Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմական համագործակցության ոլորտի հարցեր են քննարկել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական կցորդ, գնդապետ Վլադիմիր Չեռնենկոյի հետ, ում Ադրբեջանում մնալու ժամկետն ավարտվում է, հայտնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախարարության մամլո ծառայությանը:
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ռազմական, ռազմա-տեխնիկական, ռազմական ուսուցման ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ, նշվել է, որ տարածաշրջանի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանական բանակը ռուսական արտադրության ժամանակակից զենքով համալրելու հարցը, քննարկվել են նաև այդ ոլորտում երկու պետությունների փոխըմբռնման ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների համատեղ ռազմական զորավարժություններին, փոխադարձ այցերի կազմակերպմանը, գործարար հանդիպումներին, Ռուսաստանի ռազմական դպրոցներում կուրսանտների ու մասնագետների պատրաստմանը։