Վրաստանի ու Հայաստանի քաղաքացիներն այսուհետ Իրանի օդանավակայաններում կստանան 30-օրյա այցագրեր
Վրաստանի քաղաքացիներն Իրանի օդանավակայաններում կկարողանան ստանալ այցագիր՝ նախատեսված 30 օրվա համար, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իշխանությունների որոշմամբ՝ դյուրացված այցագրային ռեժիմի շրջանակում օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան երկարեցնել իրենց 30-օրյա այցագիրը ևս 15 օրով:
Մինչ օրս գործող կաններով՝ օտարերկրացիները կարող էին ստանալ միայն երկշաբաթյա այցագիր:
Վրաստանից բացի՝ այցագրային ռեժիմի դյուրացված գործընթացից կօգտվեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Արևմուտքի երկրների ու ասիական տարածաշրջանի, ինչպես նաև Պաղեստինի, Հարավային ու Հյուսիսային Կորեաների, Հնդկաստանի ու Բրազիլիայի բնակիչները:
Նոր կանոնները չեն վերաբերի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հորդանանի, Իրաքի, Բանգլադեշի, Աֆղանստանի, Պակիստանի քաղաքացիներին:
Նրանք նախկինի պես այցագիր պետք է ստանան Իրանի դիվանագիտական գերատեսչություններում:
Այցագրային նոր կանոնները չեն վերաբերի դիվանագիտական անձնագրերով անձանց, գործարարներին ու լրագրողներին:
Իրանի կառավարությունում հայտարարում են, որ ցանկանում են ավելացնել զբոսաշրջության մասնաբաժինը երկրում՝ 5-6%-ից դարձնելով մինչև 10%: