոնգրես, և այսպես շարունակ։

Այսինքն` երկու ռազմավարություններ են բախվում, որոնցից առաջինն ուղղված է ազդեցության վերականգնմանը, եթե ոչ` ամբողջությամբ տարածքների վերադարձին, ապա` գոնե ազդեցության վերականգնմանը։ Թուրքիան ձգտում է վերականգնել իր կայսրությունը, դառնալ տարածաշրջանային գերտերություն, իսլամական աշխարհի համար մեկ պետություն, և դրա համար, բնականաբար, պետք է նույնիսկ չեզոքացնի մրցակիցներին, ինչպիսին Իրանն է, այս փուլում` Սիրիան։

Սրանով Թուրքիան նաև նպատակ ունի ստանալ Սիրիայի, Իրաքի նավթային պաշարների նկատմամբ վերահսկողություն։ Սա բացառապես թուրքական ռազմավարություն է, այս ամենը հատվածականորեն Արևմուտքի հետ համաձայնեցված է, բայց Արևմուտքը մինչ այս պահը դրան մատների արանքով էր նայում` հուսալով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, վերջնարդյունքում` Թուրքիայի հետ համագործակցությունն անխուսափելի ու անհրաժեշտ է, որպեսզի այս տարածաշրջանում արևմտյան ուղղությունն իրացվի։

Ներկայումս իրավիճակը սրվել է, սրվել է այն պատճառով, որ Ռուսաստանը լուրջ պայքար է նախաձեռնել «Իսլամական պետության» դեմ, իսկ դա չէր մտնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ ԱՄՆ-ի ծրագրերի մեջ։ Թեև արևմտյան հանրային կարծիքը պահանջում է ահաբեկչության դեմ պայքար, արևմտյան ղեկավարները շատ են ներգրավված տարբեր գործարքների մեջ` ահաբեկչական կամ կիսաահաբեկչական խմբավորումների, Թուրքիայի հետ, որը խրախուսում է ահաբեկչությունը։ Միևնույն ժամանակ, Էրդողանը գիտակցաբար փոխում է Իսրայելի հետ հարաբերությունների բնույթը, որպեսզի դառնա իսլամական համար առաջին լիդերը։ Այս ամենը տեղավորվում է օսմանիզմի գաղափարախոսության մեջ։

Բայց Օսմանյան կայսրությունը 300 տարվա և միգուցե ավելիի ընթացքում եղել է պատմական թշնամի Ռուսաստանի համար` Կովկասում և Սևծովյան ավազանում։ Պարզ է, որ այս գործոնն ամբողջությամբ չէր գնահատվել մեր հանրային կարծիքի կողմից, և, թեև միշտ կային մարդիկ, այդ թվում` ես, ովքեր զգուշացնում էին այս մասին, կային ռուս-թուրքական հարաբերությունների շատ գովերգողներ, որոնք հիմնվում էին տնտեսական շահերի վրա` հաշվի չառնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունները։

Կարծում եմ, որ ներկայումս այս ամենը ջրի երես է դուրս եկել, չեմ կարծում, որ հետագա ռազմական լարվածություն է լինելու, քանի որ, իհարկե, Արևմուտքը ևս հետաքրքրված չէ նման լարվածությամբ, Թուրքիան ներկայումս ինչ էլ որ հայտարարի, պետք է զգույշ իրեն դրսևորի։ Համոզված եմ, որ հարձակումներ մեր ինքնաթիռների վրա չեն լինի, քանի որ, իրականում, Թուրքիան չստացավ Արևմուտքից այն աջակցությունը, որն ակնկալում էր։ Պաշտոնական աջակցություն, ինչպես մենք տեսանք, Թուրքիային ցույց տրվեց` հիշեք ամերիկյան, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները, բայց Թուրքիան ցանկանում էր ստանալ բուֆերային գոտի թուրք-սիրիական սահմանին, որտեղ թռիչքներ չեն իրականացվի։

