Հայաստանը համաշխարհային ահաբեկչական տագնապի էպիկենտրոնում չէ, բայց շատ մոտ է դրան
Մեր զրուցակիցն է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը
– Տիկին Չոբոյան, Ֆրանսիայի իշխանությունները ջանում են հաղթահարել երկրին պատուհասած ահաբեկչության հետևանքները` խոսելով նոր քաղաքականության մասին։ Նախագահ Օլանդը Կոնգրեսի առջև ներկայացրեց իր առաջիկա անելիքները` տեղեկացնելով, որ բանակցություններ է վարելու Պուտինի և Օբամայի հետ։ Դատելով ահաբեկչությանը հաջորդած ելույթներից, ըստ Ձեզ, Ֆրանսիայի իշխանությունները, արևմտյան առաջնորդները գիտակցե՞լ են այն սխալները, որոնց հետևանքով Ֆրանսիան այս տարի արդեն երկրորդ անգամ դարձավ ահաբեկչության թիրախ։
– Չեմ կարող ընդհանրական ասել, թե Արևմուտքը գիտակցել է իր սխալները։ Կարելի է խոսել քաղաքական ուժերի, հասարակության մեջ լսվող որոշ ձայների մասին։ Տարիներ ի վեր ասվել է, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը սխալ ընթացքի մեջ է։ Խոսքն այն ռազմական միջամտությունների մասին է, որոնք եղան ԱՄՆ-ի կողմից` Իրաքում, ապա Ֆրանսիայի կողմից` Լիբիայում և Սիրիայում, իբրև թե միջինարևելյան շարժումներին աջակցելու քաղաքականությունը` այսպես կոչված, ընդդիմադիրներին տրվող աջակցությունը` ռազմական օգնությունը, որն անմիջապես իսլամականների ձեռքերում է։
Ֆրանսիայի միջինարևելյան արտաքին քաղաքականությունը պետք է շատ ավելի յուրահատուկ լինի, բայց Ֆրանսիան նախընտրեց հետևել ամերիկյան քաղաքականությանը։ Ֆրանսիայում առնվազն, Եվրոպայում չեմ կարող ասել, մարդիկ ձայներ են բարձրացնում, և այսօր փոքր-ինչ ավելի հստակ են դառնում այդ բողոքներն այն մասին, որ Ֆրանսիան պետք է առանձնահատուկ քաղաքականություն վարի արաբական երկրների հանդեպ և չպետք է կառչած լինի ամերիկյան քաղաքականությանը, որն այդքան վտանգի տակ չի դնում ԱՄՆ-ը, որքան Եվրոպային։
– Փաստորեն, արևմտյան կոալիցիայի ամենաթույլ օղակը Ֆրանսիա՞ն էր։ Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց Ֆրանսիան դարձավ «Իսլամական պետության» թիրախը։
– Չեմ կարծում, որ Ֆրանսիան ամենաթույլ օղակն էր։ Պարզապես, ըստ իս, Ֆրանսիան թիրախ դարձավ տարբեր պատճառներով։ Առաջին պատճառն այն է, որ Ֆրանսիան շատ ավելի ակտիվ քաղաքականություն սկսեց վարել Միջին Արևելքում վերջին տարիներին։ Իրաքից հետո Ֆրանսիան դարձավ առաջնորդող երկիր` Լիբիայի, Սիրիայի պատերազմներում իբրև թե ընդդիմադիրներին աջակցելով, որոնց շարքում էին նաև իսլամականները, որոնք, սակայն, չափավոր էին ընկալվում Ֆրանսիայի կառավարության կողմից։ Ֆրանսիան շատ ավելի ակտիվ դերակատարություն ունեցավ Միջին Արևելքի փոփոխություններում, և կարծում եմ, որ պատճառը սա է, որ Ֆրանսիան թիրախ դարձավ։
Երկիրը ահաբեկչության ենթարկվեց ոչ թե` որովհետև ավելի թույլ օղակ էր Եվրոպայում։ Ֆրանսիան այս երկրներից, թերևս, ամենաուժեղն է` ռազմական, անվտանգության տեսանկյունից։ Այս ամենին զուգահեռ` ունի իր թերությունները, և պետք է նաև ամբողջական անվտանգություն ապահովել, քանի որ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ նման անվտանգություն գոյություն չունի։ Ֆրանսիան օրենքի երկիր է, կան ազատություններ, շատ օրենքներ, որոնք արգելում են ահաբեկչության դեմ պայքարի զանազան ձևեր։ Այս օրենքներն են, որ պետք է փոխվեն առնվազն ժամանակավորապես։
