««Խորհրդի նպատակն այն է, որ հայ սպառողին հասանելի դառնան ավելի շատ ամերիկյան ապրանքներ, լինի լայն ընտրանի և ավելի շատ մրցակցություն». Ռիչարդ Միլս

Այս շաբաթ Երևանում տեղի կունենա Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը: Այս պատմական հանդիպմանը կհաջորդի Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ամենամյա նիստը Երևանում:

«Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ձևավորվել է 1999թ.: Այս ձևաչափում տարեկան կտրվածքով անցկացվում են հանդիպումներ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձր մակարդակի պատվիրակությունների միջև, ինչը հնարավորություն է տալիս քննության առնել մեր տնտեսական կապերի խորացման, Հայաստանում շուկայական բարեփոխումները առաջ տանելու ուղիները և այն, թե ինչպես մենք՝ որպես ԱՄՆ կառավարություն կարող ենք լավագույնս օգտագործել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հեռանկարային տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և մեր երկու երկրների միջև առևտրի խթանմանը նպաստելու համար, – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, – բացի այդ, այս տարի մայիսին մեր երկու երկրները ստորագրեցին Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագիր, որի ներքո ձևավորվեց Առևտրի ու ներդրումներ հայ-ամերիկյան խորհուրդը: Նորաստեղծ այս խորհուրդը կոչված է խորությամբ ու ամենայն մանրամասնությամբ քննության առնել հենց առևտրային հարաբերություններին վերաբերող հարցերը և այն հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են հայ գործարարներին ԱՄՆ-ում առևտուր ու ներդրումներ կատարելու հարցում և ամերիկացի գործարարներին՝ Հայաստանում»:

Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին և կտևի մեկ ամբողջ օր, երկու կողմերի փորձագետները քննության կառնեն հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մտավոր սեփականության իրավունք, մաքսային ձևակերպումներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական միջոցներ, ներդրումների խթանում, մասնավոր հատվածի մասնակցություն, պետական գնումներ, Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագիր և բնապահպանական ու աշխատանքին առնչվող հարցեր:

«Այս շաբաթ Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստին կմասնակցեն ԱՄՆ և ՀՀ կառավարությունների ներկայացուցիչներ, ովքեր քննության կառնեն այնպիսի հարցեր, որոնք, ուշադրության բացակայության պարագայում, կարող են խոչընդոտել մեր երկու երկրների միջև առևտրին, – ասաց դեսպան Միլսը, – գաղափարն այն է, որ վերհանվեն առևտրին առնչվող խիստ տեխնիկական հարցեր և ապա երկու երկրները ձեռնամուխ լինեն այդ խնդիրների լուծմանը և այդ կերպ նպաստեն ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև առևտրային ու գործարար կապերի ամրապնդմանը: Այս ամենի և, մասնավորապես Խորհրդի նպատակն այն է, որ հայ սպառողին հասանելի դառնան ավելի շատ ամերիկյան ապրանքներ, լինի լայն ընտրանի և ավելի շատ մրցակցություն: Սա նաև նշանակում է, որ հայ արտահանողների, հայ գործարարների համար ավելի դյուրին կդառնա մուտքը դեպի ԱՄՆ շուկա: Իսկ դրա արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր այստեղ՝ Հայաստանում, և դա կօգնի Հայաստանի տնտեսությանը և Հայաստանի շարքային քաղաքացուն»:

Նոյեմբերի 19-ին Երևանում տեղի կունենա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստը, որտեղ քննության կառնվեն մեր երկու երկրների համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

«Նորաստեղծ Առևտրի և ներդրումների խորհուրդը կգործի որպես հարթակ, որտեղ քննության են առնվում առևտրին առնչվող խիստ կոնկրետ ու խիստ տեխնիկական հարցադրումներ, մինչդեռ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի շրջանակում ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում դիտարկվում են երկկողմ տնտեսական հարաբերությունների լայն համապատկերին առնչվող այնպիսի հարցեր, որոնք կարող են անդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա ներկայումս և ապագայում, այնպիսի հարցեր, ինչիպիսիք են Հայաստանի հարկային բարեփոխումները, հակակոռուպցիոն աշխատանքները, ատոմային էներգետիկայի ու ընդհանուր էներգետիկ ոլորտի հետագա ռազմավարությունը:

Ինչպես անցյալ շաբաթ հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատում իմ ունեցած ելույթում ես նշեցի, որպես ԱՄՆ դեսպան իմ առաջին գերակա ուղղությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն ու բիզնես կապերի աշխուժացումն է: Կարծում եմ, որ Առևտրի ու ներդրումների խորհրդին և Միջկառավարական աշխատանքային խմբին շատ կարևոր դերակատարում է վերապահված մեր երկու երկրների հարաբերությունների այս շրջանում, երբ անցում է կատարվում հիմնականում աջակցության ծրագրերի վրա հիմնված հարաբերություններից դեպի փոխադարձաբար խիստ շահավետ առևտրատնտեսական գործընկերության », – ասաց դեսպան Միլսը:

Տեսանյութեր

Լրահոս