«Սահմանադրական բարեփոխումների գործընթացն ափալ-թափալ չէր». Հովհաննես Սահակյան

«Այսօր մեր հանրությունը քննարկում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը. իմիտացիոն կանվանեք կամ չգիտեմ՝ ինչ, բայց այսօր օբյեկտիվորեն մենք խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով ասուլիսին ներկա մեկ այլ բանախոսի՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի այն կարծիքին, որ այս գործընթացը շատ «ափալ-թափալ» եղավ, Հ. Սահակյանը նկատեց, որ գործընթացը սկսվել է դեռևս 2013 թվականից. «Եթե կան քաղաքական գործիչներ կամ ուժեր, որոնք միայն վերջերս են սկսել հետաքրքրվել սահմանադրական բարեփոխումներով, դա իրենց խնդիրն է: Երբ հայեցակարգը հրապարակվել է, տասը մարզերով շրջել ենք, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները ներկայացրել են հայեցակարգը, այնուհետև հանձնաժողովը կազմակերպել է աննախադեպ լսումներ ԱԺ-ում, որին ներկա են եղել 50-ից ավելի կազմակերպություններ»:

Նա նշեց, որ այն նախագիծը, որը մուտք է գործել ԱԺ և դրվել է քվեարկության, էապես տարբերվում է հայեցակարգից. «Այդ փոփոխությունները տեղի են ունեցել քաղաքական ուժերի առաջարկների, հանրության կողմից հնչեցված այլ առաջարկների միջոցով: Այնպես որ, ափալ-թափալ չէր: Վերջին շրջանում ինձ մոտ տպավորություն է, որ «Ոչ»-ի ճակատը գովում է ներկայիս գործող Սահմանադրությունը»:

Ա. Սեդրակյանն էլ նշեց, որ եթե «ոչ» են ասում այս գործընթացին, չի նշանակում՝ պաշտպանում են հին Սահմանադրությունը. «Այն, որ, եթե դու սիրում ես, ասենք, Պողոսին, նշանակում է՝ չես սիրում Պետրոսին, դա քաղաքական գործառնությունների մեջ չի մտնում»:

Տեսանյութեր

Լրահոս