Երկրում հայտարարված արտակարգ դրությունը կամ պետք է երկարաձգվի, կամ էլ օրենքով սահմանվի, որովհետև հնարավոր չէ մեկ ամիս, երկու ամիս արտակարգ դրություն հայտարարել, որից հետո բնականոն վիճակի անցնել, երբ գիտենք, որ այս սպառնալիքը չեզոքացած չէ, և երկիրը պետք է իր օրենքները, կենցաղի որոշ բաղադրիչները փոխի, հարմարեցնի անվտանգության նոր իրավիճակին և սպառնալիքներին։
– Իսկ ի՞նչ կասեք արտաքին քաղաքականության մասին։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության վերանայման կարիք կա, և հայտնի է արդեն, որ Օլանդը բանակցություններ է վարելու Պուտինի և Օբամայի հետ։ Ի՞նչը պետք է լինի նոր քաղաքականության մեխը։ Տեսակետներ կան, որ բարձր է իրավիճակով պայմանավորված սխալների վտանգը։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի իրավիճակային սխալներ չլինեն։
– Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը պետք է վերանայվի։ Ֆրանսիայում վերջին նախագահը, որը յուրահատուկ քաղաքականություն մշակեց, Ժակ Շիրակն էր։ Նա Միջին Արևելքի հետ իր հարաբերություններում ճիշտ մոտեցումներ էր մշակել։ Իրաքի պատերազմից հետո քիմիական զենքերի օգտագործման կասկածներ կային, և ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում Քոլին Փաուելը մի սրվակ ցույց տվեց` ասելով, որ փաստ ունեն, թե քիմիական զենքեր կան Իրաքում, Ֆրանսիայի ԱԳ նախարարը շատ երկարաշունչ ճառով հերքեց դրանից ենթադրվող ռազմական միջամտության անհրաժեշտությունը` ասելով, որ Ֆրանսիան ցանկանում է քաղաքական միջոցներով լուծել խնդիրը, և ոչ` ռազմական։
Վերջին անգամն էր, որ Ֆրանսիայում արտաքին քաղաքականությանը վերաբերող նման յուրահատուկ արտահայտություն եղավ, և Ֆրանսիայի կեցվածքն այդ ժամանակ շատ ավելի առողջ էր միջինարևելյան տագնապի հանդեպ։ Սրանից հետո Սարկոզին` Լիբիայի պարագայում, Օլանդը` Սիրիայի, բոլորովին կախված քաղաքականություն մշակեցին, ԱՄՆ-ից կախված։ Այնպես որ, Ֆրանսիան յուրահատուկ քաղաքականություն պետք է ունենա։ Եվրոպայում, դժբախտաբար, Ռուսաստանի հանդեպ շատ ավելի մեծ մտահոգություն կա, շատ ավելի մեծ թշնամություն, քան, օրինակ, Թուրքիայի հանդեպ։
Սիրիայի պարագայում իշխանությունները, անվտանգության ուժերը, մտավորականությունը, մամուլը շատ լավ գիտեն, թե ինչ դերակատարություն ունի Թուրքիան «Իսլամական պետության» զարգացման հարցում։ Բայց այն թշնամությունը, որը տարածվում է հասարակության շրջանում Ռուսաստանի հանդեպ, չկա Թուրքիայի հանդեպ։
