«Չի բացառվում՝ վաղը մեզ հայտարարեն, որ պարտավոր ենք լինել ռուսական գերտերության մաս»

«Այս ամբողջ գործընթացը շտապողականություն է, դրա մեջ կա ափալ-թափալության գործոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ա. Սեդրակյանի կարծիքով՝ փորձում են ցույց տալ հանրությանը, հատկապես՝ միջազգային հանրությանը, որ Հայաստանում այդ գործընթացը շատ թափանցիկ է ընթանում. «Գործընթացը կարող է թափանցիկ լինել, բայց նպատակը կարող է շատ գաղտնի լինել: Այն, որ գործընթացի թափանցիկությունը չի կարող արդարացնել նպատակի անորոշությունն ու գաղտնիությունը, դա բավականաչափ պարզ միտում է»:

Ա. Սեդրակյանի խոսքով՝ եթե հիմա մեզ այսպես կարող են տանել-մտցնել ԵՏՄ, չի բացառվում այն, որ վաղը կամ մյուս օրը մեզ հայտարարեն, որ պարտավոր ենք լինել ռուսական գերտերության մաս:

«Եթե Սահմանադրության մեջ հնարավոր լիներ կուսակցությունների անցման համար ամրագրել մի տոկոսանոց շեմ, ապա վստահ եմ, որ բազմաթիվ երիտասարդական շարժումներ, օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանը», կանցնեին պառլամենտ՝ ունենալով մեկ-մեկ ներկայացուցիչ: Ժողովրդավարությունը պետք է հավաքել պատառիկներից և բեկորներից, այսինքն՝ հատ-հատ մարդիկ բերել խորհրդարան»,- նշեց Ա. Սեդրակյանը՝ ըստ որի՝ կուսակցական համակարգը չի կարող աշխատել Հայաստանում:

Նրա խոսքով՝ կուսակցական համակարգ ունենալու համար պետք է ունենալ կուսակցության գաղափարական թրենդին նվիրված մեծամասնություն. «Երբ մենք խոսում ենք ուղղակի իշխանության մոնոպոլիայով միավորված մարդկանց մասին, դա չի կարող համարվել քաղաքական միության գաղափարական հիմք ու չի կարող ծնունդ տալ իրական քաղաքական գործընթացներին»:

Տեսանյութեր

Լրահոս