Հաստատվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը

Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ ռազմավարության ուղղություններ են հաստատվել առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության կողմից ծառայությունների մատուցման ոլորտները:

Ըստ ռազմավարության նախագծի՝ վերջին տասնհինգ տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը ճանաչել և հռչակել է իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը: «Դեռևս նախորդ տասնամյակի սկզբներին ՀՀ կառավարությունն ամբողջականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը, օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմնական շրջանակները: Մասնավորապես, 2003թ. նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարության թիվ 1522-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների 2003-2007թթ. ծրագիրը, որը սահմանում էր կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը: Սույն ռազմավարությունը միտված էր կոռուպցիայի հաղթահարմանը, այն ծնող և տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը»,- նշված է նախագծում:

Որպես ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թթ. արդյունքներ նշվում է կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների իրականացումը, նոր ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը` կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության լայն մասնակցությունը և հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի դերը:

Որպես թերացումներ նշվում է, որ ռազմավարության միջոցառումների ծրագիրն ամրագրել էր գերատեսչական (ոլորտային) հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման քաղաքականություն, որը, սակայն, ամբողջությամբ չի ապահովվել պետական մարմինների կողմից: Միայն առանձին դեպքերում են ընդունվել կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ոլորտային ծրագրեր կամ այլ փաստաթղթեր, ծրագրով նախատեսված մի շարք հակակոռուպցիոն օրենքների ընդունումը չի ապահովվել, ինչը միջոցառումների թերի պլանավորման հետևանք է:

Տեսանյութեր

Լրահոս