«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, կալանավորները հերքել են իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները. Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախաձեռնությամբ, արձագանքելով 2015թ. հոկտեմբերի 23-ին «asekose.am» էլեկտրոնային կայքի՝ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի ենթարկվող դատապարտյալները հրդեհ են բռնկել» վերտառությամբ հոդվածի հրապարակմանը, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի մասնագետները ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, 2015 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 18.00-ի սահմաններում, խուզարկություններ են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասնաշենքերից մեկի 3-րդ հարկում գտնվող մի շարք խցերում: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր և առարկաներ, ինչի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Խուզարկություններ են կատարվել նաև ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքի առաջին հարկում գտնվող պատժախցերում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել խուզարկություն իրականացնող անձինք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, կալանավորներ, ովքեր հերքել են իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները, ինչպես նաև, որ անհնազանդության, բռնության կոչեր չեն հնչել, և հայտնել են, որ որևէ մեկի նկատմամբ ֆիզիկական ուժ չի գործադրվել:
Միաժամանակ, կատարվել են համապատասխան զննումներ և պատժախցերում գտնվող անձանց մոտ որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, մարմնական վնասվածք ստանալու կապակցությամբ գանգատներ չեն ներկայացվել:
ՀՀ դատախազություն