«Սահմանադրական բարեփոխումներում կա ինչ-որ բան, որ իմ սրտով չէ, բայց ես դա ձեզ չեմ ասի». ՀՀԿ-ական պատգամավոր

Սահմանադրական բարեփոխումների գործընթացում աննախադեպ բաց և բուռն քննարկումներն են, որը նախկինում որևէ փաստաթղթի դեպքում չի եղել: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ըստ որի` սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը շահեկանորեն տարբերվում է գործող Սահմանադրությունից:

Նա նշեց, որ կլինի ժողովրդավրության բարձրացում, քաղաքացիական հասարակության ներգրավում կառավարման համակարգում, ինչպես նաև՝ ընդդիմության դերի մեծացում, ինչը, ըստ Գ. Մինասյանի, շատ կարևոր է: ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ գործող համակարգը թույլ չի տալիս անցնցում իշխանափոխություն իրականացնել, իսկ նոր համակարգը նպաստում է անցնցում իշխանափոխությանը:

Լրագրողներից մեկը նկատեց, թե արդեն խոսակցություններ կան, որ տարբեր մարզերում վարչական լծակեր են կիրառվում, ու մարդկանց փորձում են համոզել, որպեսզի «այո» ասեն սահմանադրության նախագծին: Ի պատասխան Գ. Մինասյանն ասաց՝ եթե  դա արվում է օրենքի շրջանակներում, ողջունելի է. «Ես էլ եմ ձեզ համոզում, որ դուք «այո» ասեք, յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է իր դիրքորոշումը հայտնել, եթե նա որևէ օրենք չի խախտում: Եթե այդ քննարկումները և համոզելը մնում է օրենքի շրջանակներում, դա շատ ողջունելի է և դրական, եթե՝ ոչ, բոլորս պետք է պայքարենք դրա դեմ»:

Հարցին՝ կա՞ ինչ-որ բան այս նոր սահմանադրության մեջ, որը Ձեր սրտով չէ,  Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Կա ինչ-որ բան, որ իմ սրտով չէ, բայց ես դա ձեզ չեմ ասի: Կան մի քանի դրույթներ, որ լավ կլիներ, որ ավելի շեշտադրված լիներ»:

Այնուամենայնիվ, Գ. Մինասյանը նշեց, որ  կուզեր հայրենադարձության վերաբերյալ դրույթներն ավելի շեշտված լինեին, քանի որ մենք ժողվուրդ ենք, որը մեծ Սփյուռք ունի արտերկրում:

Լրագրողներից մեկի հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ «ոչ»-ի ճակատին կհաջողվի սահմանադրության հանրաքվեն հեղափոխության վերածել, Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան խոհեմ է, որ թույլ չի տա հանրաքվեն վերածել ոչ կառուցողական գործընթացի»:

Տեսանյութեր

Լրահոս