Դա չստացավ, այնինչ դա այն գոտին էր, որտեղից Թուրքիան իր աջակցությունն էր ցույց տալիս ԻՊ-ին, այլ խմբավորումներին, նրանց ապահովում էր զինամթերքով և այլ անհրաժեշտ իրերով, ստանալով դրա դիմաց նավթ, գողացված թանկարժեք իրեր։ Այս ամենի շուրջ Էրդողանի հերքումները ստեր են։ Թուրքիան երկերեսանի կերպով փորձում էր իր նպատակներին հասնել, և այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Օլանդը մեկնեց Մոսկվա։

Իմ համոզմամբ, քանի որ Թուրքիան չստացավ աջակցություն, նա միգուցե որոշակի դերակատարություն ստանձնեց, որի հետ ԱՄՆ-ը համաձայն էր, ԱՄՆ-ը ակնհայտորեն ցանկանում էր այնպիսի մի բան, որը կկեղտոտեր Սիրիայում ռուսական օդային գործողությունը։ Ուստի այս հակամարտությունը զարգանալու է, քանի որ թուրքական կողմը շարունակում է սադրանքներով լի հռետորաբանությունը, իսկ ռուսական կողմն իրեն վիրավորված է զգում, և ինչ-ինչ միջադեպեր հնարավոր են, բայց հուսով եմ, որ ոչ այնքան բիրտ, որոնք մինչ այս եղել են։ Ամենակարևորն այն է, որ ռուս-թուրքական հետագա հարաբերությունները շատ ավելի պակաս էյֆորիկ կլինեն և շատ ավելի իրատեսական։ Մենք, ի վերջո, այս հարցում կհասկանանք, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը Ռուսաստանի համար վտանգ է ներկայացնում ոչ միայն` Սիրիայում, այլև` բոլոր այլ գոտիներում։

– Քանի որ խոսում եք այլ հակամարտ գոտիների մասին, հատկանշական է, որ երբ Ռուսաստանն օդային արշավ սկսեց Սիրիայում, թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային տարածքը մի քանի րոպեով, որը հայաստանյան փորձագիտական հանրությունը Ռուսաստանին ուղարկվող ազդանշան որակեց։ Չեք բացառում, որ կլինեն միջադեպեր Ռուսաստանի և Թուրքիայի միջև, բացառում եք ռազմական լայնածավալ լարվածությունը, սակայն միջադեպերը կարող են ծավալվել թույլ օղակների միջոցով, ինչպիսին Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարող է լինել Հայաստանը, որը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մեջ է, ավելին, իր տարածքում ունի ռուսական ռազմական ներկայություն, այսինքն` ավելի հարմար թիրախ է Թուրքիայի համար, քան բուն ռուսական ռմբակոծիչները Սիրիայում։

– Ես Հայաստանը թույլ օղակ չեմ կարծում, նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս։ Ռուսաստանը Հայաստանում զորքեր է պահում, Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին պաշտպանական զինտեխնիկա, նույնը` S-400-ը, որը Սիրիա է տեղափոխվել, կա նաև Հայաստանում։ Եթե ելնենք այն բանից, որ որպես քաղաքական գործիչ` Էրդողանը պետք է ճկուն կերպով արձագանքի առկա տրամադրություններին, սպառնալիքներին, ինձ թվում է, որ Թուրքիան պետք է Ադրբեջանին հորդորի չդիմել սադրանքների ԼՂ հակամարտության գոտում, կամ գոնե կտրուկ իջեցնի հրադադարի խախտումների ինտենսիվությունը, քանի որ իրականում իրավիճակը շատ լարված է ու կարող է պայթել, կարող է պայթել ոչ միայն` Սիրիայում, այլև` այլ տարածաշրջաններում, ուստի ինձ թվում է, որ ինչ-որ փուլում կարող է ձեռնտու լինել լռությունը։

Հնարավոր է` այս իրավիճակում Թուրքիայի ղեկավարությունն ընդհանրապես որոշի սրել իրավիճակը, Ռուսաստանին ստիպել ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինձ թվում է, որ մի շարք պատճառներով առաջին տարբերակն է ավելի հավանական, քան երկրորդը։