Շատերը բարձրաձայնում են այս խնդրի մասին։ Հակառակ այս բանի` այս շաբաթ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կրկին հաստատեցին, որ Թուրքիայի հետ պետք է համագործակցեն ԻՊ-ի դեմ պայքարում, հստակ իմանալով, որ թուրքերն «Իսլամական պետության» դեմ պայքարելու կամք չունեն։ Անթալիայում տեղի ունեցող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի վերջում իրենց տված գնահատականն անհասկանալի էր։ Թուրքիայի նախագահ Էրդողանի պնդմամբ, բանաձևը, որն ընդունվեց, խոսում է ահաբեկչական շարժումների, և ոչ` ԻՊ-ի մասին։ Այնպես որ, երկար ճանապարհ կա անցնելու։ Եվրոպայի և Ֆրանսիայի միջինարևելյան քաղաքականությունը ճիշտ ճանապարհի վրա պետք է դրվի, քանի որ գոյություն ունեն տաբուներ, որ Թուրքիային չի կարելի «կպնել», քանի որ կարևոր երկիր է, Ռուսաստանը թշնամի է, քանի որ Պուտինը բռնապետ է և այլն։
Ճիշտ է, կարևոր է Պուտինի հետ քայլերը համաձայնեցնելը, կարևոր է բանակցությունների սեղանին նստեցնել Իրանի ներկայացուցիչներին, բայց Թուրքիայի հանդեպ Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքականությունն անընդունելի է։ Կարծում եմ անձնապես, որ մեկ այլ քայլ առաջ ենք գնացել Պուտինի հետ համագործակցելու որոշմամբ, բայց երկրորդ քայլը ևս կա` Թուրքիայի նկատմամբ այնպիսի ճնշում պետք է բանեցնել, որ Թուրքիան չհամարձակվի այլևս այս երկերեսանի խաղը շարունակել։
– Տիկին Չոբոյան, հարավկովկասյան տարածաշրջանում ևս իրավիճակը բարդ է, Հայաստանում` առավել ևս։ Ակտիվ փուլում են հակամարտությունները, այդ թվում` ԼՂ հակամարտությունը, փակ են մնում սահմանները Թուրքիայի հետ, կա ԻՊ-ի սպառնալիքը ևս։ Ըստ Ձեզ` Հայաստանը որքանո՞վ պետք է զգուշանա և ի՞նչ միջոցներ ձեռնարկի, որպեսզի այս սպառնալիքը չհասնի Հայաստան։ Շատ փորձագետներ խոսում են այս հնարավորության մասին։ Դուք տեսնո՞ւմ եք նման սպառնալիք Հայաստանի համար։
– Իհարկե, Հայաստանը համաշխարհային ահաբեկչական տագնապի էպիկենտրոնում չէ, բայց շատ մոտ է դրան` մի քանի հարյուր կիլոմետր։ Հայաստանի անվտանգության համար կարևոր է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականությունը հսկա քայլով առաջ ընթանա ու զարգանա։ Այսինքն` շատ մեծ ցատկ պետք է կատարվի ՀՀ արտաքին քաղաքականությունում։ Հայաստանը պետք է շատ ավելի մեծ ներկայություն ունենա միջազգային հարթակներում։
Այսօր ԱԳ նախարարությունը գործում է շատ թույլ միջոցներով։ Ես քաղաքական ուղղվածության մասին չեմ խոսում, քանի որ, հասկանալի է, որ գուցե շատ մեծ ընտրության հնարավորություն չկա, բայց պետք է իր ներկայությունը քաղաքական հարթակներում լսելի դարձնի։ Օրինակ` երբ Սիրիայի շուրջ միջազգային բանակցություններ են կազմակերպվում, Հայաստանն անպայման պետք է ներկա լինի բանակցություններին` առաջարկներով հանդես գալով։ Սա շատ ավելի կարևոր է, Հայաստանը պետք է բուռն ներկայություն ունենա, ինչի մասին այսօր հնարավոր չէ խոսել այն միջոցներով, որով ԱԳ նախարարությունն է առաջնորդվում։
– Ավելի բարձր ակտիվության անհրաժեշտությո՞ւն եք տեսնում։
– Այո, Հայաստանը պետք է դերակատարություն ստանձնի, ոչ միայն հարաբերություններ ունենա։ Դերակատարություն ստանձնի, առաջարկություններ անի և ինքնին անշրջանցելի դարձնի Հայաստանը միջազգային զարգացումներից։ Իհարկե, այս առումով մեծ ճանապարհ ունի անցնելու հայաստանյան դիվանագիտությունը։