Հիշեցնեմ, որ թուրքական ինքնաթիռները լքել են սահմանային հատվածը, քանի որ մի քանի անգամ ընկել են S-400 ռադարների դիտակետում, որպեսզի չլարեն իրավիճակը, նրանք ներկայումս նահանջել են։ Կարծում եմ` այս շնչով էլ Թուրքիան այլ հարցերում է իրեն դրսևորելու։ Թուրքիան հետաքրքրված չէ ինչ-ինչ հավակնությունների «վերակենդանացմամբ»։ Թուրքիան դարձավ համարձակ այն պատճառով, երբ իրեն հաջողվեց 2015թ. իրականացնել շատ հաջողված «փախստականների գործողություն», նա փաստորեն կարողացավ այդ փախստականներին զանգվածաբար հանել իր տարածքից, չէ՞ որ այդ փախստականները Թուրքիայից Հունաստան և այլ եվրոպական երկրներ են մեկնում, սրան զուգահեռ` Թուրքիան մեծ գումարներ աշխատեց։

Սա համոզված պնդում եմ` դատելով ԵՄ այն որոշումներից, որոնց համաձայն` Թուրքիան 3 միլիարդ է ստանալու Թուրքիայում փախստականների հետ աշխատանքի համար։ Թուրքիան նույնիսկ ուռճացված է ներկայացնում փախստականների թիվը, որոնք կան Թուրքիայում, անվանում երեք միլիոն, այն դեպքում, երբ մեր տվյալներով` այնտեղ կա 700 հազար փախստական։ Այսինքն` Թուրքիան ունի իր առջև դրած խնդիրներ և իր աշխարհաքաղաքական խնդիրները, ուստի պետք է փորձի ուշադիր հետևել դրանց, որպեսզի դրանք էլ ավելի չսրվեն։

– Ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամային փուլում Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնել է Ադրբեջան և բանակցություններ վարել` անդրադառնալով նաև ԼՂ հակամարտությանը, վերահաստատելով Թուրքիայի դիրքորոշումը. «Թուրքիան կանի հնարավորն օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար»։ Սա ռուսական «Կոմերսանտը» Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ նոր ճակատի բացում է որակել։ Կարելի է հասկանալ` որպես հերթապահ հայտարարությո՞ւն, թե՞ ոչ պատահականություն։

– Բնականաբար, Բաքվում գտնվելով` Թուրքիայի ԱԳ նախարարը չէր կարող չվերահաստատել թուրքական դիրքորոշումը, որը թուրքական ստանդարտ է։ Բնականաբար, նա չէր կարող Բաքվում այս դիրքորոշումից ետ կանգնել։ Մյուս կողմից` գիտեք, որ Ադրբեջանը շտապեց Ռուսաստանին և Թուրքիային առաջարկել միջնորդական առաքելություն միջադեպից հետո։ Հասկանալի է, որ չնայած այս հայտարարություններին, ամենավատ ճանապարհը Թուրքիայի և Ադրբեջանի տեսանկյունից` ինչ-որ բանի հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների մեղմացման հարցում, դա օկուպացված տարածքների համար մղվող պայքարի թեմայի ակտիվացումն է, որի մասին խոսում է Չավուշօղլուն, դա ամենավատ տարբերակն է, ի դեպ, մի բան է` խոսել, մի բան է` գործել։ Ղարաբաղում ինչ-որ գործընթաց հրահրելը կնշանակի` վերացնել վստահության բոլոր թելերը։

– Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին ի՞նչ պետք է սպասել ԼՂ հակամարտությունում։

– Իրադարձությունների զարգացման երկու սցենար եմ տեսնում։ Առաջինը` ներկայիս լարվածության մակարդակը կպահպանվի, չեմ կարծում, որ կմեծանա, քանի որ դա կդիտարկվեր մարտահրավեր, բայց երևի թե կպահպանվի իր նախկին տեսքով։ Մյուս տարբերակը` մի շարք պատճառներով մի որոշ ժամանակ իրավիճակի մեղմացում կլինի, սադրանքների կրճատում, կրակոցների կրճատում։ Մենք այստեղ բախվում ենք արևելյան մտածելակերպի, բախվում ենք մարդկանց հետ, որոնք ինչ-որ քայլ անելուց հետո փորձում են թաքցնել իրենց մտադրությունները, փորձում են դրանց այլ տեսք տալ` դրանով իսկ հավելյալ փաստեր ավելացնելով այն համոզմունքին, որ նրանք ի սկզբանե երկակի խաղ են վարում այս հարցում։

Տեսանյութեր

Լրահոս